Ես ցանկություն չունեմ որեւէ կուսակցության մեջ մտնելու եւ սատարելու որեւէ մեկին

Ես ցանկություն չունեմ որեւէ կուսակցության մեջ մտնելու եւ սատարելու որեւէ մեկին

Մեկ ամիս առաջ Կոտայքի մարզի Աղավնաձոր, Մեղրաձոր, Մամարիկ գյուղի բնակիչները փակել էին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը: Խնդիրը կապված է անտառահատման հետ, գյուղացիները մտահոգված էին, որ կսկսվեն անձրեւները, եւ հնարավոր չի լինի անտառից վառելափայտ բերել։ Թե ի՞նչպես լուծվեց հարցը, եւ բնակիչները ապահովեցին վառելափայտով, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Մեղրաձոր համայնքի ղեկավար` Կառլեն Հովհաննիսյանի հետ. «Պայմավորվեցինք ճյուղահատումներ արեցին, անտառտնտեսության կողմից հսկողություն եղավ եւ վառելափայտ տրամադրվեց գյուղացիներին, կարծեմ անվճար»:

-Պարո´ն Հովհաննիսյան, այդ ժամանակ բնակիչները պահանջում էին նաեւ Ձեր հրաժարականը:

-Էդպես չի, շատ էլ մեկը մի բան ասեց: Ես բավականին աշխատանքներ եմ կատարել, բոլորն էլ լավ գիտեն: Ես այնքան բան եմ արել իրենց գյուղերի համար 7 ամիսների ընթացքում, ինչքան իրենք չեն արել, իրենց գյուղապետ ժամանակ:

-ՀՀԿ-ից դո՞ւրս եք եկել:

-Ես վաղուց եմ դուրս եկել:

- Ճամբարափոխ ե՞ք եղել:

-Չէ, ուղղակի դուրս եմ եկել, չեմ դավաճանել կուսակությանը, իմ ցանկությունն է եղել, վայր դնել կուսակցության մանդատը:

-Հեղափոխությունից առա՞ջ եք լքել կուսակցությո՞ւնը, թե՞ հետո

-Առաջ:

-Հիմա, ո՞ր կուսակցությանն եք սատարում:

-Ես ցանկություն չունեմ որեւէ կուսակցության մեջ մտնելու եւ սատարելու որեւէ մեկին:

-Վերջերս Կոտայքի մարզպետը մարզխորհրդի նիստում հորդորեց համայնքի ղեկավարներին դերակատարություն չունենան ընտրություններում: Հետեւելու ե՞ք մարզպետի խոսքին:

-Մարզխորհրդի ժամանակ այդ հարցը բարձրացվեց, որ ոչ մեկը շարժ չկատարի այդ ուղղությամբ, իսկ տեսնելու դեպքում մենք կզանգահարենք ոստիկանություն: Թողնենք, թող ժողովուրդ իր կամքով արդար ընտրություն անի:

-Եթե Դուք նկատեք, որ վարչական շրջանների ղեկավարները միջամտում են ընտրություններին, կզանգահարե՞ք ոստիկանություն:

-Անմիջապես կահազանգեմ, սա պետք է լինի մաքուր, արդար ընտրություններ: Մարդիկ թող գնան ընտրեն նրան, ում ցանկանում են: Նախկինում ինչ -որ եղել, եղել է, արդեն բռնենք արդարության կողմը. հերիք ա էլի: