Վահանի ձեռքը մնում է օդո՞ւմ

Վահանի ձեռքը մնում է օդո՞ւմ

Մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում տարածված է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության փաստացի առաջնորդ Վահան Բադասյանի հայտարարությունը, որտեղ նա կոշտ քննադատության է ենթարկել ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին այն բանի համար, որ վերջինս հարցազրույցներից մեկում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին անվանել է «ահաբեկիչներ» եւ ավելացրել, թե նրանք, ովքեր Արցախը ճանաչում են Հայաստանի մարզ, իրավունք չունեն հատելու սահմանը եւ մուտք գործելու Արցախ: Վահան Բադասյանը դա համարում է ազգային միասնության խարխլմանն ուղղված քայլ եւ, չնայած «Սասնա ծռերի» հետ ունեցած ծրագրային որոշ տարբերություններին, իր ձեռքն է պարզում նրանց՝ առաջարկելով համատեղել ջանքերը՝ միասնական հայրենիք կերտելու նպատակով:

Վահան Բադասյանը հատկապես ընդգծում է «Սանսա ծռեր» կուսակցության առաջնորդների հետ անցած համատեղ ճանապարհը եւ կատարյալ աջակցություն հայտնում մարտական ընկեր Ժիրայր Սեֆիլյանին: Այս հայտարարությունից, ինչպես ասվեց, բավականին ժամանակ է անցել, բայց ո՛չ «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարությունից, ո՛չ կառույցի ստեփանակերտյան գրասենյակից դեռեւս արձագանք չի հնչել:

Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Վահան Բադասյանի պարզած ձեռքը մնում է օդում, եւ «Սասնա ծռերը» նրա քաղաքական կամ զուտ անհատական-մարդկային աջակցության կարիքը չունեն: Թվում է, Արցախում հանրային որեւէ լուրջ հենարան եւ օժանդակություն չունենալով՝ «Սասնա ծռերը» պետք է որ շահագրգռված լինեին Վահան Բադասյանի եւ նրա գլխավորած խմբավորման հետ համագործակցության կամ առնվազն «ժամացույցներ ճշտելու» հեռանկարով: Մինչդեռ հակառակ պատկերի ենք ականատես, մի հանգամանք, որը մղում է ենթադրությունների: Մասնավորապես, տպավորություն է, որ «Սասնա ծռերն» ընտրել են Արցախում ոչ հրապարակային, ոչ թափանցիկ գործունեություն ծավալելու ճանապարհը եւ նախընտրում են, այսպես ասած, ընդհատակյա-հեղափոխական տարբերակը՝ փորձելով շեշտը դնել ոչ այնքան քաղաքական, որքան կոնսպիրատիվ նպատակների վրա: Ի՞նչ են նրանք կանխածրագրում: Մի՞թե ֆորսմաժորային որեւէ գործողություն:

Այլ եզրահանգման տեղ, դժբախտաբար, չի մնում: Հակառակ պարագայում նրանք ինչո՞ւ չեն ընդունում ջանքերը համատեղելու եւ հրապարակային քաղաքական գործունեություն ծավալելու մասին Վահան Բադասյանի առաջարկությունը: Առհասարակ, Արցախի ներքաղաքական կյանքում զգացվում է «խրամատային դիրքավորման» շունչը: Միայն «Ազատ հայրենիք» կուսակցությունն է, որ իր առաջնորդի հրապարակային հանդիպումներով, հարցազրույցներով եւ մեկնաբանություններով, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցության անդամների ելույթներով մատնանշում է Արցախի ապագայի տեսլականը եւ այդ միջոցով գնում հանրային որոշակի կոնսոլիդացման: Մյուսներն առայժմ չեն բացահայտում իրենց ծրագրերը, իսկ «Սասնա ծռերն» առհասարակ խուսափում են քննարկումներից եւ բանավեճերից, հանգամանք, որ գնալով ընդունում է անհանգստացնող բնույթ: Ի՞նչ են մտմտում «Սասնա ծռերը»։

Խոսակցություններ են շրջանառվում, որ որոշ խմբավորումների հետ քննարկվում է նախապատրաստական ընդհատակյա աշխատանքներ տանելու եւ ամռան վերջին-աշնան սկզբին հանրահավաքային պայքարի մեկնարկ տալու տարբերակը՝ նպատակ ունենալով ստեղծել ֆորսմաժորային իրավիճակ եւ հասնել իշխանափոխության: Եթե գոյություն ունի նման կանխածրագրում, ապա քաղաքական մյուս ուժերի խնդիրն է՝ թույլ չտալ իրավիճակի ապակայունացում եւ հասնել իշխանությունը սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում եւ ընթացակարգով փոխելու հարցում լայն կոնսենսուսի: Այլապես համագործակցության պարզած այլ ձեռքեր եւս կարող են մնալ օդում: Իսկ Արցախում «նավակ ճոճելը» կարող է չափազանց թանկ նստել մեր ազգային նպատակների վրա: