Տնտեսական աճն իշխանության հետ կապ չունի

Տնտեսական աճն իշխանության հետ կապ չունի

Հայաստանի ֆինանսների նախարարությունն օրեր առաջ տեղեկացրեց, որ միջազգային «Ֆիթչ» վարկանիշային հեղինակավոր գործակալությունը Հայաստանի առնչությամբ բավական լավ գնահատականներ է հնչեցրել։ Մասնավորապես, վերահաստատել է ՀՀ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն B+ վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով «դրականի»: Նման գնահատականի համար «Ֆիթչի» մասնագետները հիմք են ընդունել Հայաստանի տնտեսության դրական աճը, աճի բարձր տեմպը։

Ըստ այդմ, Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականին կազմել է 11,6 տոկոս, ինչն ամենաբարձրն է վերջին 15 տարիների ընթացքում։

Իշխանությունների համար սա, իհարկե, մեդիա-քարոզչական լավ առիթ է։ Հատկապես, երբ իշխանությունն ուրախանալու քիչ բան ունի երկրի կյանքում։

Սակայն առանձնապես պետք չէ ոգեւորվել արձանագրած 11,6 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշից։ Այո, որեւէ մեկը չի ժխտում, որ Հայաստանի տնտեսության վրա դրականորեն է ազդել մարդկանց ու կապիտալի ներհոսքը։ Սակայն ո՞ր մարդկանց եւ ո՞ր կապիտալի։ Հենց սա պետք է հասկանալ։

Հայաստանի տնտեսությունը կարողացել է նման աճ արձանագրել հիմնականում շնորհիվ արդեն մոտ մեկ տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանից սկսված միգրացիոն որոշակի ալիքի, նրանց ապաստան տրամադրելու։ Նաեւ՝ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացված նոր սանկցիոն արշավների, որոնք իրենց հերթին բիզնեսին դրդել են գործադրել, այսպես ասած, «արտակարգ իրավիճակներին հատուկ հարմարվողականություն», ինչի արդյունքում էլ որոշակի կապիտալ է Ռուսաստանից (գնահատվում է ավելի քան 3 միլիարդ դոլար` տարբեր հաշվարկներով) մտել Հայաստան, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է ունեցել տնտեսության վրա։

Այսինքն՝ Հայաստանի տնտեսական դրական դինամիկան, աճի բարձր տեմպն ու աննախադեպ ցուցանիշը, ըստ էության, կապված չեն Հայաստանի իշխանությունների իրականացրած տնտեսական արդյունավետ քաղաքականության հետ, այլ արտաքին ֆակտորով են պայմանավորված։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ Առնվազն այն, որ այդ տնտեսական աճը, կապիտալի ներհոսքը եթե ճիշտ ռելսերի վրա չդրվեն, ճիշտ չկառավարվեն, ապա կարճաժամկետ կերպով կպահպանեն դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Առանց այդ էլ արտաքին ֆակտորն իր մեջ որոշակի անհաստատուն բաղադրիչ է պարունակում։ Ցանկացած պահի արտաքին ֆակտորի փոփոխությունը կարող է մարդկանց եւ կապիտալի ներհոսքի ուղղությունը փոխել։ Ուստի խնդիրն այս դեպքում այն է, թե կկարողանա՞ արդյոք իշխանությունն այս մոտ մեկ տարվա ընթացքում Հայաստան եկած կապիտալն այնպես կառավարել, որ այն մնա երկրում եւ որքան հնարավոր է երկար օգուտ բերի երկրի տնտեսությանը։

Ի դեպ, «Ֆիթչն» այս ամենը «տողատակում» ֆիքսել է։ Ավելին՝ նշելով, որ միգրանտների զգալի մասը Հայաստանում կմնա 2-3 տարի, «Ֆիթչի» մասնագետները, ըստ էության, հստակ ժամկետ են նշել, թե որքան ժամանակամիջոց ունի Հայաստանի իշխանությունը, որպեսզի (եթե շահագրգռված է, իհարկե) Հայաստան եկած կապիտալը ճիշտ հունով ուղղորդի եւ ավելի տեւական դարձնի տնտեսության վրա ունեցած դրական ազդեցությունը։ Եթե այս առումով Հայաստանի իշխանությունները կարողանան ճիշտ քայլեր կատարել, նոր ոգեւորվելու առիթ կունենան։ Հակառակ դեպքում նույնիսկ «Կորեական սցենարով» պատերազմի սառեցումն Ուկրաինայում կարող է միանգամից փոխել թե՛ մարդկանց, թե՛ կապիտալի հոսքի ուղղությունը։