Որ հունիսի 5-ին իմ պահանջած 100 տոկոս հրաժարական լիներ, մենք էս վիճակում չէինք հայտնվի, պատերազմը չէր լինի

Որ հունիսի 5-ին իմ պահանջած 100 տոկոս հրաժարական լիներ, մենք էս վիճակում չէինք հայտնվի, պատերազմը չէր լինի

Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ

- 2020-ի հունիսի 5-ի ԲՀԿ նիստում հայտարարեցիք, որ պահանջում եք կառավարության 100 տոկոս հրաժարականը, նաեւ բավականին տխուր հեռանկար կանխատեսեցիք։ Արցախի հետ կապված վատ զարգացումներ կանխատեսեցիք, դրանով սկիզբ դրեցիք Ձեր նկատմամբ հետապնդումներին։

- Անկախ ամենից, ես ինչ ասել եմ, ասում եմ, ասելու եմ՝ ո՛չ ձերբակալությունից եմ վախում, ո՛չ որեւիցե մի բանից։ Ես էս երկրում ապրում եմ, իմ համար կարեւորն իմ երկիրն ա, իմ ժողովուրդը, իմ պետության հզորությունը։ Ասեմ, որ անվտանգության կողմից ձերբակալման օրն էլ դատարան էլ չեմ գնացել, գիտեի՝ ձերբակալելու են։ Գնացել-ասել եմ՝ դռները բացեք, եկել եմ։ Եթե դուք ինձ ձերբակալելով խնդիր եք լուծելու, ոչ մի հարց էլ չի լուծվելու․ ո՛չ ժողովրդի սոցիալական վիճակը, ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ Արցախի հարցը, այլ պատասխան եք տալու ժողովրդի առաջ եւ Աստծու առաջ։ Ասել եմ․․․

- Ձեզ զրկեցին անձեռնմխելիությունից, ապա՝ կալանք, բայց ընդամենը 1 ամիս տեւեց, սկսվեց պատերազմը, որը փոխեց երկրում իրավիճակը։ Գուցե դատարանները սկսեցին անկախանալ՝ որոշումներ կայացնել իշխանությունների դեմ, գուցե իրենք հասկացան, որ քաղաքական հետապնդումների ժամանակը չէ։ Հնարավո՞ր է մի որոշ ժամանակ հետո վերսկսվեն հետապնդումները։ Թե՞ կարծում եք՝ հրաժարվել են այդ գործելաոճից։

- Դա ինձ չի հետաքրքրում, ինչ ուզում են, անեն, ես ինչ տեսնում եմ, ինչ մտածում եմ, այն էլ ասում եմ։ Իմ համար ամենակարեւորը պետությունն է, տնտեսությունը, երկիրն ա, ժողովուրդը, ու ցանկացած մարդու կամ քաղաքական գործչի համար ամենակարեւորն իր ժողովուրդն ա, իր պետությունը, պետության հզորացումը՝ միշտ հզոր պետության հետ են հաշվի նստում, եւ կայացած մարդու, հայրենասեր մարդու ցանկությունն ա, որ ինքը հզոր երկրում ապրի։ Եվ անկախ ամեն ինչից՝ մենք ընդդիմություն ենք եղել, թե չէ, ես ամեն ինչ արել եմ, ներդրողներ եմ բերել, շեյխեր եմ բերել, մեծահարուստներ եմ բերել, Իտալիայից էլ, Իսպանիայից էլ, Ֆրանսիայից, Եգիպտոսից էլ․․․ Որ մարդիկ գան, փող դնեն, ծրագրեր իրականացնեն, ու լիարժեք կարողանա պետությունը զարգանալ։ Հիմնական խնդիրը բյուջեի գումարներն ավելացնելն է․․․ Ով գալիս ա՝ «թոշակները կբարձրացնեմ, աշխատավարձերը կբարձրացնեմ»։ Հարց ենք տալիս՝ ո՞նց ես բարձրացնելու, բա եթե բյուջեով հնարավոր լիներ, ցանկացած ղեկավար կբարձրացներ։ Այլ պետք է այս ծրագիրն իրականացնեն, որ աշխատատեղ լինի, արտահանենք, վաճառենք, եկամտահարկ, շահութահարկ, բյուջեն ավելանա 1 միլիարդով․․․ 30 տոկոսը, ասենք թե, կտրամադրեմ թոշակների բարձրացմանը, 30 տոկոսը՝ աշխատավարձերի բարձրացմանը։

