Դժվար թե դեկտեմբերի 6-ին ունենանք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Դժվար թե դեկտեմբերի 6-ին ունենանք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց եւ հետ կանչելուց հետո Հայաստանն այդ կառույցում կանգնեց լուրջ խնդիրների առջեւ։

Գործող կառավարության ընդդիմախոսները տարբեր առիթներով ահազանգում են, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստում Հայաստանին չի հաջողվելու պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը տրվում է անդամ պետություններին երեք տարով՝ ռոտացիոն կարգով։ Իսկ դա էլ ինքնին բարդացնելու է Հայաստանի դրությունն այդ կառույցում։

Օրերս «Առավոտ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ն կարողանալո՞ւ է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ի մասնավորի, պատասխանել է․ «Այո՛, մենք մինչեւ վերջ գնալու ենք, որպեսզի ունենանք բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի կարողանանք ամուր պահել կազմակերպությունը, որովհետեւ բոլորի պես կազմակերպության հավասար անդամ ենք, եւ կազմակերպությունն արդյունավետ գործիք է մեր հավաքական անվտանգությունն ապահովելու համար»։ Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է նաեւ, որ երեք տարվա ռոտացիան վերաբերում է երկրին, ոչ թե անձին, եւ դա հստակ իրավական եզրակացություն է։ Իսկ մեր երկրի՝ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարման երեք տարին դեռեւս չի լրացել։

ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակում տեղ գտած ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն էլ, որը վերջին շրջանում հանդես է գալիս կառավարող ուժին անխնա քննադատելով, ուրույն լուծում է առաջարկել։

«Մենք պետք է հասկանանք, որ դեկտեմբերի 6-ին այդ մթնոլորտում հարաբերությունները կարող են վերջնականապես խզվել։ Այս իրավիճակում ես կոչ եմ անում վարչապետին, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ նիստին մասնակցի ոչ թե ինքը, այլ ՀՀ նախագահը, որովհետեւ Արմեն Սարգսյանն ունի հսկայական փորձ, դիվանագիտական հարաբերություններ, ինչի շնորհիվ այդ մթնոլորտը կարող է լիցքաթափվել»,- նշել է նա։

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ով էլ լիներ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, այդ ամենը տեղի էր ունենալու։

«Վաղ թե ուշ պետք է արծարծվեր ՀԱՊԿ անդամ երկրների՝ միմյանց նկատմամբ վերաբերմունքի, միմյանց համար կարեւոր խնդիրներով դիրքորոշումների հարցը։ Ես կարծում եմ, որ չպետք է խուսափել լարվածությունից եւ հարցերը դնել սեղանին։ Ոչ թե պետք է ասել, թե ինչպես պետք է մեղմել իրավիճակը, այլ մտածել, թե ինչպես պետք է լուծել խնդիրը։ Իսկ խնդիրն այն է, որ չպետք է թույլատրվի, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկը վտանգներ ստեղծի իր դաշնակցի համար, որ նրանք զենք չվաճառեն Հայաստանի հակառակորդին, գիտակցեն իրենց պատասխանատվությունը ՀԱՊԿ շրջանակներում»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե ճի՞շտ է կոշտ դիրքորոշում ցուցաբերելը, Ստեփան Սաֆարյանն արձագանքեց․ «Սկզբունքային դիրքորոշում է պետք։ Կոշտ կլինի, թե նուրբ՝ կարեւորն այն է, որ երկրի շահը հստակ դրվի սեղանին»։ Նա հավելեց, որ եթե Բելառուսն առարկի ՀՀ-ի թեկնածությանը, ապա պետք է հիշի, որ նման առարկության կհանդիպի նաեւ իր թեկնածությունը։ Քաղաքագետը ողջունում է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը՝ ասելով, որ այն միանգամայն ճիշտ է։

Հարցին, թե դա արդյոք լրացուցիչ գլխացավանք չի՞ ստեղծի ՀՀ-ի համար, նա հակադարձեց․ «Կարծում եմ, որ գլխացավանք կարող է ստեղծել, որ մեր դաշնակից Բելառուսն անընդունելի պահվածք ցուցաբերեց ապրիլյան պատերազմից հետո։ Հիշում ենք Բելառուսի պաշտպանության նախարարի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի զրույցը, հիշում ենք նրանց հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Այնպես որ՝ մենք արդեն գլխացավանքի մեջ ենք, եւ նման բաներից վախենալ պետք չէ»։ Քաղաքագետը հիշեցնում է, թե ՀՀԿ-ի իշխանության օրոք ինչպես էր Հայաստանը միայնակ մնացել պատերազմի վտանգին դեմ-հանդիման։ Եվ ՀՀԿ-ականները, ըստ նրա, ընդամենը փորձում են անհաջող կերպով շահարկել այդ ամենը։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը դժվարությամբ է հանգուցալուծվելու։

«Ես չեմ կարծում, թե դեկտեմբերին մենք կունենանք հանգուցալուծում, թեպետ տարբեր խողովակներով իրականացվում է աշխատանք՝ թե՛ երկրների նախագահների, թե՛ արտգործնախարարների մակարդակով։ Կա շարունակական աշխատանք, բայց դեկտեմբերի 6-ին դժվար է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը, որովհետեւ կրքերը շատ են թեժացել, իսկ Բելառուսն էլ ունի շատ կոշտ դիրքորոշում։ Չափազանց կարեւոր է նաեւ Ղազախստանի նախագահի դիրքորոշումը, որովհետեւ նա ՀԱՊԿ ղեկավար կազմում հնաբնակներից է եւ, ըստ էության, աջակցում է Բելառուսի նախագահի դիրքորոշմանը։ Ռուսաստանը կարծես թե այդքան էլ ակտիվ չի մասնակցում գործընթացներին, չունի կոշտ դիրքորոշում։ Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ գործընթացը կձգձգվի մինչեւ երկրների ղեկավարների հաջորդ հանդիպում»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանի առաջարկին, որ ՀԱՊԿ նիստին մասնակցի ոչ թե ՀՀ վարչապետը, այլ ՀՀ նախագահը, ապա Սուրեն Սարգսյանը նշում է․ «Իհարկե, երկրի նախագահի փորձն ու գիտելիքներն անհրաժեշտ են, որպեսզի օգտագործվեն Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները կայացնելու հարցում, բայց միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնենք ՀՀ սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունները եւ դրանց առանձնահատկությունը։ Կարծում եմ՝ նա լիազորված չէ ներկա լինելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որովհետեւ գործադիր մարմնի ղեկավարն ինքը չէ, եւ արտաքին քաղաքականություն որոշողն էլ կառավարությունն է։ Շատ կարեւոր է, որ նախագահի փորձը, գիտելիքներն օգտագործվեն, բայց կարծում եմ, սա այն դեպքը չէ, որ նախագահին գործուղեն՝ այդ խնդիրը քննարկելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ։ Կարծում եմ, որ հենց վարչապետը պետք է մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին»։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։