Ջրի սակագինը բարձրացավ

Ջրի սակագինը բարձրացավ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից դեռ ամռանը տեղեկացել էինք, որ այս տարվա օգոստոսի 9-ին «Վեոլիա ջուր» ընկերությունից պաշտոնական գրություն է ուղղվել հանձնաժողովին, որպեսզի խմելու ջրի սակագինը 2019 թվականի համար վերանայվի: Հանձնաժողովն այդ առաջարկությունը քննարկելու եւ պատասխանելու համար 80 աշխատանքային օր ուներ։ Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց, որից տեղեկացանք, որ հանձնաժողովը, «հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի և ընկերության լիցենզիայի պայմաններով ամրագրված սակագնի ճշգրտման գործոնները, ինչպես նաև՝ հաշվի առնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը» որոշել է խմելու ջրի սակագինը ճշգրտել և սահմանել 191,414 դրամ/խմ։

Ու չնայած բնակչությունը շարունակելու է վճարել 180 դրամ սակագնով, սակայն տարբերությունը՝ 11,414 դրամը սուբսիդավորելու է ՀՀ կառավարությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի 1-ից։

Ի դեպ, երեկ իր ելույթներից մեկում վարչապետը հայտարարել էր, որ խմելու ջրի սակագինը մինչեւ 2024 թվականը չի փոխվելու։ Ինչպես տեսնում ենք՝ սակագինը փոխվում է, բայց ավելանում է պետական բյուջեի բեռը, այլ ոչ թե սպառողի։ Գոնե առայժմ։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