Ոչ մի հույս չկա, որ վաղը պարտք վերցրին՝ ինչ-որ արդյունքներ ապահովելու են

Ոչ մի հույս չկա, որ վաղը պարտք վերցրին՝ ինչ-որ արդյունքներ ապահովելու են

Հունիսի 30-ին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց արտաքին պարտքի մասին, որը հասել է 7 մլրդ 969 մլն դոլարի, որից 7 մլրդ 509 մլն դոլարը կառավարության պարտքն է: Մենք զրուցեցինք երկար տարիներ ֆինանսների փոխնախարար աշխատած, Լոմոնոսովի անվան համալսարանի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Պավել Սաֆարյանի հետ։

- ՀՀ արտաքին պարտքի մասին Ձեր դիտարկումներն ինչպիսի՞ն են։

- Այն, որ մեր պարտքը բարձր է, վատ վիճակում է եւ այլն, ենթակա չէ քննարկման՝ սկսած նրանից, որ սրընթաց աճել է եւ կարող է աճել, եթե նայում ես արդյունքների տեսանկյունից։ Պարգեւավճարներ, ուսուցիչներ, չգիտեմ՝ այստեղ են աշխատավարձ բարձրացրել, էնտեղ, դրանից բացի, մենք էական արդյունքներ չունենք՝ ո՛չ մանկավարժության, ո՛չ առողջապահության բնագավառում։ Եթե ես Ձեզ ասում եմ, որ բժիշկների աշխատավարձը բարձրացել է, Ձեզ՝ որպես սպառողի, դա հետաքրքիր չէ։ Ձեզ հետաքրքրում է՝ սպասարկումը լավացե՞լ է, թե՞ ոչ։ Բժշկի ու ուսուցչի աշխատավարձն էդքանով է հասարակությանը հետաքրքիր։ Բայց նայում ենք արդյունքներին ու տեսնում, որ մեր արդյունքները գնալով վատանում են։ Ու երբ նայում ենք էն ծախսերը, որոնք կատարվում են պարտքի հաշվին, պարտքի աճելը դառնում է ոչ արդյունավետ։ Այսինքն՝ մեր պարտքը մտահոգիչ է արդյունքի տեսանկյունից։

- Հրանտ Բագրատյանը քարոզարշավին ասում էր՝ չի կարելի պարտք անել եւ աշխատավարձ տալ, միայն ռազմավարական ծրագրեր, որոնք էֆեկտիվ կլինեն։

- Հիմա, օրինակ, եթե Դուք բժիշկ ծնողներ չունեք, Ձեզ բժշկի աշխատավարձը հետաքրքրում է նրանով, որ բարձրացնեն, որ կաշառք չվերցնի, լավ ծառայություն մատուցի։ Այսինքն՝ նորից եմ կրկնում՝ աշխատավարձի բարձրացումը հասարակությանը հետաքրքիր է արդյունքի տեսակետից։ Կամ՝ նույն մանկավարժները։ Երեւի տեսած կլինեք՝ Սարգսյան Դավիթը (ֆինանսների նախկին նախարար) մի հատ ցուցանիշ էր գցել․ միջին գնահատականը, որը եղել էր միասնական քննության՝ մինչեւ 3․2 բալային համակարգում։ Սա նշանակում է, որ ազգս դեգրադացվում է։ Ու ստացվում է, որ եթե անգամ ուսուցչի աշխատավարձը բարձրացնում ես, բայց մեր աշակերտների մակարդակը տարեցտարի իջնում է, դա անարդյունավետ է։ Իսկ պարտքը կարող է աճել, եթե ինչ-որ արդյունքներ ունենում ես։ Այսինքն՝ մեր պարտքն էնպես չէ, որ հիմա գլուխներս վերցնենք-փախնենք, եթե պարտքն արդյունքներ է ստեղծել տարբեր ոլորտներում, կարելի է հաշտվել, ու դա նորմալ է։ Բայց մեզ մոտ քանի որ արդյունքային ցուցանիշները բավարար չեն, մենք առավել եւս ունենք անհանգստանալու տեղ։ Անհանգստանալու տեղ, որ սա կարող է շարունակական լինել, որովհետեւ ոչ մի հույս չկա, որ վաղն էլ պարտք վերցրին, ու ինչ-որ մի հեղափոխություն է լինելու, քնելու ենք-արթնանանք՝ լավ լինի։ 

