261 համարի «վտանգը»

261 համարի «վտանգը»

Երբ նոր տարվա շեմին քաղաքապետարանը գերթանկարժեք տոնածառ էր ձեռքբերում, քննադատություններին զուգահեռ հնչեցին բազմաթիվ արդարացնող տեսակետներ և շեշտը դրվեց մեր քաղաքի գեղեցիկ տեսքի վրա։ Երբ հերթը հասավ պետական մարմիններում շռայլորեն տրված պարգևավճարներին` դրա արդարացումն էլ գտան. «Եթե օրենքը թույլ է տալիս եւ եթե որեւէ արգելք չի սահմանում, կարելի է», այսինքն այս պարագայում օրենքի խախտում չկա։ Այնուհետև որոշվեց, որ մեր քաղաքի գեղեցկության վերականգնումը պետք է սկսել հենց Օպերայի տարածքից, անտեսելով կենտրոնում գտնվող անխնամ Կոմայգին եւ այլ խնդիրներ սկսվեց սրճարանների ապամոնտաժումը։ 

Բայց իշխանությունն անտեսել է մի հույժ կարեւոր եւ հրատապ խնդիր՝ հասարակական տրանսպորտը։ Գերթանկարժեք տոնածառը, պարգևատրումները, սրճարանների ապամոնտաժման ծախսերը, ... կարծես ավելի գերակա են, քան առավոտյան քնաթաթախ,  կիսապառկած դիրքով, իրենց կյանքը վտանգելով աշխատանքի շտապող, աշխատավարձի հույսին ապրող և հետևաբար ամենօրյա տաքսի ծառայությունն իրենց գրպանի հետ չզուգորդող ուղևորները։
Աբովյանից Երևան եկող 259 համարի միջմարզային ավտոբուսը, արդեն 5 ամիս է 45 աստիճան թեքությամբ է մարդկանց տեղափոխում, քանզի մարդիկ իրենց աշխատանքը չկորցնելու համար օգտվում են՝ չունենալով այլ տարբերակ։ 259 համարի ավտոբուսի կողքով ընթանալիս անգամ մարմնովդ սարսուռ է անցնում՝ տպավորությունն այնպիսին է, որ ուր որ է ավտոբուսը շուռ կգա կողքի ավտոմեքենայի վրա։ 

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում հստակեցված է, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող պահանջներին: Իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքը սահմանում է, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսները պետք է ուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ տեխնիկական զննություն անցնեն: Իսկ երբ է վերջին անգամ տեխնիկական զննություն անցել 259 համարի ավտոբուսը: Այս օրենքները տասնամյակներ շարունակ մնում են թղթի վրա։ 

 Նարա Մարտիրոսյան