Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները մոտեցել են, բայց ո՞վ է զիջել

Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները մոտեցել են, բայց ո՞վ է զիջել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարում է. «Մեզ հաջողվել է մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ»: Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մասին է, որի շուրջ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են արդեն երկու տարուց ավելի: Միրզոյանը մինչ այդ հայտարարել էր, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները եւ քննարկում է դրանք: Թե որ հարցերի շուրջ է հաջողվել դիրքորոշումները մոտեցնել,  Միրզոյանը չի ասում:

Դիվանագիտական աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնություններ կան տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման իրավական ռեժիմի շուրջ: Ենթակառուցվածքների բացման շուրջ Հայաստանի դիրքորոշումը փոխվել է, ավելի ճիշտ՝ տրանսֆորմացիայի է ենթարկվել: Նախորդ տարվա սեպտեմբերին Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում Փաշինյանը հայտարարում էր. «Պետք է իրավաբանական հարցերը լուծել, թե ինչ իրավաբանական կարգավորմամբ են աշխատելու այդ ճանապարհները։ Դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո, որով անցնում են»: Իսկ ահա փետրվարի 2-ին Ալմաթիում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը նույն Փաշինյանն այլ ձեւակերպում է օգտագործում՝ ասելով. «Ենթակառուցվածքները պետք է գործեն համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են»: Ո՞րն է այս երկու դիրքորոշումների էական տարբերությունը:

Ադրբեջանի իշխանությունները հասկացել են, որ Ադրբեջանին՝ Նախիջեւանի հետ կապվելու համար, Հայաստանից էքստերիտորիալ կարգավիճակ ունեցող միջանցքի տրամադրումը որեւէ լեգիտիմ հիմք չունի, մանավանդ՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո, եւ այդ պահանջը չի կարող աջակցություն ստանալ որեւէ երկրի կողմից, իսկ ռազմական ագրեսիայի միջոցով նման միջանցք բացելը կարող է լուրջ հակազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի, Ռուսաստանի եւ նույնիսկ Արեւմուտքի կողմից: Ադրբեջանը հիմա փորձում է հասնել նրան, որ խաղաղության պայմանագրում հստակ ֆիքսվի այն իրավական ռեժիմը, որը գործելու է Ադրբեջանը Նախիջեւանին կապող տրանսպորտային ենթակառուցվածքների նկատմամբ: Ադրբեջանի ասածն այն է, որ մենք չենք վիճարկում Հայաստանի ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ, բայց եկեք խաղաղության պայմանագրով ֆիքսենք մեզ համար առավել բարենպաստ ռեժիմ: Հայաստանի ասածն էլ այն է, որ որեւէ ռեժիմի ֆիքսման անհրաժեշտություն չկա, որովհետեւ այդ ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի ներքին օրենսդրության համաձայն, այնպես, ինչպես Ադրբեջանի տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքներն են գործելու՝ համաձայն Ադրբեջանի ներքին օրենսդրության, եթե հայկական կողմն օգտագործի այդ ենթակառուցվածքները:

Ըստ մեր աղբյուրի՝ Ադրբեջանը մտահոգություն ունի, որ եթե խաղաղության պայմանագրով չֆիքսվի Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային ենթակառուցվածքների իրավական ռեժիմը, եւ դա թողնվի Հայաստանի ներքին օրենսդրության կարգավորմանը, ապա Հայաստանը ցանկացած պահի կարող է փոփոխության ենթարկել իր ներքին օրենսդրությունն այնպես, որ խոչընդոտներ ստեղծի այդ ենթակառուցվածքների գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանն իրավական ռեժիմի ֆիքսման անհրաժեշտության պահանջը դնում է միայն Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ, իսկ Ադրբեջանի տարածքով անցնող ենթակառուցվածքները գործելու են ըստ Ադրբեջանի ներքին օրենսդրության:

Թվում է՝ Ադրբեջանի պահանջի մեջ որեւէ վտանգավոր բան չկա: Մինչդեռ, եթե Հայաստանը համաձայնի մտնել այդ քննարկումների մեջ, եթե համաձայնի քննարկել այն հարցը, թե ինչ իրավական ռեժիմ է գործելու այդ ենթակառուցվածքների նկատմամբ, դա արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանը մասնակիորեն հրաժարվում է այդ ենթակառուցվածքների նկատմամբ ունեցած իր ինքնիշխանությունից: Բացի այդ, Ադրբեջանը փորձելու է հասնել իր համար առավել բարենպաստ ռեժիմի ամրագրման: Կա նաեւ ավելի մեծ վտանգ․ եթե ֆիքսվի որեւէ կոնկրետ իրավական ռեժիմ, ապա դա կարող է Ադրբեջանին հիմք տալ՝ անընդհատ միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ հիմնավորելով, որ իրավական ռեժիմը խախտվում է, կամ Հայաստանը պատշաճ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:

Հիմա ինչի՞ շուրջ են մոտեցել դիրքորոշումները. Ադրբեջա՞նն է հրաժարվել կոնկրետ իրավական ռեժիմ ֆիքսելու պահանջից, թե՞ Հայաստանն է հրաժարվել իր այն դիրքորոշումից, որ տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն տվյալ երկրի ներքին օրենսդրության պահանջներին համապատասխան: 

Երբ բանակցություններն ընթանում են գաղտնիության ռեժիմով, իսկ հանրային վստահություն չունեցող իշխանության ներկայացուցիչները դրանց ընթացքի ու ձեռք բերված արդյունքների մասին խոսում են ընդամենը ակնարկներով, հասարակության մեջ միշտ մտավախություն կա, որ այդ բանակցությունների արդյունքում Հայաստանը կարող է ավելի շատ կորցնողի, քան շահողի դերում հայտնվել: Մանավանդ՝ կան նախորդ բանակցությունների օրինակը եւ դրանց արդյունքները, երբ Հայաստանը փաստացի միայն կորցրել է՝ ոչինչ ձեռք չբերելով: 

Եվ երբ Միրզոյանը հայտարարում է, որ դիրքորոշումները մոտեցել են, միշտ մնում է կասկածը, որ հայկական կողմն է իր դիրքորոշմամբ մոտեցել Ադրբեջանին եւ ոչ թե հակառակը։

Ավետիս Բաբաջանյան