- Պետությունը սնանկ ճանաչելու առաջարկի մասին ի՞նչ կասեք։

- Ֆինանսական տեսանկյունից եթե նայում ենք միջնաժամկետ ծրագրերին, առաջիկա 2-3 տարիներին, այնպես չէ, որ մենք սնանկացման մասին կարող ենք խոսել։ Ես սա ասում եմ որպես ֆինանսիստ, որը ողնաշարով է զգում մեր ֆինանսները՝ 30 տարի բախտ ունենալով աշխատել այդ ոլորտում։ Մենք դեռ կարողանում ենք այդ պարտքերը փակել եւ այլն։ Եվ սնանկ ճանաչելն էլ ինչ-որ մի ակցիա չէ։ Սնանկ ճանաչելը նշանակում է, որ դու այդ մարդկանց հետ ինչ-որ մի կոմպրոմիսի պիտի գնաս։ Դու պատերազմի ժամանակ, օրինակ, չես կարող ասել, չէ՞, որ ես հայտարարում եմ, որ չեմ կարողանում քո հետ կռվել, ու հենց այդպես ամեն ինչ վերջանում է։ Դրանից հետո սկսվում է կոմպրոմիսների շրջանը․ վարկատուներն ասում են՝ լավ, հետաձգում են, կամ ծայրահեղ վիճակ, որ էդ երկրում հնարավոր է սովամահություն, էդ ժամանակ հնարավոր է եզակի մի պատմական բացառություն, որ զիջեն ընդհանրապես։ Եթե հիշում եք, երբ Հունաստանը չէր կարողանում փակել իր պարտքը, Փարիզյան ակումբը հավաքվեց ու զիջեց, բայց բազմաթիվ պայմաններ դրեց՝ որ դու, Հունաստան, էս պետք է անես, էն, էն։ Այսինքն՝ դու այդ երկրների ձեռքին դառնում ես գործիք։

- Իսկ Հարավսլավիա՞ն, որի պարտքի սպասարկումը 30 տարով հետաձգվեց։

- Եթե 30 տարով հետաձգում են, սա նշանակում է, որ ուշիուշով հետեւում են։ Օրինակ՝ ուզո՞ւմ ես քաղաքացուդ աշխատավարձը բարձրացնել, ասում են՝ աշխատավարձը չբարձրացնես, որովհետեւ դու էսքան պարտք ունես, 30 տարի հետո պետք է տաս։ Այսինքն՝ դու ընկնում ես տնտեսական մի ահավոր կախման մեջ։ Քեզ սկսում են քո իսկ երկրում թելադրել։ Առանց այն էլ բազմաթիվ ոլորտներում մեզ թելադրում են, ու սա էլ արդեն վերջը կլինի։ Պարտքի հետ կապված մի զուգահեռ․ ոնց որ ջերմաչափը դնում ես ու տեսելով, որ 37-ից բարձր է, որոշում ես, որ հիվանդ ես, այնպես էլ մեր ՀՆԱ-ն մեզ մոտ ցույց է տալիս, որ մենք հիվանդության մեջ ենք։ Հիմա․ դրա հետ կապված մեր անելիքները ոչ թե սնանկ ճանաչելն է, այլ հետագա պարտքերը, որ պետք է վերցնենք, ինչ-որ արդյունքներ ապահովեն։

- Իսկ քարոզարշավի ժամանակ հետեւե՞լ եք վարչապետացուների տնտեսական ծրագրերին։

- Անկեղծ ասած՝ ոչ, որովհետեւ եկավ մի շրջան, որ ես հասկացա, որ ընտրություններն այդ՝ տնտեսական ծրագրերի մրցակցության դաշտում չեն։ Ոնց որ թե ընտրողին էլ հետաքրքիր չէր, չէ՞։ Դուք, օրինակ, էսպիսի մարդ գիտե՞ք․ որ տեսնեք, ինձ կասեք, որ գնացել է այս կամ այն կուսակցությանն է ընտրել, որովհետեւ նրա տնտեսական ծրագիրն իրեն դուր է եկել։