Իռացիոնալիզմի հաղթարշավը

Իռացիոնալիզմի հաղթարշավը

Նախկինում ինչ հիմարություն աներ իշխանությունը, կամ ասեր նրա առաջին դեմքը, դա աջակցություն էր ստանում իշխանական կամ իշխանամերձ շրջանակների կողմից: Դա իշխանության նկատմամբ իռացիոնալ վերաբերմունքի դրսեւորման տիպիկ օրինակ էր: 2018 թվականի իշխանափոխությունից հետո ենթադրում էի, որ մեր երկրում իրավիճակ է փոխվելու բազմաթիվ հարցերի առնչությամբ՝ շոշափելով նաեւ նշված երեւույթը:

Բայց կարճ ժամանակ անց վրա հասավ «արթնացումը». խաղադրույքը սխալ հաշվի վրա էր դրվել: «Փրկիչ» Նիկոլի հաստատած «ժողովրդի իշխանության» պայմաններում վերջինիս նկատմամբ իռացիոնալ վերաբերմունքը ոչ միայն չէր կարող վերանալ, այլեւ հասավ բացարձակ ծայրահեղության: Եվ նույնիսկ պատերազմում մեր երկրի խայտառակ պարտությունը չկարողացավ վերացնել այն:

Իրավիճակի փոփոխության երկրորդ հույսը ծագեց արտահերթ խորհրդարանական ընտրության կապակցությամբ: Սակայն դա էլ չարդարացավ: Հետո ընդդիմությունը որոշեց վերցնել մանդատները եւ ուսապարկերի կյանքն Ազգային ժողովում վերածել դժոխքի: Խորհրդարանի առաջին օրերի աշխատանքը ցույց տվեց դրա պատկերը: Վստահաբար, դա այն չէր, ինչ կցանկանայի ես: Հարվածներ սեղանին, գոռգոռոցներ եւ այլն՝ դա լավ կդիտվեր սերժական Հայաստանում, սակայն ո՛չ Նիկոլի օրոք: Նիկոլի ղեկավարությամբ մենք երկիր ենք կորցնում՝ գոռգոռոցով դրա դեմը չես առնի: Հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարը հիշեցրեց, որ իրենք ընտրողից մանդատ են ստացել եւ պետք է գործեն ըստ դրա: Այդ միտքը «զարգացրեց» ուսապարկերից մեկը՝ կոչ անելով զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ինչը պահանջում է մեծամասնության հետ բանավեճի եւ փոխհամաձայնության աշխատանք: 

Սակայն օրենսդրական գործունեությամբ էլ հնարավոր չէ նիկոլական 100 տոկոսանոց «հայանպաստ» ծրագրերը վիժեցնել: Իսկ ընդդիմության վերջնանպատակը հենց դա էր՝ հեռացնել Նիկոլին իշխանությունից եւ կամ նվազագույնը՝ վիժեցնել Նիկոլի հայատյաց ծրագրերը, որ նա փորձում է ներկայացնել որպես հայանպաստ: Ու ստացվում է իռացիոնալ վերաբերմունք նաեւ ընդդիմության առումով: Եվ եթե իշխանական իռացիոնալիզմը խնդիր չի ստեղծում իշխանության համար, ընդդիմության իռացիոնալիզմը խնդիր է ստեղծում պետության լինելիության տեսակետից: Այն խնդրի տեսակետից, հանուն որի ընդդիմությունը մասնակցեց հունիսի 20-ի ընտրությանը ու դրա արդյունքում հայտնվեց խորհրդարանում: Ստացվեց կախարդական շրջան, որից դուրս գալու ելքը չի երեւում: Չի երեւում սահմանադրական ելքը, իսկ ոչ սահմանադրականի հնարավորությունից ընդդիմությունը հրաժարվել էր էն գլխից: Եվ զարմանալի է, որ դա չի ընկալում իշխանությունը՝ ընդդիմության նկատմամբ վախից անվտանգության ռենտգենյան սարքեր տեղադրելով նիստերի դահլիճի մուտքերի առջեւ: 

Չբավարարվելով դրանով՝ սահմանափակեց նաեւ լրագրողների տեղաշարժի ազատությունը խորհրդարանի շենքում: Ինչը, նոնսենս է մի երկրում, որտեղ իբրեւ թե հաստատվել է ժողովրդի իշխանություն: Չնայած նիկոլական տեսակետից դիտարկելու դեպքում կարելի է ենթադրել, որ լրագրողները կապ չունեն ժողովրդի իշխանության հետ, իրենք ժողովրդի իշխանության թշնամիներ են: Ճիշտ այնպես, ինչպես բոլշեւիկյան դիկտատուրայի ժամանակաշրջանում: