Նորաձեւությունը եւ գեղեցիկ միջոցառում է, եւ բիզնես

Նորաձեւությունը եւ գեղեցիկ միջոցառում է, եւ բիզնես

Երեւանում տեղի ունեցած նորաձեւության շաբաթը բավականին հետաքրքրություն է առաջացրել նորաձեւության աշխարհում բավականին հեղինակություն ունեցող պարբերականների շրջանում։ Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia, Lemile Germany պարբերականներն անդրադարձել են իրենց հրապարակումներում նախորդ շաբաթ Երեւանում տեղի ունեցած այդ միջոցառմանը, որին մասնակցել են նաեւ նորաձեւության աշխարհում ճանաչում ունեցող այնպիսի անձինք, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Ռոգովը, Ռոբերտո դե Ռոզան, Նիկոլայ Օվեչկինը եւ այլք։ 

Yerevan Fashion Week-ի շրջանակներում տեղի ունեցած ավելի քան քսան հայ դիզայներների ցուցադրություններն աչքի էին ընկնում իրենց բազմազանությամբ՝ լիներ դա ոճերի հետ կապված, կոնցեպցիաների, թե գույների։ Ցուցադրություններում կարելի էր գտնել եւ ֆուտուրիզմ, եւ քաղաքային հանդուգն ոճ, եւ կոնտրաստներ։ Կային նաեւ հայ կնոջ ուժեղ եւ աներեր կերպարն ընդգծող ցուցադրություններ, որտեղ գերակշռում էին խիստ երկրաչափական ձեւերը, հայկական ազգային տարազին հատուկ դետալները։ Առհասարակ հայկական տարազին հատուկ բաղադրիչներն ու նախշերը, շարունակում են մնալ սիրված։ 

Ի դեպ, հայ կնոջ ավանդական տարազը ժամանակին բավական սիրված է եղել ռուսական կայսերական պալատում եւ ասում են, որ Նիկոլայ 2-րդի մայրը՝ այրիացած մայր-կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան հանդիսավոր միջոցառումների ժամանակ հաճախ հայկական կնոջ ավանդական տարազ է կրել։ 

Հատկապես մեզ համար հետաքրքիր էր «Տերյան մշակութային կենտրոնի» կողմից Լիլիթ Մելիքյանի ղեկավարությամբ իրականացված ազգային տարազի ցուցադրությունը, որով եւ բացվեց YFW-ն։ Հանրագումարի բերելով տեղի ունեցած գեղեցիկ միջոցառումը, կարեւոր է նաեւ պատասխանել հետեւյալ հարցին՝ ինչ արդյունքներ է այն արձանագրելու բիզնեսի տեսակետից։ 

Այն, որ հայկական նորաձեւությունը սկսեց ավելի տեսանելի լինել միջազգային մակարդակում, իհարկե, ձեռքբերում է։ Սակայն նման միջոցառումները արդյունք են տալիս այն դեպքում, երբ տեղում կա զարգացած տեքստիլ արդյունաբերություն, որը կյանքի կկոչի դիզայներների ստեղծածը։ Հայաստանն, իհարկե, տեքստիլ արդյունաբերության լուրջ ավանդույթներ ունեցող երկիր է, որպես խորհրդային ժամանակների տեքստիլ արդյունաբերության կենտրոններից մեկը, սակայն հարց է, թե ինչ մակարդակի վրա է գտնվում հայկական տեքստիլն այժմ եւ ի վիճակի՞ է արդյոք այն սպասարկելու նորաձեւության ոլորտը՝ թե քանակական, թե որակական առումներով։ 

Հետեւաբար, եթե հարցին բիզնես մտածողությամբ մոտենանք, Yerevan Fashion Week-ը արդյունքներ կունենա, եթե տեղական տեքստիլ արդյունաբերության բազան օգտագործելով, հայկական նորաձեւության ոլորտի դերակատարները գեղեցիկ ցուցադրությունների եւ շլացնող միջոցառման ֆոնին կարողանան համագործակցության նոր հորիզոններ նվաճել, կնքել գործարքներ, որով նաեւ հայկական նորաձեւության ոլորտի բիզնես կապիտալիզացիան կավելանա։ 
Հակառակ պարագայում, Yerevan Fashion Week-ը կմնա որպես գեղեցիկ միջոցառում թե մասնակիցների, թե առհասարակ հասարակության հիշողություններում, որի շրջանակներում Հայաստան եկան զբոսաշրջիկներ, կերան-խմեցին- հիացան ու հեռացան։ 

Արամ Յանին