Թատրոնի նախկին տնօրենը դատի է տվել մշակույթի նախարարությանը

Թատրոնի նախկին տնօրենը դատի է տվել մշակույթի նախարարությանը
Գայանե Կարապետյան

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Բանն այն է, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել էր թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը: Ուստի մշակույթի նախարարությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Լիլիթ Փալանջյանին, ում առջեւ թատրոնի դռները հունվարի 9-ին բացվեցին ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով, քանի որ նախկին տնօրենը երկրում չէր, իսկ թատրոնի դուռը փակ էր։ 

Թատրոնի արդեն նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի է տվել մշակույթի նախարարությանը, առաջիկայում նախարարությունը կստանա դրա մասին ծանուցում։ «Դիմել եմ Աշխատանքային օրենսգրքի խախտման հիմքով, իմ հրամանի առումով իրենք սխալ են թույլ տվել, օրենքը խախտել են, իմ աշխատանքային օրով ինձ հրաման են տվել, մինչդեռ, ըստ Աշխատանքային օրենսգրքի, այդպես չպետք է լիներ։ Թող հիմա նախարարությունը գնա եւ իր անպատասխանատու, անիմաստ քայլերի համար պատասխան տա։ Ինչքան շուտ փակեն այդ նախարարությունը, այնքան լավ, որովհետեւ ոչ մեկն իր գործառույթին չի տիրապետում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ երեւա իրենց անտեղյակությունն օրենքից, ո՞նց կարող է մի ամբողջ կառույց անտեղյակ լինել օրենքից»,- ասում է նախկին տնօրենը։     

Այն, որ համաձայն նախարարության պարզաբանման, դեկտեմբերի 28-ին «Mulberry» էլեկտրոնային համակարգի միջոցով ինքը նախարարության կողմից սահմանված կարգով տեղեկացվել է իր պայմանագրի լուծման հրամանի մասին, Կարապետյանն ասում է, որ «Mulberry»-ն ծանուցման համար որպես հիմք չի ծառայում․ ««Mulberry»-ի համակարգով ինքն ինձ ի՞նչ է տեղեկացրել, որ իմ աշխատանքային օրվա վերջին պահին ինձ հրամա՞ն է տվել։ Ես տնօրեն եմ եւ գոնե դա շատ լավ հասկանում եմ, որ եթե մարդուն պետք է այսօր աշխատանքից ազատեմ, ուրեմն երեկ արդեն ես կախած պետք է լինեմ հրամանը, որ այդ մարդը վաղվանից աշխատանքի մեջ չէ, եւ 3 օրում պետք է գրավոր ծանուցեմ։ Եթե ինքը՝ որպես ղեկավար, դրանից անտեղյակ է, դա ուղղակի թյուրիմացություն է»։      

Թատրոնի նորանշանակ տնօրենը թեպետ չի գալիս թատրոն, բայց թատրոնի կոլեկտիվը շարունակում է ամեն օր փորձեր անել։ «Երեկ իմացա, որ նոր տնօրենը նախարարությունում է գնում աշխատանքի, թե ինչ աշխատանք է անում նախարությունում՝ չգիտեմ»,- ասում է Կարապետյանն ու նկատում, որ նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հարցին լուծում տալ եւ վերանայել այդ որոշումը․ «Բացի այդ, ստորագրահավաք ենք արել այդ որոշման դեմ։ Հետո, այս դերասանախմբի խնդիրը ո՞նց պետք է լինի, ոչ մեկը դրա պատասխանը չի տալիս, նույն նախարարությունը չի՞ մտածում, թե աշխատողն ինչ է անելու։ Նոր տնօրենին տարել է իր կողքի սենյակում աթոռ է տվել, որ տեսեք, թե ինքը գալիս է աշխատանքի՞, իրեն որպես նախարարության աշխատո՞ղ են ընդունել գործի։ Հետո էլ հայտարարում են, թե ինքը կապի մեջ է նախարարության հետ։ Ի՞նչ է նշանակում՝ կապի մեջ է նախարարության հետ, թատրոնի հասցեն Բայրոնի 5-ն է, ինքը կարող է գալ եւ շարունակել իր աշխատանքը, բոլորի աշխատանքը պռավալ է տվել, եկել է, մի օր հանդիպել ու թողել գնացել է, բայց մարդիկ աշխատում են, շուտով ներկայացում ենք խաղալու, փոխտնօրեն կա, եւ նա շատ լավ ղեկավարում է թատրոնի աշխատանքը։ Ես տնօրեն չեմ, բայց քաղիրավական պայմանագրով աշխատում եմ, եւ բոլորն էլ շարունակում են աշխատել թատրոնում»։ 

Գայանե Կարապետյանը հունվարի 16-ին գնացել է մշակույթի նախարարություն՝ ստեղծված իրավիճակում հստակություն մտցնելու համար․ «Ասացի՝ այդքան կանչում էիք, հիմա եկել եմ, ո՞ւր է ընդունման-հանձնման ակտը, որտե՞ղ է հանձնաժողովը։ Պարզվում է՝ իմ հրամանը նորից չկա, դրանից հետո ես նորից վերցնում եմ կնիքը, հետ եմ գալիս մեր թատրոն։ Դրանից հետո, հիմա էլ քրեականի փոխարեն գալիս է թաղայինը, ասում է՝ Դուք պարտավոր եք կնիքը տրամադրել, ասում եմ՝ սիրով, բայց ո՞ւմ եմ տրամադրելու, ո՞վ է հայտարարություն տվողը։ Բացում է թղթերը, պարզվում է՝ հայտարարությունը տրված է Լիլիթ Փալանջյանի կողմից, իմ ազատման հրամանով, որը ես չունեմ»։

Ի պատասխան նախարարության պարզաբանման, որ ինքը հրաժարվել է վերցնել ազատման հրամանը, Կարապետյանն ասում է․ «Ես ասացի՝ ստորագրեք, որ այսօրվա ամիս-ամսաթվով եք ինձ տալիս իմ հրամանը, իրենք փորձեցին ինձ էշի տեղ դնել, խաբել, որպեսզի ես վերցնեմ ու դուրս գամ, բայց ես ասացի՝ ոչ, դուք ստորագրեք, որ ես ամսի 16-ին եմ ստացել իմ ազատման հրամանը, հրաժարվեցին ստորագրելուց, ես էլ ասացի՝ որ վայրկյանին ստորագրված, պատշաճ ձեւով՝ թեկուզ փոստով, կծանուցվեմ, որ իմ հրամանն ուղարկել եք, այդ նույն ժամանակ էլ կգամ հանձնումը կանեմ»։

Նա եւս մեկ անգամ ընդգծում է, որ թատրոնի տարածքը փաստաթղթերով պատկանում է ոչ թե մշակույթի նախարարությանը, այլ՝ պետգույքին, իսկ նախկին կաթսայատան այդ քանդված տարածքն էլ ինքն է ամբողջությամբ վերանորոգել ու թատրոն դարձրել։