Մրցույթից կտրվել է, բայց նշանակվել է պաշտոնին

Մրցույթից կտրվել է, բայց նշանակվել է պաշտոնին

Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունից մեր աղբյուրը հայտնեց, որ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի դուստրը վերջերս նախարարությունում աշխատանքի է ընդունվել օրենքի խախտմամբ։ Բանն այն է, որ քաղծառայողի թափուր տեղի համար մրցույթ է անցկացվել, որտեղ Արշալույս Բաղունցը կտրվել է, բայց նրա պաշտոնյա հայրը պարտադրել է հաջորդ օրը նորից անցկացնել քաղաքացիական ծառայության մրցույթ։ Երկրորդ մրցույթում եւս Արշալույս Գագիկի Բաղունցն առաջին՝ գրավոր փուլը չի հաղթահարել՝ կրկին կտրվել է, բայց Արցախի օրենսդիր մարմնի երկրորդ դեմքի միջամտությամբ մրցույթում կտրված աղջկան հաղթող են ճանաչել եւ հրամանագրել վերոհիշյալ նախարարությունում։

Ըստ էության, աղջիկը կեղծ փաստաթղթերի հիման վրա աշխատում է Արցախի կրթության նախարարությունում։ Ստացվում է՝ Արցախի օրենսդիր մարմնի նախագահի տեղակալը ոչ թե օրինականության, այլ անօրինության ջատագովն ու կազմակերպիչն է։ Արցախի Քաղծառայության պետ Բորիս Առուշանյանը մեզ հետ զրույցում նախ չհերքեց, որ մեկ թե երկու անգամ է աղջիկը քննություն հանձնել, հետո խմբագրեց իրեն՝ ասելով, թե մեկ անգամ է քննություն տվել, թյուրիմացություն է առաջացել, վիճելի հարց, որը լուծվել է հօգուտ քաղաքացու։ «Այստեղ հարցն այն չէ, թե ինքը Բաղունցի աղջիկն է, թե մեկ ուրիշի, վիճելի հարցի դեպքում հօգուտ քաղաքացու է վճռվում»,- ասաց նա։ Մենք խնդրեցինք հստակ պատասխանել, քանի որ, մեր տեղեկություններով, Բաղունցը կտրվել է մրցույթից, ի՞նչ «թյուրիմացության» մասին է խոսքը։ Առուշանյանը մեր հարցին պատասխանելու փոխարեն անցավ հակահարձակման․ «Ի՞նչ է Ձեր ուզածը, ի՞նչն է Ձեզ այդքան հետաքրքրում՝ ժողովրդի պրոբլեմները սաղ լուծել ենք, մնացել է Բաղունցի աղջկա հարցո՞վ զբաղվենք»։

Իհարկե, Արցախում հազարավոր պրոբլեմներ կան, այդ թվում՝ հարյուրավոր գործազուրկ մարդիկ, որոնք, եթե չլիներ բաղունցների եւ այլոց անօրինականությունը, կարող էին մասնակցել քաղծառայության մրցույթներին, հաղթել եւ աշխատանք ունենալ։ Առհասարակ՝ եթե Արցախում մեծ թվով պրոբլեմներ կան, դա արդարացում չէ օրենքը շրջանցելու համար։ Յուրաքանչյուր օղակ պատասխանատու է իրեն հանձնված տիրույթի եւ գործառույթների մասով, եւ այնպես չէ, որ դեմագոգությամբ այդ գործառույթների կատարումից հրաժարվելն ու օրենքը խախտելը բխում են Արցախի շահերից, եւ Արցախի խնդիրները դրանից նվազում են։