Դիվանագետների խորհուրդ են ստեղծում․ որոնք են նպատակները

Դիվանագետների խորհուրդ են ստեղծում․ որոնք են նպատակները

Այսօր՝ ապրիլի 19-ին, «Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։

ԱԳ նախկին փոխնախարարի խոսքով՝ երկուշաբթի տեղի է ունենալու կազմակերպության մամուլի ասուլիսը։ Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են՝  արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,  համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը, հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,  Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը, հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։

Հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով: