«Խաղաղության օրակարգի» զոհերը 

«Խաղաղության օրակարգի» զոհերը 

Նիկոլի ասելով, մեկ գիշերվա մեջ ունեցել ենք 49 զոհ: Դա չէր լինի, եթե պետական գումարները ոչ թե վատնվեին պարգևավճարների և այլ հակապետական ծախսերի վրա, այլ ծախսվեին սահմանային դիրքերի ամրապնդման ուղղությամբ: Եվ ներքին ընդդիմադիրների և թշնամու համար «անտեսանելի աշխատանքների» փոխարեն կատարվեին իրական աշխատանքներ: Այդ զոհերը չէին լինի, եթե կառավարությունը զբաղվեր բանակի բարեփոխման և ոչ թե սկզբում 10 միլիոն, իսկ հետո 24 միլիոն դրամով բանակի ծառայությունից ազատելու հակապետական խնդրի վրա կենտրոնանալով: Այս զոհերը չէին լինի, եթե հիմնազուրկ «խաղաղության դարաշրջանի փոխարեն» իշխանությունը կենտրոնանար անվտանգության ողջ համակարգի բարեփոխման վրա: Որովհետև ոչ թե խաղաղությամբ են ապահովում որևէ երկրի անվտանգությունը, այլ հակառակը՝ այդ երկրի անվտանգության մակարդակի բարձրացմամբ են թշնամիներին ստիպում պատերազմի փոխարեն խաղաղություն առաջարկել: Իսկ եթե թշնամիններից որևէ մեկն էլ սխալվեր, ապա նրա դեմ կհելներ կատարելապես սպառազինված և վարժեցված բանակը և ոչ թե կեսգիշերին զանգեր կկատարվեին արտասահման՝ «մեզ օգնեք» խնդրանքով: 

Մեկ-երկու խոսք այդ զանգերի արդյունավետության մասին: Սկզբում արևմտյան արձագանքը. «Եվրամիությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել լարվածությունը։ Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել մարտական գործողություններն ու ինտենսիվ կրակը սահմանին»։ Այս արձագանքի՝ մարտական գործողությունները դադարեցնելու հատվածը ոչինչ չի՞ հիշեցնում: Իհարկե, հիշեցնում է՝ այդպես էր 30 տարի առաջ, այդպես է հիմա: Իսկ մեզ անհրաժեշտ է ոչ թե Բրյուսելի կոչը Երևանին և Բաքվին, այլ պարտադրանքը Բաքվին, որպեսզի վերջինս դադարեցնի իր նախաձեռնած ագրեսիան: Որովհետև երկու կողմին էլ ուղղված այդ կոչը ենթադրել է տալիս, որ ինչ-որ երրորդ երկրի տարածքի համար պատերազմի մեջ են մտել Հայաստանն ու Ադրբեջանը: Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով վարչապետի օրոք այլևս ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնա... Նույնիսկ եփած հավի ծիծաղը կգա...

Այսպիսով, տեսնում ենք, որ Փաշինյան Նիկոլն Իլհամ Ալիևին առաջարկում է «խաղաղության դարաշրջան», իսկ վերջինս դրան պատասխանում է խոշորամասշտաբ ագրեսիայով՝ խլելով առնվազն 49 հայաստանցու կյանք: Ինչ մնում է Թուրքիայի հետ երկխոսությանը, ապա Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ըստ «Հրապարակի», իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հայ-ադրբեջանական սահմանային ներկայիս լարված վիճակը քննարկելով՝ «Հայաստանին կոչ է արել կենտրոնանալ Բաքվի հետ խաղաղ բանակցությունների վրա և «դադարեցնել սադրանքները»»։ Այդ հանգամանքի համատեքստում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին խորհուրդ կտայի թուրք նախկին դեսպան Սերդար Քըլըչի հետ հաջորդ հանդիպմանը համոզել գործընկերոջը, որ Հայաստանն այս անգամ ևս դարձավ ագրեսիայի զոհ: Եվ դա հիմնավորել այն հանգամանքով, որ իր վերադասը պատերազմի անուն լսելով՝ փնտրում է այն բունկերը, որտեղ նա թաքնվել էր 2020 թ.-ի նույեմբերի 9-ի գիշերը: Այնպես, որ Հայաստանին կոչ անելու փոխարեն լավ կլինի, որ այդ կոչն արվի կովկասյան իր հայրենակցին: Որովհետև Ադրբեջանը վաղ թե ուշ փոշմանելու է նման վարքագծի համար: