Բրոնզե մեդալը մեր պայմանների համար ոսկի է․ Դավթյան․ «Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին ու Արթուր Դավթյանին

Բրոնզե մեդալը մեր պայմանների համար ոսկի է․ Դավթյան․ «Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին ու Արթուր Դավթյանին

Oլիմպիական Տոկիոյից հայրենիք են վերադարձել ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն  ու Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։  

«Զվարթնոց» օդանավակայում հայ երկրպագուները մեծ շուքով են դիմավորել Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին:  

«Կարծում եմ՝ մարմնամարզությունում բրոնզե մեդալը ոչ միայն ինձ համար է հաղթանակ, այլեւ բոլորիս: Օլիմպիական խաղերում երրորդ տեղը մեր պայմանների համար ոսկի է: Լավ գիտեք՝ հայկական մարմնամարզությունում դահլիճային պայմաններն ինչ վիճակ է: Կարելի է ասել՝ սառույցը կոտրվեց, Օլիմպիական մեդալն այլեւս մեզ համար հասանելի է: Մեզանից հետո եկող երիտասարդ սերնդի համար ճանապարհը բացվեց: Նրանք կիմանան, որ օլիմպիական մեդալը հասանելի է այլևս։ Նորից եմ ասում՝  մեր վատ պայմաններում այս մեդալը շատ մեծ արդյունք է:

Իրականում սպասում էի, որ մեդալ եմ նվաճելու: Սպասելիքներս ավելի բարձր էին, կարող էի նվաճել ոսկե մեդալ: Մի փոքր լավ չստացվեց երկրորդ ցատկս: Ուրիշ ոչինչ ինձ չէր խանգարում: Լավ պատրաստ էի, լավագույն մարզավիճակում էի, հոգեբանորեն տրամադրված էի: Միայն եզրափակիչում մի փոքր չստացվեց: Այս մեդալը, հաջողությունը Աստծո կողմից տրված էր: Անբացատրելի զգացողություն է, որ չորս տասնամյակ մեդալ չունենալուց հետո, ես եմ նվաճում առաջին օլիմպիական մեդալը մեր անկախ պետությունում: Սա մեր թիմի, մեր մարզիչների քրտնաջան աշխատանքի, բոլորիս բարձր նվաճումն է, ինչով հպարտանում եմ »,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։