Ինչո՞վ է պայմանավորված բենզինի ու դիզվառելիքի գների իջեցումը

Ինչո՞վ է պայմանավորված բենզինի ու դիզվառելիքի գների իջեցումը

Բենզինի ու դիզվառելիքի գները վերջին մի քանի ամսում նկատելիորեն իջել են։ Եթե անցյալ տարվա վերջին բենզինի գինը հատել էր 500 դրամի շեմը, իսկ դիզվառելիքի գինը հասել ընդհուպ 700 դրամի, ապա այսօր արդեն ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է միջինը 330 դրամով, այսինքն՝ մոտ 200 դրամով գների նվազում է եղել։ Նույնը դիզվառելիքի դեպքում է։ Կառավարությունը գների բարձրացման մասով դժվարանում էր որեւէ հիմնավոր բացատրություն տալ, թե ինչու է դոլարի փոխարժեքն իջնում, իսկ նավթամթերքը՝ թանկանում։ Ասում էին՝  միջազգային շուկայում է գների ընդհանուր բարձրացում եղել, մենք էլ դրանից անմասն չենք մնում։

Մենք հետաքրքրվեցինք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից, թե ինչով է բացատրվում գների այդպիսի կտրուկ նվազումը, եւ ինչ միտումներ են նկատվում այսօր։

«Չեմ կարող ասել միտումները, որովհետեւ պրոցեսները կապված են ե՛ւ սանկցիոն փաթեթների հետ, ե՛ւ աշխարհում տեղի ունեցող պրոցեսների։ Գնի իջեցումը եւս դրա հետ է կապված։ Էս պահին որեւէ միջազգային կազմակերպություն հստակ գնահատական չի տալիս, որպեսզի մենք շուկայի համադրելի ուսումնասիրություն կատարենք»,- ասաց Գեւորգյանը։
Փորձեցինք ճշտել՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիանե՞րն են նպաստել նավթամթերքի էժանացմանը, Գեւորգյանն ասաց՝ աշխարհում տեղի ունեցող պրոցեսները, այդ թվում՝ այդ սանկցիաները։

«Վերջերս Եվրոպական Միությունը նոր սանկցիոն փաթեթ է մտցրել, որով առավելագույն գին է սահմանում ռուսական ապրանքների վերաբերյալ, ինչը, իհարկե, դեռ իրականության մեջ ազդեցություն չունի, որովհետեւ ամսի 5-ից է ուժի մեջ մտել»,- ասաց ՄՊՀ նախագահը։
Սանկցիաների մասին խոսեցինք նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ Նա նշեց՝ սա Եվրամիության կիրառած սանկցիաների հինգերորդ փաթեթն է, որը Ռուսաստանից արտահանվող նավթամթերքի վաճառքի արգելք է սահմանել, ինչպես նաեւ մաքսիմալ վաճառքի գներ՝ երրորդ երկրների կողմից գնման պարագայում։

«Էդ սանկցիաներն ազդում են նաեւ մեր առաքումների վրա, որովհետեւ, ինչպես գիտեք, Փոթիի նավահանգստի օպերատորը հոլանդական ընկերություն է եւ ենթարկվում է  այդ սանկցիաներին»,- նշեց Քերոբյանը։

Այսինքն՝ ստացվում է, որ Եվրամիության կիրառած սանկցիաների արդյունքում, համաձայն որի Ռուսաստանը չի կարող բարձր գին սահմանել իր կողմից արտահանվող նավթամթերքի վրա, հարաբերականորեն շահում  են Հայաստանը եւ հայ սպառողը, քանի որ ՌԴ-ից ներկրվող բենզինն ու դիզվառելիքը հիմա ձեռք ենք բերում ավելի ցածր գնով։ Բայց սա էլ իր վտանգներն ունի, քանզի կարող է վաղը դեֆիցիտ առաջանալ։ Լավ կլինի, որ կարողանանք բենզինի, դիզվառելիքի պահուստային պաշարներ կուտակել։