Բուհերում մեծ թվով թափուր տեղեր կան, այդ թվում` անվճար համակարգում

Բուհերում մեծ թվով թափուր տեղեր կան, այդ թվում` անվճար համակարգում

Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացնելով Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանն ասել է, որ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:

Ինչպես հայտնի է, 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմորդները հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն: 

«Քննական գործընթացը բավական հանգիստ է անցել: Դրա մասին է փաստում բողոքարկումների սակավությունը. առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով ունեցել ենք ընդամենը 252 բողոքարկում, որից ավելի քան 180-ը վերաբերել է ընթացակարգային, տեխնիկական հարցերին: 15 հոգու պարագայում ընդունող հանձնաժողովի որոշմամբ գնահատականի փոփոխություն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է քննական գործընթացը երկու փուլով կազմակերպելուն, նշեմ, որ բազմաթիվ դիմորդներ երկրորդ փուլում միայն մեկ առարկայի քննություն են հանձնել՝ պահպանելով իրենց գնահատականը»,- ասել է Արմեն Փաշայանը:

Անդրադառնալով պահուստային և թափուր տեղերի վերաբաշխմանը, որոշվել է այդ թեմայով քննարկումները ծավալել միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է քննարկել բուհերին հատկացվող տեղերի ընդհանուր մոտեցումը վերանայելու հարցը՝ բուհին տալով ավելի մեծ ազատություն վճարովի տեղերն օգտագործելու առումով: Անդրեասյանի դիտարկմամբ՝ պետությունը պետք է վերահսկի միայն բյուջետային միջոցներից ֆինանսավորվող տեղերը` բուհին վերապահելով գործունեության ազատություն` ակադեմիական ազատության շրջանակում: