Նախօրոք հազրված ընդդիմություն չի լինում

Նախօրոք հազրված ընդդիմություն չի լինում

Մեր թերթերի բառապաշարում շատ է օգտագործվում «ընդդիմություն» տերմինը։ Ընդ որում՝ հարայ են գալիս, թե ընդդիմություն չկա, թե Ազգային ժողովը միանձնյա է լինելու՝ վարչապետով, ընդդիմության տեսակի անուններ էլ են տալիս՝ իշխանական, գրպանային, իսկական եւ կառուցողական։ Չես հասկանում՝ պատգամավորները նախօրոք ընտրվում են որպես ընդդիմադի՞ր, դեռ չընտրված՝ շատերն իրենց ընդդիմադիր են համարում։ Տեղից ելնողը՝ իշխանությունից խռովածը, բազում խախտումներով գործից ազատվածը, անգամ օրենքի, արդարության հանդեպ հանցանք կատարածները հռչակում են իրենց ընդդիմադիր եւ ձգտում ընկնել Ազգային ժողով։ Դա ի՞նչ տաք տեղ է, Տեր աստված, որ բոլորը ձիավորված վազում են այնտեղ, շատերը նրանցից նախկինում ձախողված, պոռոտախոս, հանցանքներ գործած, բայց չդատված մարդիկ են։ Ես շարքային ընտրող եմ եւ ԱԺ պատգամավորից սպասում եմ, որ նա կառավարության հետ աշխատի, մեզ հուզող հասարակական հարցերը լուծի, ոչ թե գնա, ընդդիմադիր խաղա։ Նախօրոք հազրված ընդդիմադիր չեն լինում։

Եթե Ազգային ժողով բերված օրենքները, նախագծերը, որոշումները սխալ են պարունակում կամ վտանգ են ներկայացնում, որ չի համապատասխանում երկրի եւ պետության շահերին, այդ դեպքում ԱԺ պատգամավորն իր գործընկերներով խոչընդոտում է տվյալ օրենքներն ու որոշումները կյանքի կոչելուն, ընդդիմանում է, որ չանցնի խոտանը, կանխում է, դրանով դառնում է ընդդիմադիր։ Իսկ եթե ստացվի այնպես, որ պետությունը, կառավարությունն ամեն ինչ ճիշտ հունով տանեն, ինչի՞ն պիտի ընդդիմադիր լինեն։ Ընդդիմադիր դառնում են աշխատանքի ընթացքում, գործի բերումով, ոչ թե նախօրոք հազրված։ Հրես, Քոչարյանին էլ են ընդդիմադիր անվանում, ախր սա թշնամա՞նք է, ի՞նչ ընդդիմադիր։ Նախկին իշխանության ակտիվիստներն էլ են պատրաստվում գնալ Ազգային ժողով՝ կառուցողական ընդդիմադիր լինելու։ Դրանք նոր իշխանության ի՞նչն են կառուցելու, կառուցող էին՝ իրենց իշխանության եղած ժամանակ թող կառուցեին։ Երկրի ապրուստը քաշեցին տակը, օրենք, ամոթ չճանաչեցին, հիմա, երբ խելքի են եկել, պիտի օգնեն նոր իշխանությանը, որ նա չսխալվի, երկիր կառուցի։

Թե օձն իր բնույթը կփոխի, դրանք էլ Սերժի եւ Քոչարյանի հետ կփոխվեն։ Թող քոչները քաշեն, հետո ի՞նչ, որ Պուտինն ասել է՝ Ռոբերտն իմ ընկերն է։ Պուտինն ուզում է երախտահատույց լինել Ռոբին, որ ամբողջ Հայաստանի ռազմավարական օբյեկտները ձրի թավազա արեց ռուսներին, բա ո՞վ լինի, որ գոհ չլինի էդքան ձրի տվածից․ մեծ բան չէ, որ ընկեր է ասել։ Խեղճ Քոչարյան, տարածը քիչ է, դեռ պատիվ է պահանջում, այն էլ՝ փողով։ Չունեցած պատվի համար փող է պահանջում, փողի դարդն է, ոչ թե պատվի, պատիվը որ հասկանար, Հայաստանը հոր բոստանը չէր լինի։ Ինչո՞ւ եք զարմանում, նրանք երկար տարիներ աշխատել են թուրքերի հետ, յուրացրել նրանց միջավայրի բարքերը, ավարառու սովորույթները եւ գալով Հայաստան՝ այդ բոլորը ներմուծեցին պետական մակարդակով հայկական միջավայր։ Իզուր չէր հայր Ալիեւը ժամանակին ասում․ «Ես ուրախ եմ, որ իմ քաղաքացին դարձել է Հայաստանի պրեզիդենտ։ Իսկ Քոչարյանը՝ ինքը, երբ դամը տեղն էր արել, հեռուստացույցով ելույթի ժամանակ ասաց․ «Ես շնորհակալ եմ բախտից, որ ինձ դարձրեց Հայաստանի պրեզիդենտ»։

Բայց Հայաստանն ինչո՞վ շնորհակալ լինի իր բախտից, որ դու դարձար պրեզիդենտ եւ բուծեցիր թալանչիների եւ գողերի մի ամբողջ ոհմակ։ Ասում են՝ օրենք է, որ ԱԺ-ի 30 տոկոսը պետք է ընդդիմադիր լինի, սա էլ նման է երեխաների տիկնիկ խաղալուն՝ ես՝ հարս, դու՝ փեսա, էս փետե մայմունն էլ՝ երեխա։ Տարիներ առաջ էր դեռեւս նշվում ԱԺ-ի որակի մասին, այն էլ՝ հեռուստացույցով․ «Էս երկրում օրենք չկա, կարգ չկա, խելքը գլխին մարդ չկա։ Չե՞ս հավատում, ա՛յ տղա, ԱԺ-ին հարցրու»։ Իշխանությո՞ւնն է սրանց դեմ, որ սրանք էլ ընդդիմադիր են ու գնում են երկիր «փրկելու»։ Երիցս ճիշտ է Ս․ Շաքարյանցը, երբ գրում էր տարիներ առաջ․ «Աշխարհի ոչ մի երկրում ընդդիմությունն այնպես ստորաբար չի խաբել իր ժողովրդին, ինչպես Հայաստանի ընդդիմությունը»։

Կիմա ԱՎԵՏԻՍՅԱՆ

Սպիտակ