«Աբառոտկա» ֆռռալու վարպետները․ ինչպես շահած դուրս գալ ամենատհաճ իրավիճակներից

«Աբառոտկա» ֆռռալու վարպետները․ ինչպես շահած դուրս գալ ամենատհաճ իրավիճակներից

Գողական ժարգոնում այսպիսի տերմին կա՝ «աբառոտկա ֆռռալ»․ երբ քեզ համար տհաճ իրավիճակն այնպես ես ձեւափոխում, որ դու հայտնվում ես շահածի կարգավիճակում, իսկ քեզ վնասող, քո դեմ ելած անձը՝ հակառակը, կորցնում է։ Երբ քեզ ուղղված հայհոյանքին այնպիսի հայհոյանքով ես պատասխանում, որ դիմացինը մնում է «քֆուրի տակ»։ Երբ անելանելի վիճակում անգամ այնպես ես խոսակցությունը փոխում եւ այնպիսի հունով ես տանում, որ մարդիկ մոռանում են բուն խնդիրն ու զբաղվում քո առաջ քաշած օրակարգով։ Տերմինն այս գողական է, բայց քաղաքականության մեջ շատ հաճախ է կիրառվում եւ այդ հնարքին տիրապետողները յոթերորդ հարկից ընկնող կատվի նման միշտ ոտքերի վրա են մնում։

Նոր իշխանությունն այս հնարքին շատ լավ է տիրապետում։ Ցանկացած իրավիճակում կարողանում է դրությունը շուռ տալ իր օգտին։ Այդպես եղավ հայտնի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո՝ երբ հայտնի դարձավ, որ իրավապահ կարեւոր կառույցների ղեկավարները ոչ միայն գողական լեքսիկոն են կիրառում եւ մարդկանց փակում, որ պահանջվող ցուցմունքներ կորզեն, այլեւ զանգում եւ հրահանգներ են իջեցնում դատավորներին, մինչդեռ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատավորներին զանգեր այլեւս չեն արվում, նրանք լիարժեք անկախ են։ Առաջին տպավորությունը եւ արձագանքը հանրության շրջանում՝ այս գաղտնալսմանը, շատ բացասական էր, բայց ֆեյսբուքում ծավալած «աշխատանքից», Նիկոլ Փաշինյանի հրապարակային շշպռոցներից հետո սկսեցին քննարկել ոչ թե խոսակցության բովանդակությունը, այլ թե ովքեր են գաղտնալսել եւ ինչ սարսափելի ապօրինություն է դա, ուստի պետք է պատժվեն դա անողները։ Ավելին՝ կարճ ժամանակ անց ակնարկներով ու ֆեյքերով հասան նրան, որ հանրությանը համոզեցին, որ գաղտնալսումն արվել է քոչարյանական ճամբարից եւ նեգատիվը գեներացվեց այդ ճամբարի ուղղությամբ։

Մեկ այլ իրավիճակ․ Երեւանի ընտրությունների նախօրեին քաղաքապետի իշխանական թեկնածուն ընտրողներին բաժանեց սեւ ու սպիտակի։ Թվում էր՝ իշխանություններին ոչինչ չէր մնում, քան ներողություն խնդրել եւ հրաժարվել այդ տերմինից, բայց իշխանությունը գողական «պանյատներով» է առաջնորդվում՝ որտեղ «կոտրվելն» ամենավատ բանն է համարվում, ուստի սկսեցին արդարացնել ու «կռուտիտ» լինել՝ բացատրելով, թե ինչ էր ուզում ասել Հայկ Մարությանը, ապա բարձր ամբիոնից հայտարարեցին, որ այո՝ հակահեղափոխականներ կան մեզանում, որոնց պետք է արմատախիլ անել, ոչնչացնել, պառկեցնել գետնին, փռել ասֆալտին, պատերով տալ ու բանտերում փտեցնել։ Ի վերջո, հանրությունը ոչ միայն հաշտվեց «սեւ-սպիտակի» բաժանման հետ, այլեւ այդ տերմինը մտավ հանրային լեքսիկոն եւ սկսեց հումորի ու առօրեական քննարկումների թեմա դառնալ։ Այլ հասարակության մեջ այդ «սեւ-սպիտակը» կարող էր մնալ իշխանությունների կոկորդին, մեր դեպքում այն անգամ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չունեցավ՝ երեւանցիների 80 տոկոսն ընտրեց սեւ-սպիտակի հեղինակին։

Մանր-մունր «աբառոտկաներ» իշխանությունը կիրառում է գրեթե ամեն օր։ Դրանցից մեկն, օրինակ, Փաշինյանի դստեր ծննդյան լուրի պարագան էր, որը տիկին Աննա Հակոբյանն անվանեց «ամոթալի» հրապարակում, մոռանալով, որ նախկինում էլ բազմիցս մամուլը, այդ թվում իրենց լրատվամիջոցն անդրադարձել է եւ իշխանական խնջույքներին, եւ իշխանավորների ընտանիքներին՝ կանանց, իսկ, օրինակ, Սերժ Սարգսյանի փեսայի թեման, որը նույնպես ընտանիքի անդամ է, իր ամուսնու շուրթերից չէր իջնում առաջ, չի իջնում հիմա։ Եթե Մարիամ Փաշինյանի ծննդյան տարեդարձի լուրի մեջ կար անճշտություն, պետք էր ուղղակի փաստերը ներկայացնել, իսկ հանդիմանել, որ «մտել են ընտանիք» կամ գրում են ստեր՝ առանց նշելու, թե ինչն է սուտ, առնվազն տարօրինակ է, եթե չասենք՝ ոչ ժողովրդավար։ Ի վերջո, եթե եկել ես իշխանության պետք է պատրաստ լինես, որ գրվելու է եւ քո մասին, եւ քո զավակների, եւ քո ազգականների, եւ փողերդ ու ծախսերդ են հաշվելու եւ շորերդ են ուսումնասիրելու, եւ քայլվածքդ են զննելու, էլ չեմ խոսում խոսքիդ մասին։ Սա իշխանություն ունենալու գինն է, որը պետք է գիտակցեին իշխանության գալիս։ Բացի այդ՝ չէ որ եթե դու ժողովրդի իշխանություն ես, որի մասին չես դադարում հիշեցնել, այդ հրապարակումների հեղինակները, ծննդյան տոնակատարությունը շքեղություն համարողներն էլ են ժողովուրդ։ Մեկի համար 1 միլիոն դրամանոց ծնունդը համեստ ու ոչ հիշարժան իրադարձություն է, մյուսի համար՝ գոնե հասարակ ժողովրդի, դա աննախադեպ շռայլություն։ Ուստի պետք է հանգիստ վերաբերվել այդ հրապարակումներին եւ ամենեւին չվրդովվել ու չարձագանքել։ Արդյունքում՝ ոչ այնքան այդ լուրի հրապարակումն աղմուկ բարձրացրեց, որքան Աննա Հակոբյանի արձագանքը, որը լավ փիառ դարձավ թիմի համար նախընտրական փուլում։ Այսինքն, եւս մեկ փայլուն օրինակ «աբառոտկա ֆռռալու»։

Իսկ վերջին դիպվածը Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր, որից անկեղծորեն վրդովվել էին շատերը, այդ թվում ազատամարտիկներ, զինվորականներ, որոնց արձագանքները Փաշինյանն ուղղակի իր դեմ ուղղված դիվերսիա դիտարկեց եւ անցավ հակահարձակման՝ կպառկեցնեմ, կփռեմ ասֆալտին, կկոխեմ ծակերը, դուք ո՞վ եք՝ գողեր, ավազակներ, բանակից ու զինվորից հարստացած առնետներ։ Եւ շատ արագ խոսակցության թեման փոխվեց՝ սկսեցին քննարկել ոչ թե Սասուն Միքայելյանի հայտարարությունը, այլ բանակից գողությունների, մայկա-տռուսիկի հարցը, անցան հայտարարություններ անողների կյանքին ու կենսագրությանը, սկսեցին անպատվել այն անձանց, օրինակ Վիտալի Բալասանյանին, Արշավիր Ղարամյանին, որոնք համարձակվել էին Սասունին ասել՝ «աչքիդ վերեւ հոնք կա»։ Իսկ ԼՂ բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանն առհասարակ վախեցած հեռացրեց իր մեղմ ու կեսբերան հանդիմանությունն՝ ուղղված Սասունին։ Հիմա կարելի է ենթադրել, որ Սասուն Միքայելյանն իրեն կրկնակի հերոս է զգում՝ վարչապետը ոչ թե դիտողություն է անում նրան, այլ խոսում է նրա հերոսական անցյալի եւ կիլոյով ասկոլկաների մասին։ Ի՞նչ պիտի աներ նա, որ նման գնահատականի արժանանար՝ այն էլ նախընտրական փուլում։ «Աբառտոկան» պոզով-պոչով է լինո՞ւմ։