Ինչու է աշխատանքից ազատվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի երևանցի տնօրենը

Ինչու է աշխատանքից ազատվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի երևանցի տնօրենը

Երեկ աշխատանքից ազատվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի տնօրեն՝ Սամվել Ավետիսյանը։ Հիվանդանոցի աշխատակիցների խոսքերով՝ իրենց համար անակնկալ էր տնօրենի   ազատման լուրը։ Արտառոց դեպք, որևէ մեկի հետ կոնֆլիկտ կամ միջադեպ չի գրանցվել, ավելին, անգամ նախապես խոսակցություններ չեն շրջանառվել, թե Ավետիսյանը թողնելու է հիվանդանոցի տնօրենի պաշտոնը, եւ հենց օրեր առաջ նա էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի  փեսային հիվանդանոցում փոխտնօրեն նշանակել, ինչը տարատեսակ խոսակցությունների առիթ էր դարձել։ Ավետիսյանի հետ մեզ զրուցել չհաջողվեց, քանի որ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նա այս պաշտոնին 2021թ-ի ապրիլին էր նշանակվել՝ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ։  Նրանք մտերիմներ էին, եւ Ավետիսյանը, որ գյումրեցի չէր, Երևանից Հարությունյանի առաջարկով էր տեղափոխվել Գյումրի։ Ուշագրավ է, որ նրանից առաջ հիվանդանոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Ժորժիկ Սերոբյանը, որին էլ այդ պաշտոնին նշանակեց  նախկին մարզպետներից  Տիգրան Պետրոսյանը: Վերջինիս մտերիմն էլ Սերոբյանն էր։ Սերոբյանի օրոք ավստրիական մանկական հիվանդանոցում խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքով քրգործ  հարուցվեց: 

Թե ով է փոխարինելու Սամվել Ավետիսյանին, բուժհաստատությունում պատկերացում չունեն: Միայն թե գյումրեցիները կես կատակ,  կես լուրջ ասում են՝ հերթը նոր մարզպետի մտերիմինն է։

Հիշեցնենք, որ մինչև  2020 թ-ի հունվարը, այս հիվանդանոցի երկարամյա տնօրեն էր Աշոտ Կուրղինյանը, սակայն նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ ազատվեց պաշտոնից եւ  նշանակվեց նրա մտերիմը՝ Ժորժիկ Սերոբյանը։  Այս իրողությունը տարբեր հարցերի ու վերլուծությունների առիթ դարձավ և՛ առողջապահության ոլորտի կազմակերպիչների և՛ հասարակության շրջանում։  Տասնամյակներ շարունակ ղեկավարելով հիվանդանոցը՝ Աշոտ Կուրղինյանը բարձր էր պահում հիվանդանոցի հեղինակությունը, վստահեցնում են աշխատակիցները, նրա հեռանալուց հետո ոչինչ առաջվանը չէ։

Նշենք, որ Աշոտ Կուրղինյանն այսօր  զբաղեցնում է «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի վիրաբուժության գծով տնօրենի պաշտոնը: