ՔՊ-ի հանրային «մասնագետը»

ՔՊ-ի հանրային «մասնագետը»

Հավանաբար քչերը գիտեն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի հանրության հետ կապերի համակարգող, և այդ բարձր պաշտոնը զբաղեցնում է ոմն Վահագն Ալեքսանյան։ «Ոմն» բառն այստեղ գործածում եմ ոչ այնքան նրա անհայտ լինելը,  որքան իմ զարմանքն ընդգծելու նպատակով, որովհետև դույն ոմնը հանդգնում է դասեր ու գնահատականներ տալ և՛ քաղաքական ընդդիմությանը (մասնավորապես՝ ՀՅԴ-ին), և՛ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ 

Սկսենք առաջին նախագահից, ում Վ․ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր մի գրառման մեջ Լևոն է կոչում, իսկ հետո «պոլիտկոռեկտության» դասեր տալիս։ «Նախընտրական ժամանակահատվածներում Լեւոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ»,- ասում է ՔՊ-ական բարձրաստիճան երիտասարդը՝ ի պատասխան Լ․ Տեր-Պետրոսյանի՝ մամուլի խոսնակի շուրթերով արած հայտնի հայտարարությանը. «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»։

Դատելով երիտասարդի գրառումից՝  նա ենթագիտակցորեն ընդունում է, որ Հայաստանում «նախընտրական ժամանակահատված» է սկսվել։

Ի դեպ, դա շատ վատ նորություն է Ն․ Փաշինյանի համար, քանի որ թեև անուղղակի կերպով, բայց ասվում է հանրային կապերի մասնագետ յուրայինի բերանով։ Իսկ անուղղակի է ասվում, որովհետև երիտասարդը խիստ «պոլիտկոռեկտ» է։ «Պոլիտկոռեկտ» բառի սեփական գործածությամբ ինքնահմայված՝ սույն երիտասարդը այնուհետև առաջին նախագահին պոլիտ-խորհուրդներ է տալիս՝ վերջում նույնիսկ պոլիտ-եզրահանգումներ անելով․ «Ափսոս, որ Լեւոնը, լինելով պետության նախագահ, չկարողացավ լինել պետության նախագահ, լինելով պետության նախագահ՝ չկարողացավ կատարել պետության նախագահի գործառույթները, չկարողացավ իրացնել իրեն տրված իշխանությունը ու ինքն իրեն ու բոլորիս ազատել իր՝ անկատար անցյալով ճիշտ լինելու բարդույթից»։ 

Ահա այսպիսի պոլիտ-բարբաջանքներ։ 

Բայց երիտասարդ ՔՊ-ականը չի խորշում ֆեյսբուքյան հեռամարտում էլի՛ նսեմացնել առաջին նախագահին՝ նրան անվանելով «տոտեմների տոտեմ»։ Տղա ջան, տոտեմը, նախ և առաջ, երկրպագության օբյեկտ դարձած կենդանին է, և եթե քո ընկալումները առաջին նախագահի անձի մասին համեմատության այդ մակարդակում են, ուրեմն, ուրիշ բան չասելու համար, միայն պոլիտկոռեկտ ասեմ՝ ողբամ քեզ։ 

Վերևում նշեցի, որ ՔՊ-ական այս նորեռանդ գործիչը մի առիթով «ոչնչացրել» է նաև քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, մասնավորապես Դաշնակցությանը՝ վերջինիս իբր մի ֆեյսբուքային խարդախությունը «բացահայտելու» եղանակով։ 

ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի սկսած ֆլեշմոբը՝ դիսլայք անել վարչապետի ֆեյսբուքյան էջը, որի արդյունքում նրա հետևրդների թիվը երկու օրում նվազել է շուրջ 30․000-ով, անկասկած շոկի է մատնել թե՛ վարչապետին, թե՛ նրա թիմակիցներին, այդ թվում՝ «հանրայինի» մասնագետին։

Եվ ահա հրապարակ է նետվել նոր կեղծարարություն․ իբր ինչ-որ մեկը նոյեմբերի 9-ից 10-ը նախ ֆեյքերի բանակով արհեստականորեն մեծացրել է վարչապետի էջի լայքերի թիվը, ապա, 15 օր անց, գրեթե նույնքան նվազեցրել՝ այդ եղանակով ցույց տալով, թե վարչապետի էջն այդքան մարդ է լքել։

Այս պարզունակ հորինվածքը ՔՊ հանրային կապերի մասնագետը հիմնավորում է մի շինծու գծապատկերով, որից իբր երևում է վարչապետի ֆեյսբուքյան էջի թե՛ նոյեմբերի 9-10-ի լայքերի արհեստական վերելքը, թե՛ այդ ամսի վերջից սկսված անկումը։

Բայց հարց ՔՊ-ի ջահելին․ ՏՏ ոլորտի 1000 մասնագետ-ոստիկաններով հսկվող-պահպանվող վարչապետի ֆեյսբուքյան էջն այդ ի՞նչ մեթոդաբանությամբ են գրոհել-զավթել ֆեյքերը, որ առաջնագծում մշտապես հերթապահող վարչապետն ինքն էլ չի նկատել այդ «աննախադեպ» բանը և չի ներառել իր համապատասխան հավաքածուում՝ որպես «փաստ»։ Կամ՝ ինչպե՛ս են ֆեյքերը նախօրոք իմացել, որ վարչապետը մեկ-երկու օր անց խայտառակ կապիտուլյացիա է ստորագրելու, ուրեմն մի երկու շաբաթից կարելի է նրա հախից գալ՝ դիսլայքերի շքերթ կազմակերպելով։

Սա ի՛նչ զառանցանք է: Զառանցանքը՝ մի կողմ, բայց երիտասարդ ՔՊ-ականի խոսքն ուղեկցվում է  ընդդիմության հասցեին խիստ ամբարտավան և մեծամիտ բառապաշարով նույնպես․

«Տիկնայք և պարոնայք, դուք Հայաստանի Հանրապետության պատմության ամենատկար, ամենախղճուկ, ամենասահմանափակ ընդդիմությունն եք»։ Այս գնահատականը, անշուշտ, ՔՊ-ական «տարընթերցմամբ» հնչում է՝ «․․․ իսկ մենք ամենաուժեղ, ամենահպարտ և ամենախոհեմ իշխանությունն ենք»։ 

Բայց սա արդեն ո՛չ հեգնանք է, ո՛չ զավեշտ, ո՛չ այլ բան․ սա ողբերգություն է։ 

Բոլորիս ողբերգությունը։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