Սխալ էր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին նույն կաթսայի մեջ դնելը

Սխալ էր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին նույն կաթսայի մեջ դնելը

Մեր հարցերին պատասխանում է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

- Վերջին շրջանում երկրորդ եւ երրորդ նախագահի համախոհների, թիմակիցների ու Ձեր միջեւ ֆեյսբուքյան փոխհրաձգություն էր սկսվել` Ձեզ մեղադրում են ընդդիմության վրա քար նետելու մեջ, որ Դուք թելում եք օրվա իշխանության թելը` մեղադրելով ընդդիմությանը: Ի վերջո` ինչո՞ւ որոշեցիք ընդդիմադիրների դեմ դուրս գալ։ Չէ՞ որ մշտապես աջակցել եք նույն այդ ընդդիմությանը:

- Քանի որ ես ոչ մեկին չեմ կրակել, ուստի այդ ամենը փոխհրաձգություն չէի անվանի: Ես` որպես մեդիափորձագետ եւ հանրային գործիչ, որը տեսնում է, թե ինչ գործընթացներ են ծավալվում, պարզապես գնահատում է այնպես, ինչպես ինքն է տեսնում: Ամենեւին կարեւոր չէ, թե այդ ամենն ում դուր կգա եւ ում դուր չի գա: Կարող է ընդհանրապես իմ ասածները դուր չգան որեւէ մեկին, այդ թվում` ընդդիմությանը: Ընդդիմադիրներն օգտագործում են այն բառապաշարը, որն օգտագործվում էր 2000-ականներին: Այժմ 2023 թվականն է:

- Ի՞նչ բառապաշար:

- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հպարտանում եմ բոլորովդ, սիրում եմ բոլորիդ, դա հանրային լայն զանգվածի համար ընդունելի է: Ընդդիմությունն ասում է` ով մեզ չի ընտրել, զոմբի է, ով մեր կողքին չէ, տգետ է, այս է, այն է: Դա շատ սխալ է: Հասարակության համակրանքը շահելու համար չի կարելի նույն այդ հասարակությանը մեղադրել եւ նման բառապաշար օգտագործել:

- Ի դեպ, նախկինում, օրինակ՝ սրանից մեկ տարի առաջ, երբ Դուք աջակցում էիք «Հայաստան» դաշինքին, նրանք ավելի շատ էին պիտակավորում հասարակությանը, քան այսօր: Ինչպե՞ս ստացվեց, որ այն ժամանակ դա Ձեզ չէր մտահոգում, իսկ հիմա սկսել է խիստ մտահոգել:

- Ինչո՞վ եմ աջակցել:

- Գրառումներ էիք կատարում, հարցազրույցներ տալիս: Քի՞չ է:

- Առհասարակ, ընդդիմությանն է դա ուղղված եղել: Ինձ համար երբեք այդ բառապաշարն ընդունելի չի եղել: Դուք երբեւէ տեսե՞լ եք, որ ես նման բառապաշար կիրառեմ կամ հայտարարեմ, որ ես այս կամ այն քաղաքական ուժին պաշտպանում եմ: Պարզ ասեմ` հավաքական ընդդիմության կողքին եղել եմ, աջակցել եւ աջակցում եմ:

- Հիմա ստացվել է այնպես, որ դեմ եք դուրս եկել նույն այդ ընդդիմությանը:

- Ես երբեք չեմ ասել, թե ընդդիմությանը դեմ եմ:

- Այսօր քաղաքական դաշտը բավականին բեւեռացված է. կամա թե ակամա, եթե քննադատում ես ընդդիմությանը, ստացվում է՝ ջուր ես լցնում իշխանության ջրաղացին:

- Ընդդիմությունը չպետք է դիտարկենք մեկ օրգանիզմ: ՀՀԿ-ն էլ է ընդդիմություն, «Հայաստան» դաշինքն էլ է ընդդիմություն, «Զարթոնք» կուսակցությունն էլ է ընդդիմություն, բայց նույնը չեն, չէ՞: Տարբեր կուսակցություններ կան, որոնք ընդդիմադիր են, սակայն նրանք նույնը չեն:

- Այժմ ո՞ւմ եք տեսնում հավաքական ընդդիմության ղեկին:

- Այս պահին՝ ոչ ոքի: Հարցն այն է, որ պետք է մղել կոնկրետ գործողությունների: Ի սկզբանե սխալ է եղել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին նույն՝ մեկ ընդհանուր կաթսայի մեջ դնելը: Նրանք բոլորովին տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր հայացքներով եւ տարբեր նպատակներով, նրանք ամենեւին իրար հետ կապ չունեն: Թեպետ հայտարարել են համագործակցության մասին, սակայն ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ընտրած քաղաքական գործելաոճն ամենեւին այն չէ, ինչպես հայտարարվում է պաշտոնապես: 2022 թվականին «Դիմադրություն» շարժման ժամանակ հրապարակային հայտարարել եմ, որ ՀՀԿ-ի կողմից շարժմանը մասնակցելու են գալիս մարդիկ, որոնք մինչ օրս ժողովրդի ատելությանն են արժանանում, ընդ որում՝ ոչ պատահական կերպով:

- Ո՞ւմ եք ակնարկում:

- Օրինակ` Սաշիկ Սարգսյանի ընտանիք, Լիսկայի ընտանիք, տարբեր, բազմաթիվ անուններ: Այդ մարդկանց բերել ակցիայի եւ ցույց տալ, թե՝ տեսեք-տեսեք, այս մարդիկ ընդդիմության հետ են, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ այս մարդիկ տարիներ շարունակ իրենք հանցավոր արարքներ են թույլ տվել, հիմա ի՞նչ են ուզում: Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը նախկին նախագահների կերպարները դեմոնիզացրել է: Ամբողջ փաշինյանական քարոզչության թիրախում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են: Փաշինյանին ձեռնտու է անընդհատ հարվածներն ուղղել այս երկու ուժերին, հասարակության մոտ ատելությունն այս երկուսի նկատմամբ ավելի մեծացնել, հասարակությանն ասելով՝ եթե ինձ վռնդեք, նրանք վերադառնալու են:

- Բայց արդյո՞ք Դուք եւս չեք հայտնվել Փաշինյանի այդ թակարդում, քննադատում եք ընդդիմադիրներին, ստացվում է, որ հասարակության վրա ընդդիմությանը մերժելու ազդեցություն եք ունենում: Այսպիսով չի՞ ստացվում, որ իշխանությունների թելն եք թելում:

- Չի ստացվում այդպես: Ես երբեք չեմ ասել, թե պաշտում եմ ինչ-որ մեկին, կամ չեմ ասում՝ կորչի այս կամ այն ուժը, ես ընդամենը ասում եմ, որ ավելի արդյունավետ աշխատելու համար պետք է այլ մեթոդներ կիրառել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ,Դաշնակցությունն իմ ասածները ճիշտ է ընկալում, հասկանում, թե ես ինչ նկատի ունեմ իրականում: Ես որեւէ մեկի աշխատողը չեմ, ոչ մեկին հավատարմության երդում չեմ տվել: ԱԺԲ-ն, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ավազակախումբն ու ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում են իմ անունը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ: Ես որեւէ մեկի աշխատողը չեմ եղել եւ չեմ լինի: