Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի պարտքն է վերադարձրել

 Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի պարտքն է վերադարձրել

Մարտի 25-ին պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում հրապարակվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի հաշվետվությունը՝ ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին։  
Հրապարակված փաստաթղթի նվիրատվությունների բաժինն է ուշագրավ։ Ֆիզիկական անձանց կողմից իրականացված նվիրատվությունները կազմել են 81 միլիոն 420 հազար դրամ: Նվիրատվությունների գումարների չափերը տատանվում են 100 հազարից մինչեւ 10 միլիոն դրամի միջակայքում, քանի որ հաշվետվության մեջ չեն նշվում նվիրատվությունների ժամկետները, ենթադրվում է, որ դրանք աճել են, երբ ՔՊ-ն ընդդիմությունից դարձել է իշխանություն։

Առաջին հայացքից աչքի է զարնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անհասկանալի նվիրատվությունը՝ ՔՊ-ին է փոխանցել 118 հազար դրամ։ Թե ինչու է ընդդիմադիր կուսակցությունը գումար փոխանցել իշխող ՔՊ-ին, փորձեցինք պարզաբանում ստանալ կողմերից։ 
ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը շեշտեց, որ փոխանցումը կատարվել է հեղափոխությունից առաջ՝ տարեսկզբին, երբ դեռ «Ելք» խմբակցությունը չէր տրոհվել, եւ «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ճանապարհները չէին բաժանվել։ Կոնկրետ որ ամսին, որ օրը՝ Հովակիմյանը չհիշեց։ Իսկ ի՞նչ գումար է փոխանցվել։

«Երկու քաղաքական ուժերի միջեւ համատեղ միջոցառումների ժամանակ համաֆինանսավորում է գործել, միջոցառումներից մեկի ժամանակ պլուս-մինուս է եղել, եւ «Ելք» դաշինքի գործընկերն իր մասով, այսպես ասած, պարտք է մնացած եղել ու փոխանցել է պարտքը»,- ասաց ՔՊ վարչության անդամը, սակայն չհիշեց, թե կոնկրետ որ միջոցառման մասին է խոսքը։ 
Բացը լրացրեց Էդմոն Մարուքյանը, հայտնեց, որ անցած տարեսկզբին «Ելք»-ի կազմակերպած թանկացումների երթի համար պաստառների եւ այլ ծախսերի գումարն է։ «Ես, եթե հիշողությունս չի դավաճանում, ասացինք՝ դուք արեք, մենք էդ փողը կտանք, ու տվել ենք»,- ասաց Մարուքյանը։ Նվիրատուների շարքը գլխավորում է «Զիգզագ» ՍՊԸ-ն՝ 5 միլիոն դրամ նվիրատվությամբ․ ի դեպ, այս ընկերությունում բաժնետեր է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրը։ Դրան հաջորդում է Արտաշատի պահածոների գործարանը՝ 1.5 միլիոն դրամ։ Այս գործարանը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի բիզնեսն էր։

Նրա գործընկերը գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին էր՝ Վաչագան Կարապետյանը: Բայց 2017 թվականի ընթացքում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Արտֆուդի» 75 տոկոս բաժնեմասը գնել է «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանաբնակ  գործարար Կամո Ավագումյանը։ Վերջինս ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն է: Մեկ միլիոնի նվիրատվություն է արել նաեւ ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Այս ընկերությունն է շահագործում Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ ունի երկրի ամենախոշոր` Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները: 

«Ես չգիտեմ՝ այդ գործարանը կամ մյուս ընկերություններն ում են պատկանում։ Որ իրավաբանական անձն ով ա, ինչ ա, ինձ չի էլ հետաքրքրում այդ հանգամանքը, որովհետեւ դա որեւէ կապ չունի, ՀՀ-ում գործող իրավաբանական ցանկացած անձ իրավունք ունի նվիրատվություն անելու։ Շնորհակալություն նվիրատուներին։ Կարող եմ ասել միայն, որ այս իրավաբանական անձերը․․․ հիշո՞ւմ եք՝ ընտրություններից առաջ եղավ դրամահավաք-երեկո, այդ դրամահավաք-երեկոյի ժամանակ եղել են անձեր, որոնք նվիրատվություն են արել, բայց քանի որ այդ ժամանակ նախընտրական հաշվեհամար չկար, կար միայն կուսակցության հաշվեհամար, փոխանցել են կուսակցությանը, եւ այդ գումարները ծախսվել են նախընտրական նպատակներով։ 2018 թվականին կուսակցության անդամավճարներից գոյացած ընդհանուր հասույթը կազմել է 11 միլիոն 585 հազար դրամ: Կուսակցության կանոնադրության 3.4 կետի համաձայն, «կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը սահմանում է կուսակցության վարչությունը»

ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ  անդամավճարի նվազագույն չափ է սահմանվել հազար դրամը, միեւնույն ժամանակ լրացրեց․ «Նվազագույնը հազար դրամ է, բայց եթե որեւէ մեկը ցանկանում է շատ գումար տալ, օրենքով թույլատրելի չափով կարող է անդամավճար տալ»։ Ի դեպ, օրենքով թույլատրելիի առավելագույն շեմը կազմում է մեկ միլիոն դրամ։ «Մեկ ֆիզիկական անձի կողմից անդամավճարի առավելագույն չափը տարեկան չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը»,- պահանջում է «Կուսակցությունների մասին» օրենքը: 

Նշենք որ, ՔՊ-ականները տարբեր առիթներով հայտարարել են, որ ունեն մոտ 3 հազար անդամ, դեռեւս ընթացք չի տրվել հեղափոխությունից հետո կուսակցությունը համալրել ցանկացող մոտ 10 հազար մարդու դիմումների։