Սնանկության կառավարիչը պահանջել է ստուգել «Աշտարակ կաթ» ձեռնարկությունը, Վարդան Հարությունյանը չի կատարել պահանջը

Սնանկության կառավարիչը պահանջել է ստուգել «Աշտարակ կաթ» ձեռնարկությունը, Վարդան Հարությունյանը չի կատարել պահանջը

2016 թվականի վերջին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանն «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչեց։ Ընկերությունը պարտքեր էր կուտակում, ամիսներով գյուղացիներին չէր վճարում մթերված արտադրանքի դիմաց, նույնիսկ փորձում էր փողի փոխարեն գյուղացիների պարտքերը պանրով «փակել»։

Վերջիններս նույնիսկ բողոքի ցույցեր էին անում, բայց չէին կարողանում իրենց փողերը հետ բերել։ Այսօր «Աշտարակ կաթ»-ն է իր պարտքերն ուզում, ավելի ճիշտ՝ այն գումարները, որոնք ժամանակին փոքր խանութները վճարել են իրեն` կաթ, մածուն, պանրի դիմաց, բայց անդորրագիր չեն ուզել։ «Աշտարակ կաթ»-ն էլ «չորով» հրաժարվում է, թե փողի երես է տեսել, ու դատարան է դիմել խանութների դեմ, թե՝ փողերս տվեք։

«Աշտարակ կաթ»-ի դեմ կրկին ցույցեր են անում։ Ընկերությունից տուժած խանութների տերերը դիմել են քրեական հետապնդման մարմիններ, ՖԲ-ում էջ են բացել, համատեղ պայքարում են գոյություն չունեցող պարտքերն ու ԴԱՀԿ կալանքներն իրենց վրայից հանելու պահանջով։ 

Պարզվում է՝ նրանք աննախադեպ շատ են՝ մոտ 2 հազար 600 տնտեսվարողներ, գործարանի նախկին գործընկերներ, փոքր խանութների տերեր կան, որոնց դեմ «Աշտարակ կաթ»-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը մտել է դատարան։  

Երեկ «Հրապարակ» էր եկել տուժողներից մեկը՝ Արսեն Թորոսյանը, որը երեք ձեռնարկություն ունի։ Նա վստահեցնում էր, որ մինչեւ վերջին լուման վճարել է «Աշտարակ կաթ»-ի մատակարարին, սակայն անդորրագրեր չի վերցրել ընկերությունից։ Հաշվապահությունն արվել է «օնլայն»  ստորագրությունների  միջոցով, եւ այժմ սնանկության կառավարիչն իրենից փորձում է ստանալ 2017 թվականից ի վեր մատակարարված կաթի փողերը, որոնք նա վաղուց տվել է։ 

Երեկ «Հրապարակ» զանգահարեց անհատ ձեռներեց Արմեն Խաչատրյանը։ Նա եւս «Աշտարակ կաթ»-ից տուժած խանութպան է, որը դժբախտություն է ունեցել կաթնային այս «բրենդի» արտադրանքը վաճառել։ Նրա դեմ նույնպես կեղծ պարտքերի հայց է ներկայացվել։ «Ինձանից 2 մլն դրամից ավելի գումար է ուզում «Աշտարակ կաթ»-ը, բայց ես նրանց ոչինչ պարտք չեմ»,- ասում է գործարարը։ Զավեշտն այն է, որ «Աշտարակ կաթ»-ի փոխարեն նույն «բրենդն» արտադրում է արցախյան «Պարգեւ» ընկերությունը։ Ամեն ինչ նույնն է՝ ապրանքանիշը, կաթն ու մածունը, մատակարարը։ «Ու էլի նույն մատակարարն է գալիս, իր գումարը վերցնում է։ Նրա անունով թուղթ ունեմ գրված, որ ոչ մի պարտք չունեմ»,- վստահեցնում է Արմեն Խաչատրյանը։ ԴԱՀԿ-ն երկու մլն դրամի համար կալանք է դրել նրա հաշիվներին, որից ազատվելու համար ձեռներեցը ստիպված է եղել գրավադրել իր տունը։

Երեկ մենք լսեցինք նաեւ 2 հազար 600 կազմակերպությունների դեմ հայցեր ներկայացրած սնանկության կառավարչին՝ Խաչիկ Նազարյանին։ Նա սկսեց պատմությունը 2016 թվականի դեկտեմբերից, երբ «Աշտարակ կաթ»-ի տնօրենն ու գլխավոր հաշվապահն իրեն եւ դատարանին էին ներկայացրել դեբիտորների ցուցակ։ Նրանց ընդհանուր պարտքն ընկերությանը կազմում էր 2,2 մլրդ դրամից ավելի։

Այսինքն, ընկերությունը ապրանքն առաքել է, գումար չի ստացել։ «Դրանից հետո դատարանը պահանջել է փաստաթղթերը, մենք ներկայացրել ենք աուդիտորական ընկերությանը, որ ուսումնասիրեն։ Հաշվապահները եւ ֆինանսիստներն արձանագրել են, որ գումարները 99 տոկոսով դուրս են եկել հարկային հաշիվներ։ Այսինքն, կողմն ուղարկել է հաշիվ, իսկ խանութների տերերը ստորագրել են, որ ապրանքը ստացել են, ու չեն վճարել»,- ասում է սնանկության կառավարիչը։ Փաստորեն, գործել է «սեւ» ու «սպիտակ» հաշվապահություն։ Ո՛չ փոխանցումների, ո՛չ էլ առձեռն տված փաստաթղթերով վճարումները չեն երեւում։

Պարզվում է՝ սնանկության կառավարիչը դիմել է հարկային տեսչության ղեկավարությանը՝ պահանջելով, որ, ի դեմս այն ժամանակվա պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի, հարկային ստուգումներ իրականացվեն։ Սակայն ոչինչ չի արվել։ «Ինձ զարմացրել է այն հանգամանքը, որ «Աշտարակ կաթ»-ը 1 մլրդ դրամից ավելի պարտք է ունեցել պետությանը, սակայն ոչ մի անգամ այս ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել»,- ասում է Խաչիկ Նազարյանը։ Նա դիմել է Գլխավոր դատախազություն, քանի որ դեբիտորները հայտնել են, որ փողերը տվել են, իսկ առաքիչները հաստատել են այս փաստը, սակայն վճարումները վավերացնող ոչ մի փաստաթուղթ չունեն։ 

«Հարկերը թաքցվել են, իրական թվերը ցույց չեն տվել, երկու կողմերին էլ դա ձեռնտու է եղել»,-  ասում է սնանկության կառավարիչը։ Ի՞նչ է ստացվում։ Հիմա հարկայինի ղեկավարներն իրենց համար կյանք են վայելում, «Աշտարակ կաթ»-ը» հետ կստանա մի անգամ արդեն «տակ տված» գումարներն ու կվճարի պարտքերը, իսկ տուժելու է կրկին փոքր բիզնե՞սը։ «Իրենք պետք է օրենքով աշխատեին»։

Բայց սխալ է աշխատել ամբողջ Հայաստանը, հիմա բոլորը սնանկանա՞ն։ «Սխալ է աշխատել, մենք էլ դրա համար իշխանափոխություն ենք արել»,- պատասխանեց Խաչիկ Նազարյանը՝ հիշեցնելով, որ ամեն դեպքում որոշողը դատարանն է։ Եթե տնտեսվարողները հիմնավորեն, որ իրենք վճարումները կատարել են, ապա որոշումները կլինեն նրանց օգտին։

Իսկ եթե հակառակ որոշումներ ընդունվեն, եթե դատարանները վճիռներ կայացնեն հօգուտ սնանկ ընկերության, եւ նա կարողանա փոքր խանութպաններից գումարներ պոկելով փակել պետության եւ իր աշխատողների նկատմամբ պարտքերը, ապա վտանգավոր նախադեպ կարող է ստեղծվել։ Այլ գործարարներ եւս՝ ձախողված եւ բարգավաճող, հետեւելով «Աշտարակ կաթ»-ի օրինակին, հարստացման նոր եղանակ կունենան։