Հօգուտ Թովմասյանի, ընդդեմ Քոչարյանի և ի նպաստ Վահե Գրիգորյանի

Հօգուտ Թովմասյանի, ընդդեմ Քոչարյանի և ի նպաստ Վահե Գրիգորյանի

Սահմանադրական դատարանի դիմաց երեկ Քոչարյանի աջակիցներն ու Նարեկ Մալյանը՝ իր «Վետոյով», ակցիա էին անում՝ ի պաշտպանություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի։ Նրանք կարծում են, որ իշխանության «սրտի թեկնածու», ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ինքն իրեն հռչակել է որպես ՍԴ նախագահ, ուստի պետք է ՍԴ-ն ու Հրայր Թովմասյանին պաշտպանել նման ինքնահռչակումներից եւ թույլ չտալ, որ Սահմանադրական դատարանը զավթեն։ Բայց ՍԴ-ի դիմաց ակցիա անող միակը չէին նրանք։ Մյուս կողմում էլ մի քանի հոգանոց հակաքոչարյանական ու պրոիշխանական մի խումբ էր, որոնք էլ Վահե Գրիգորյանի շահերն էին պաշտպանում՝ ձեռքի հետ հայհոյելով Քոչարյանին։ Նրանց թվում երկու տարեց մարդ պարբերաբար վանկարկում էին․ «Քոչարյա՛ն, մարդասպա՛ն», ինչը բորբոքում էր քոչարյանականների կրքերը, որոնք «Քոչարյան՝ մարդասպանը» փորձում էին խլացնել «Քոչարյան՝ հերոս» վանկարկումներով։ Որոշները նույնիսկ տաքանում ու սկսում էին վիրավորել Քոչարյանին մարդասպան անվանելով՝ հայհոյելով նրանց ու վանկարկելով՝ «Ոչխա՛ր, հեռացի՛ր», «փչացա՛ծ», «բոշա՛»։ Մի խոսքով, դրամատիկ իրավիճակ՝ կիզիչ արեւի ներքո, «Կարգին հաղորդման» մանրապատումներից մեկին նմանվող։ Երկու հակամարտող կողմերի արանքում պատ էին կազմել ոստիկանները, որ հանկարծ հայհոյանքները ձեռնամարտի չվերածվեն։

ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները ՍԴ-ի դիմացի այս ակցիան տեղավորում են հավաքների ազատության մասին օրենքի ու Սահմանադրության շրջանակներում եւ նորմալ են համարում։ Իսկ Վահե Գրիգորյանի հայտարարությունն էլ՝ իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակելու մասով, դժվարանում են մեկնաբանել կամ բացատրել այնպես, որ հասկանալի լինի՝ Վահե Գրիգորյանը, ի վերջո, ՍԴ նախագա՞հ է, թե՞ ոչ, եթե այո՝ ապա ի՞նչ հիմքով։

Օրինակ՝ Արման Բոշյանը կարծում է, որ դա Վահե Գրիգորյանի իրավունքն է՝ նման տեսակետ արտահայտել։ Հարցին, թե որ տեսակետի մասին է խոսքը, որ ինքնահռչակվում է որպես ՍԴ նախագահ, Բոշյանը նույնը կրկնեց․ «Դա պարոն Գրիգորյանի կարծիքն էր։ Մենք ընտրել ենք դատավոր, գործուղել ենք դատարան, եւ այսքանը»։ ՍԴ-ի ակցիայի մասով էլ ասաց, որ մարդկանց իրավունքն է՝ արտահայտելու իրենց տեսակետներն ու դիմելու օրինական գործողությունների։
Մեր դիտարկմանը, թե իշխանության կողմից կարծես բնավորության գիծ է դառնում՝ հերթով գրավել բոլոր պետական շենքերը, ինստիտուտներն ու պաշտոնները, Արման Բոշյանն ասաց․ «Այսինքն, գրավել ասելով՝ ի՞նչ ենք հասկանում, երբ որ, օրինակ, իշխանությունն իր քաղաքական թիմից նշանակումներ է անում իրեն ենթակա մարմիններում, օրինակ՝ գործադիրում, դա կարա՞նք ասենք գրավում։ Կամ երբ որ ընտրությունների միջոցով պառլամենտ է ձեւավորվում, դա կարա՞նք ասենք գրավում»։

Նկատեցինք, որ պառլամենտը ձեւավորվելուն նախորդեց պառլամենտի շենքը գրավելու ակցիան։ Բոշյանը դա անվանեց քաղաքական գործողություններ, որոնք օրենքի շրջանակներում են։ Անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու մասով, Բոշյանը դա էլ համարեց իրավաբանների հարցը, որ իրենք՝ որպես քաղաքական մարմին, իրավունք չունեն մեկնաբանելու ՍԴ դատավորի խոսքերը։ Մեր հարցին՝ իրենց իշխանությունը նպատակ ունի՞ ՍԴ նախագահին փոխելու, «Իմ քայլի» պատգամավորն ասաց․ «Մենք նման նպատակներ չունենք մեր առջեւ դրած, մենք նպատակ ունենք ՀՀ-ում արդարադատությունը վերականգնելու»։

