Սթրիփ-ակումբի տերը նաեւ ռադիոֆիզիկոս է

Սթրիփ-ակումբի տերը նաեւ ռադիոֆիզիկոս է

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը շատ է նեղվել, որ լրատվամիջոցներում ինքը  հայտնի դարձավ որպես Աշտարակ քաղաքում մինչեւ վերջերս գործող գիշերային ակումբի` սթրիփ-բարի մենեջեր: Ինքը ռադիոֆիզիկոս է, հիմա էլ կառավարման ակադեմիայում է սովորում, թեպետ ասում է, որ մենեջերի աշխատանքի մեջ վատ բան չի տեսնում։ Երիտասարդն Արագածոտնի Փարպի գյուղից է, 29 տարեկան։ Մեզ պատմեցին, որ նրա գլխավոր «արժանիքներից» մեկն այն է, որ մշտապես «քայլել է» բոլոր իշխանությունների կողքից, սակայն Սերգեյ Մովսիսյանի հետ մեր զրույցը վերածվեց ամոթխած աղջկան համոզելու խոսակցության, քանի որ թեկնածուն չեմուչում անելով՝ պատասխանեց մեր միայն այն հարցերին, որին հարմար գտավ։ Իսկ իր մերժումը բացատրեց «որոշ լրագրողների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով», որոնք իր խոսքը կոնտեքստից կտրել են ու մատուցել ուրիշ բան։ Սերգեյի հետ մեր հարցուպատասխանը ներկայացնում ենք ձեզ։

- Ինչո՞ւ եք որոշել ավելի գայթակղիչ աշխատանքից տեղափոխվել քաղաքականություն, Դուք իսկապես սթրիփ-ակումբի մենեջեր եք եւ ինչպե՞ս եք հայտնվել «Իմ քայլը» դաշինքում։

- Էդ ինֆորմացիան լրատվությունից է ու հիմնականում չի համապատասխանում իրականությանը, ուղղակի ես չեմ արձագանքել, որովհետեւ եթե մարդիկ մենեջերի աշխատանքը համարում են վատ բան, իմ համար դա աբսուրդ է, էլի։ Եթե մարդն իր հացը վաստակում է հալալ քրտինքով, ես դա չեմ համարում աննորմալ։

- Այսինքն՝ Դուք հիմա գիշերային ակումբում մենեջեր չեք աշխատում, բայց աշխատել եք, չէ՞։

- Գիտեք, մենեջեր չեմ աշխատել, այո, գիշերային ակումբ ունեցել եմ, բայց մարդիկ ինձ վարձ են տվել դրա համար, ակումբն ունեցել է թե՛ տնօրեն, թե՛ մենեջեր։

- Իսկ ինչո՞վ եք զբաղվում, ո՞ւմ միջոցով, ո՞նց եք ներգրավվել իշխանական թիմում։

- Ես ավարտել եմ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, դրանից հետո մագիստրատուրա եմ ավարտել, այս տարի էլ ընդունվել եմ կառավարման ակադեմիա, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ եմ, հիմա չեմ աշխատում։ Ես դեռեւս համալսարանական տարիներից շատ ակտիվ եմ եղել, հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակից, ռադիոֆիզիկայի ուսխորհրդի նախագահն եմ եղել, միեւնույն ժամանակ՝ ուսանողական խորհրդի նախագահության անդամ։

- Հետեւաբար, ճի՞շտ են տեղեկությունները, որ Դուք ԲՀԿ-ի, այլ թիմերի համար ակտիվ «տասովշչիկ» եք եղել։

- Ոչ, ես եղել եմ անկուսակցական, «Քաղաքացիական պայմանագիրն» առաջին կուսակցությունն էր, որին անդամագրվելու դիմում եմ գրել, եւ վերջերս հաստատել են։ Ես միշտ եմ եղել քաղաքականապես ակտիվ, բայց ո՛չ կուսակցական, իմ հայրենիքի, մարզի խնդիրներն ինձ միշտ անհանգստացրել են, եւ ես միշտ ակտիվ եմ, այնպես չէ, որ նոր եմ ակտիվացել։ Հեղափոխության ժամանակ էլ եմ եղել բավական ակտիվ, եւ տրամաբանական շարունակությունն է։ Այն մարդիկ, ովքեր հեղափոխության սկզբին եղել են նրա կողքին, հասկացել են, որ էս երկրում պետք է ինչ-որ բան փոխել, տրամաբանական է, որ այդ մարդիկ մնացած պրոցեսներում եւս պետք է ցուցադրեն իրենց ակտիվությունը։ Ես ռադիոֆիզիկ եմ, եւ դաշինքը նպատակահարմար է գտել, որ ես էլ ռեյտինգային ընտրակարգով կարող եմ առաջադրվել իմ մարզից։

- Բայց դե մենք գիտենք, թե ՀՀԿ-ի իշխանության տարիներին ինչով էին զբաղվում ուսխորհուրդներն ու առավել եւս՝ ակտիվ դերակատարները։

- Ուսխորհուրդների ընդհանուր հանրապետականացման ֆոնին, ուրեմն իմացեք, ռադիոֆիզիկան՝ եւ էլի մի քանի ֆակուլտետ, եղել է միակ ֆակուլտետը, որը դեմ է եղել ընդհանուր ուսխորհրդին։

- Իսկ ի՞նչ եք բերելու քաղաքականություն, ի՞նչ նախագծեր, ինչո՞վ եք տարբերվելու հներից։

- Որպեսզի հասկանաք, թե ես մյուս պատգամավորներից ինչով եմ տարբերվելու, Դուք ընդամենը պետք է շփվեք իմ հետ եւ կհասկանաք։ Իսկ որ բերելու ենք նորություն, դրանում չկասկածեք, դուք չեք զգում, որ խաղի կանոններ են փոխվել։

- Բա որ այդքան ակտիվ երիտասարդ եք, ինչո՞ւ եք անգործ մնացել։

- Ո՞վ է ասում, որ ես գործազուրկ եմ, ես ուսանողական տարիներից անհատ ձեռներեց եմ եղել, 20-ից ավելի գործունեություն եմ ծավալել։

- Այսինքն՝ բիզնեսմեն եք։

- Դե, մի քիչ… հա, կարելի է ասել՝ բիզնեսմեն եմ։

- Բայց պատգամավոր դառնալուց հետո բիզնեսով չեք զբաղվելու։

- Հիմա էլ չեմ զբաղվում։