- Քանի դեռ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմն իշխանության են, Ձեր ասած ներդրողները կգա՞ն Հայաստան։

- Բայց արդեն ապացուցվել է, որ չեն գա։ Ես առաջին օրվանից եմ ասել, որ այդ անփորձ երիտասարդները չեն տիրապետում։ Կարեւորը ոչ թե խոսելն է, անգիր արած՝ ժողովրդի աչքին թոզ փչելը, այլ մարդը պետք է անցած ճանապարհ ունենա, քարը քարին դրած լինի։ Անփորձ մարդը, պրակտիկա չունեցող, արդյունք ցույց չտված․․․ ո՞նց կարող է ոլորտ ղեկավարի։ Իրական կյանքում արդյունավետ է, որ մարդը փորձ ունի, աշխատել է, արդյունք ցույց տվել, կապեր ունի։ Հասարակ օրինակ ասեմ․ անցյալ տարի մեքենաների վաճառքից 400 միլիոն դոլարից ավել գումար էր․․․ փոխանակ ծրագիր ներկայացնեն, աշխատատեղեր՝ մի 20 հատ գործարան բացեն, որ բյուջեի գումարներն ավելի ավելանային․․․ իրենք 400 միլիոն դոլարը տվեցին բանկին՝ 2 տոկոսով, վաղն էլ նա 12 տոկոսով տալու է ժողովրդին՝ որպես վարկ։ Բայց ո՞նց կարելի ա, դու էսօր աշխատատեղի խնդիր ունես։ Ասում են՝ ներգաղթ լինի․․․ Կամ, ասենք՝ պատերազմը 3 ամիս ա՝ դադարել է, էսօր ամենածանր վիճակն է, անդունդի մեջ ենք, գործազրկություն, աշխատանք չկա, փող չկա, տուրիստ չկա, զարգացում չկա։ Բայց կյանքը շարունակվում է, մարդիկ ապրում են, մարդը պիտի տուն պահի, երեխա կերակրի, ծնող պահի եւ ամենակարեւորը՝ վարկը պիտի փակի։ Մենք ունենք 650 հազար ընտանիք ու 1 միլիոն 700 հազար վարկառու։ Ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ ա՝ հազիվ հասցնում ա վարկը փակել։ Բայց մարդն ուզում ա ապրի, չի ուզում իր վերջին հույսը կորցնի։ Բայց եթե պատերազմ է եւ համաճարակ, տնտեսական ճգնաժամ, ուրեմն պետք է քայլեր կատարվեն․ բանկի տոկոսները սառեցվեն, մարդկանց հնարավորություն տան ապրելու, որոշները՝ զրոյացվեն, թող բանկն էդ տարի եկամուտ չունենա։ Թող դոտացիա տան։ Պետական պարտքն աճում է, թող 200-300 միլիոնով էլ աճի, բայց քո ժողովրդին դու փրկում ես, կյանք ես տալիս, հնարավորություն։ Գյուղատնտեսական վարկերը, սպառողական, որ մարդն ապրելու, գոյատեւելու համար սպառողական վարկ է վերցրել, չի կարողանում՝ հիմա տունը ձեռից առնելով, կամ էլ, ասենք թե՝ թոշակը չկարողանա ստանա, դա ի՞նչ է նշանակում։ Ժողովուրդն էսօր շատ ծանր վիճակում է, ճահիճի մեջ, պետք է կառուցողական քայլեր կատարեն։ Կուսակցական պատկանելությունը կապ չունի, կապ չունի՝ ես եմ ասում, թող դա վերագրեն իրենց։

- Ընդդիմությունն անցած տարվանից միավորման փորձեր է անում, սկզբում «3-ի ֆորմատ»-ն էր, «17»-ի, Հայրենիքի փրկության շարժում։ Ձեր կարծիքով՝ ֆորմատներից ո՞րն էր ավելի գործուն, ավելի աշխատունակ, եւ ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության պայքարը, եւ ընդդիմությունը չի կարողանում հասնել իր դրած նպատակին, ինչպես հայտարարել է՝ իշխանափոխության։ 
 

- Հիմնական նպատակը եղել է երկրի փրկության, ազգի փրկության հարցը, որ բոլորը միավորվեն։ Այսօրվա իրավիճակը, որ բոլորս էլ հասկանում ենք, որ մենք անդունդի մեջ ենք, շատ ծանր վիճակում ենք, ահավոր ծանր, եւ օր-օրի ավելի վատանում է, եւ հիմնական խնդիրը՝ որ ցնցումներ չլինեն, բախումներ, արտագաղթ չլինի։ 

- Բայց ձեր տարաձայնությունները, որքան հասկանում եմ, տակտիկական բնույթի են։

- Մենք տարաձայնություն չունենք, դե, անհամաձայնություններ․․․ հիմա 3 հոգով էլ նստենք․․․

- Դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը 6-ամսյա ճանապարհային քարտեզ դրեց շրջանառության մեջ, խոստացավ, որ կգնա արտահերթ ընտրությունների, բայց օրերս այդ գաղափարից հրաժարվեց։ Ինչպե՞ս եք գնահատում դա, եւ ի՞նչ է փոխվում ձեր գործողությունների մեջ։

- Մեր քայլերի մեջ ոչ մի բան չի փոխվում։ Ինչ որ ասել եմ, էդ ասածները ես պահել եմ։ «Ազգային համաձայնություն» ասածը պետք է լիներ հունիսի 5-ին։ Որ 100 տոկոս հրաժարական լիներ, մենք էս վիճակում չէինք հայտնվի, եւ պատերազմը չէր լինի։ Ամբողջը, ինչ ասել եմ, կատարվել է՝ ձախողումները, պատերազմը, հող հանձնելը, անորոշ կարգավիճակը․․․ էս իրավիճակում անիմաստ էր, անհնար է որեւիցե հաջողություն։ Կապրենք, կտեսնենք՝ 3 ամիս անցել է, 3-ն էլ կանցնի։ Ավելի է վատանալու, ավելի է ծանրանալու։ Ես կարամ գրեմ, ստորագրեմ։ 3 ամիս անցել է, ոչ մի ծրագիր, ոչ մի առաջարկ, եւ հիմա արդեն ունենք 800 միլիոն դոլար գումար։ Հա, թող ներկայացնեն՝ էդ գումարը ո՞ր ոլորտում է դրվում, ի՞նչ է արվում։ Մեր ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, պետք է կազմակերպվի, կապերն ամրացվի, զարգանա։ Ամենակարեւոր խնդիրը ես ասեմ՝ մենք պետք է ամրացնենք մեր բարեկամական կապերը՝ վերականգնենք Ռուսաստանի հետ։ Ոչ միայն խոսքով։ Խոսքով, հասկանում են, բայց իրական էդ բարեկամական կապը պետք է վերականգնվի, ավելի հզորանա, ավելի զարգանա։ Մենք լիարժեք մեկ անգամ եւս տեսանք, որ աշխարհում Ռուսաստանն է հայ ժողովրդի բարեկամը՝ սրտացավ է, մտահոգ է։

- Իսկ ճի՞շտ են լուրերը, որ Փաշինյանը Ձեզ համագործակցության  առաջարկ է արել։

- Այսինքն՝ էդ լուրերը որտեղի՞ց։

- Փոքր երկիր է, լուրերն արագ տարածվում են։

- Դե, մարդիկ քնում-հելնում են, իրենց եզրակացությունն են անում։ Ասեմ, որ այդպիսի բան չկա եւ չի էլ կարող լինել։ 

- Նույնիսկ եթե առաջարկի․․․

- Բացառված է։ Ես նորից եմ ասում՝ իշխանությանը հնարավորություն տրված էր։ Ժամանակ տրված է եղել 3 տարի։ Ազգովի, բոլորը միասնական սպասել են։ Նույնն էլ չի մնացել՝ ավելի ու ավելի վատ․․․ Դա արդեն բոլորին է հասկանալի․․․
Եղել է հանդիպում Փաշինյանի հետ, ԱԺ-ում։ Հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ հրավիրել էր քննարկելու։ Մեր հանդիպումը կարճ է եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչեւ Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի։ Ու ավարտվել է։ Դիմել են, այո, ես ասել եմ՝ չեմ մասնակցելու։ Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, եւ բոլորն էլ թող իմանան՝ մենակ, առանց դաշինքի, առանց որեւիցե մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, այլ ես ասել եմ, մեկ անգամ եւս կրկնում եմ։

- Մի քիչ էլ պատերազմի մասին խոսենք․  ո՞րն էր պարտության պատճառը։ Հնարավո՞ր էր խուսափել։

- Ասեմ եւ ինչ որ ասում եմ, հիմնավորված, ոչ թե ավել-պակաս խոսելով, այլ իրականություն է։ Այո, կարող էր պատերազմ չլինել։ Առաջինը՝ հունիսի 5-ին ես տեղյակ եմ պահել, որ մենք 3-4 ամիս ժամանակ ունենք։ Եվ իմ ձերբակալության օրը, ԱԱԾ շենքի մոտ եմ ասել, որ Ղարաբաղը կորցնելու ենք։ Սա բոլորի համար հասկանալի էր Տավուշի դեպքերով, գեներալ մահացավ, էս-էն, դրանից հետո սկսվեցին զորավարժությունները։ Մենք պետք է նախապատրաստվեինք, Ռուսաստանի հետ պետք է բանակցեինք, բարեկամական կապը վերականգնեինք, նախապատրաստական աշխատանքներ տանեինք։ 21-րդ դարում պատերազմը ավտոմատով կռիվը չի։ Հիմնականն անօդաչուներն են եղել, որ մեր զոհերի 99 տոկոսը բեկորային վնասվածքներից է մահացել։ Օդային համակարգը պետք է փակվեր, ու դրա համար 2 հատ ՏՕՌ համակարգ էր պետք, դիվիզիոն, ամեն մեկը՝ 12 մեքենա, որը մեր ամբողջ Արցախի տարածքը փակում էր։

- Դե, իրենք ասում էին, որ փակ է օդը։

- Ասել են, թող պատասխան տան, բայց, մեկ ա՝ պատասխան են տալու։ Դա փակվել է, երբ Ռուսաստանը եկավ, նրանք փակեցին, եւ դրանից հետո ոչ մի բան չեղավ։ Եվ ամենակարեւորը՝ անկազմակերպ էին․․․

- Բայց վարչապետը Ձեզ էր մեղադրում, Արթուր Վանեցյանին, ասում էր՝ չեկան, չկռվեցին․․․

- Ուրեմն ասեմ, մինչեւ էսօր չեմ ասել․ կազմակերպել եմ, հավաքել եմ, եւ շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը ասել ա՝ էդ 2 հազարին տեղ չկա, որ ուղարկեմ՝ ջոկատ․․․ ջոկատ ուղարկեք։ Փորձնական շրջան են անցել։ Ուղարկել ենք 50-ով, 30-ով։ Ասել եմ՝ ես խոսք եմ տվել, ես պետք է գնամ, ասել է՝ ուղարկենք, հետո կարող ես գնալ, շրջել։ Մեքենաների համար կազմակերպել ենք, բոլորը ուղարկվել են։ Նախագահն էլ է տեղյակ՝ Բակո Սահակիչը, գնդի հրամանատարներն էլ, որտեղ ինչի պահանջ կա․․․ սկսած գիշերային հեռադիտակներից, ռացիաներից․․․ չեմ ուզում մանրանալ։

Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին Վոլոդինը Գոսդումայում նիստ է հրավիրել, որ իրենք պատրաստ են 3 ժամվա մեջ լինել Հայաստանում։ Այդ թղթերն ԱԺ-ն էլ է ստացել, ինձ էլ են տեղյակ պահել․․․

․․․Ռուսաստանն ասել է՝  պատրաստ ենք 3 ժամվա մեջ գալու, խաղաղապահ զորքերը դնելու եւ բանակցային խոսակցություն սկսելու։ Մերժվել են։ Բա եթե կարող էին առանց էս զոհերի, կորուստների, առանց խայտառակ կապիտուլյացիայի, անհետ կորածների, գերիների․․․ եթե մերժում ես, դու պետք է էնքան վստահ լինես, որ հաղթելու ես։ Ինչ ասում եմ, իրականություն է, փաստացի՝ զանգն էլ, պատասխանն էլ, փաստաթուղթն էլ կա։

Արմինե Օհանյան