«Իմ քայլի» իրավաբանական կրթություն ունեցող պատգամավորներից Սուրեն Գրիգորյանն էլ «չորով» հրաժարվեց մեկնաբանել Վահե Գրիգորյանի խոսքերը, քանի որ «ինքը չի գտնում, որ պետք է մեկնաբանություն տա դրա վերաբերյալ», իսկ ՍԴ-ի դիմաց ակցիայի մասով էլ հղում արեց «Հավաքների ազատության մասին» օրենքին, որ եթե այդ օրենքը չի խախտվում, քաղաքացիները կարող են հավաք անել։ Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանը կարող է ԱԺ ամբիոնից ցանկացած բան հայտարարել, դա կարո՞ղ է մնալ առանց մեկնաբանման եւ տարընթերցումների տեղիք տալ, ասաց․ «Տարընթերցումների տեղիք կարող է լինի նաեւ հազարավոր մեկնաբանություններից հետո։ Տվյալ պահին, եթե Դուք նկատի ունեք, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունները մեկնաբանելու կարիք եք տեսնում, ես նման կարիք չեմ տեսնում իմ կողմից»։ Լավ, թող առանց մեկնաբանելու ասի՝ ինքն ի՞նչ է հասկացել Վահե Գրիգորյանի խոսքից, նա ՍԴ նախագա՞հ է, թե՞ ոչ․  իրավաբանականն ավարտած պատգամավորն ասաց․ «Ես հասկացել եմ, որ պարոն Գրիգորյանի պնդումը կայանում ա նրանում, որ նախկին Սահմանադրությամբ, քանի որ Սահմանադրական դատարանի անդամների կարգավիճակ է եղել, այժմ ՍԴ դատարանի դատավորներ են, եւ այդ փոփոխությամբ պայմանավորված՝ ըստ էության, Սահմանադրական դատարանը հիմա ունի երկու դատավոր՝ պարոն Դիլանյանը եւ Վահե Գրիգորյանը։ Այսինքն՝ ես իրա դիրքորոշումիօց դա եմ հասկացել, որ իր դիրքորոշումը կայանում ա դրանում»։ Սուրեն Գրիգորյանը նաեւ վստահեցրեց, որ ՍԴ-ում բոլորին փոխելու նպատակ չունեն իրենք իրենց առաջ դրած․ «Մենք իրացնում ենք մեր սահմանադրական լիազորությունները։ Վահե Գրիգորյանը ներկայացվել էր ՀՀ նախագահի կողմից որպես թեկնածու, ԱԺ քվեարկությամբ իր քվեարկությանը հավանություն տրվեց»։

«Իմ քայլից» փաստաբան-պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ում մտքերը պարբերաբար զավեշտալի քննարկումների առիթ են տալիս իրավաբաններին, այս առնչությամբ հերթական հանճարեղ միտքն արտահայտեց՝ ինքը ոչ մի կերպ չի վերաբերվում ՍԴ-ի դիմացի ակցիային, իսկ Վահե Գրիգորյանի ելույթին էլ վերաբերվում է որպես Վահե Գրիգորյանի ելույթի։ «Փաստերը, որոնք վերաբերվում են, եւ իրավական մեկնաբանությունները, որոնք վերաբերելի են Սահմանադրության 213 հոդվածին, ես էսօր էլ հնչեցրի, հետեւաբար՝ մնացածն իրավակիրառ մարմինների, սուբյեկտների որոշելիք հարցն ա»,- ցաքուցրիվ ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ Դիտարկմանը, թե կարծիք կա, որ իշխանությունը Վահե Գրիգորյանի միջոցով փորձում է զավթել Սահմանադրական դատարանը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց․ «Կա իրավական գործընթաց, էդ մարդիկ պետք է իրավական գործընթացի տրամաբանության ներքո շարժվեն»։

Իսկ ինչո՞ւ մինչեւ հիմա այդպես «բաց, անկեղծ» չէին հայտարարում, որ իրենց նպատակը Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելն է։ Բաղդասարյանն ասաց․ «Եթե չէր հայտարարվում, նշանակում ա, որ նման նպատակ չի եղել»։ Հիմա՞ էլ չունեն նման նպատակ։ «Ես՝ անձամբ՝ ոչ, ես չեմ էլ կարող նման նպատակ ունենալ, որովհետեւ, եթե հիշողությունս չի դավաճանում, ապա նախորդ Սահմանադրությամբ այդ հարցը լուծում էր Ազգային ժողովը՝ նախագահի նշանակմամբ, բայց գործող Սահմանադրությամբ կարգավորումը, եթե չեմ սխալվում, նախագահն է որոշում՝ նշանակված դատավորների կազմից։ Այսինքն՝ դատավորներն են որոշում։ Եթե ես անգամ մեծ ցանկություն ունենամ Վահե Գրիգորյանին տեսնելու ՍԴ նախագահ, էդ ցանկությունը չեմ կարող իրականացնել, որովհետեւ չեմ հանդիսանում ՍԴ դատավոր»,- ասաց պարոն Բաղդասարյանը։