ԵՊԲՀ-ն եւս ներառված է «Ակադեմիական քաղաք»-ում

ԵՊԲՀ-ն եւս ներառված է «Ակադեմիական քաղաք»-ում

«Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձեւավորված առանձին կլաստերների աշխատանքային խմբերն արդեն նիստեր են հրավիրում եւ քննարկումներ իրականացնում։

Օրեր առաջ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում տեղի էր ունեցել Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը, որին մասնակցել էին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներկայացուցիչները։

Բժշկական ուղղությունը կմիավորի 3 կառույցների՝ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը։
Ինչպես տեղեկացանք, բժշկականի ուղղությամբ ձեւավորված աշխատանքային խմբում դեռ որեւէ հանդիպում, քննարկում չեն եղել, դրանք նախատեսված են այս շաբաթ՝ թե՛ առանձին ձեւաչափով եւ թե՛ բոլոր աշխատանքային խմբերի հետ միասին։