Հ1-ի մասնագիտական դեգրադացիան շարունակվում է

Հ1-ի մասնագիտական դեգրադացիան շարունակվում է
Պետրոս Ղազարյան

Երբ Պետրոս Ղազարյանը դարձավ Հանրային հեռուստաընկերությունում հարց լուծող տղա, սկսեց աջուձախ հանել սրան-նրան: Աղմուկ բարձրացավ, հետո ասացին՝ մարդ կար՝ միանգամից չորս հաստիք էր զբաղեցնում, բայց աղմուկը չի մարում:

Չի մարում, որովհետեւ Պետրոսի օրոք աշխատում են ինտելեկտով ու մասնագիտական կարողություններով չփայլող մարդիկ: Օրինակ, մի աղջնակ միանգամից գնում է ԱԳՆ ասուլիսի եւ հայ-ռուսական հարաբերությունները տեղավորում Արցածի հարցի լուծման տարբերակ մադրիդյան սկզբունքների մեջ: Սույն անտեղյակը դեռ աշխատում է Հ1-ում, ու նաեւ նրա ձեռամբ արագ թափ է հավաքում Հ1-ի մասնագիտական դեգրադացիան:

Հունվարի 29-ին բազմաթիվ լրատվամիջոցներ, նաեւ Հ1-ը, տարածեցին ոստիկանության տրամադրած տեսանյութը՝ վեճ եւ կրակոցներ Աբովյանում․ 30-ամյա տղամարդ է սպանվել: Ու նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանին պատկանող ռեստորանում: Մարդու մականունը նշելն օրինախախտում չէ, բայց նաեւ չի խոսում լրատվամիջոցի բարձր որակների մասին: Հ1-ը Հայաստանի քաղաքացիների փողերով՝ պետբյուջեից սնվող կառույց է եւ պիտի չանի այն, ինչ անում են այլ լրատվամիջոցներ: 
Այս՝ Հայաստանի խորհրդարանում, ցավոք, միշտ էլ եղել են մականունավորներ: Ճոյտ, Շմայս, Լեդի, Լֆիկ, Մուկ, Նովո եւ այլ մականուններով պատգամավորներ ենք ունեցել: Այս ամենը չի հնչել Հ1-ի եթերում: Հիմա՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» հետո հնչում է:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը եւ հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր եւ հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը:

Նախկին պատգամավորի մականունը նշելը սրանցից ո՞րն է: Կամ՝ ինչո՞ւ է նշվում միայն այս մեկի մականունը: Էլ ո՞ւր մնաց «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» հայտարարած հավասարությունը:

Չլինի՞ Պետրոս Ղազարյանը հակահեղափոխություն է նախաձեռնել եւ սկսել է Հ1-ից՝ հայերենից իր բացարձակ անտեղյակությամբ, հավասարության ու արդարության գաղափարների վրա թքած ունենալով ու մասնագիտական դեգրադացիայով:

Անդրանիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