Կին համայնքապետ է կալանավորվել՝ կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներին դա հետաքրքիր չէ

Կին համայնքապետ է կալանավորվել՝ կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներին դա հետաքրքիր չէ

Հայաստանում ուզածիդ չափ իրավապաշտպան կազմակերպություն կա, մի այդքան էլ՝ կանանց իրավունքներով զբաղվող։ Բայց արի ու տես, որ կին համայնքապետ են ձերբակալում, ապա 2 ամսով կալանավորում, ու որեւէ ՀԿ ոչ միայն ներկա չէ դատարանի մոտ, չի հետեւում դատաքննությանը, այլեւ շատերը տեղյակ էլ չեն։ Նշենք, որ միայն Սյունիքում կա «Կանանց ռեսուրս» կենտրոնների ցանց՝ Գորիսում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում։

Հիշեցնենք․ նախաքննական մարմնի տեղեկացմամբ՝ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը բնակիչներին բանկային փոխանցումներ է արել՝ մինչեւ 220 հազար ՀՀ դրամի չափով։ «Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին, 2021 թ. մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ է տրամադրել նրանց եւ հարկադրել մասնակցել 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին»,- ասում է ՀՔԾ–ն:

Չմոռանանք, որ պաշտոնական քարոզարշավի ամենաթեժ փուլում՝ մայիսի 15-ին, կառավարությունը բյուջեից 500 միլիոն դրամ է հատկացրել, սակայն ոչ թե մարզպետարանին, այլ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին՝ մարզում առաջնահերթություն ներկայացնող հիմնախնդիրների լուծման համար։ ՀՔԾ-ի այս տրամաբանության դեպքում սա եւս ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրակաշառք։ Ի դեպ,  կառավարությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր մարզերին հատկացրել էր 1 միլիարդ 200 միլիոն դրամ գումար, բայց եթե մյուս մարզերի պարագայում փոխանցումն արվել է ուղիղ  մարզպետարաններին, Սյունիքի դեպքում՝ մարզի Զարգացման եւ ներդրման հիմնադրամին՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար։  Ըստ օդում կախված լուրերի էլ՝ մարզպետն ամեն պատահողի բարեւելուց հետո առաջարկում է ԱՁ բացել, մի քանի տող ծրագիր գրել եւ իրենցից օգնություն ստանալ։

Ինչեւէ, չնայած հիմնադրամը հեռախոսահամար ունի, սակայն այդ համարից երեկ որեւէ մեկն այդպես էլ չպատասխանեց։ Իսկ, օրինակ, Սյունիքի առեւտրաարդյունաբերական պալատի հեռախոսահամարից պատասխանեցին եւ հարցին, թե զբաղվո՞ւմ են փոքր եւ միջին ձեռնարկատիրության խրախուսման հարցերով, ասացին․ «Ճիշտն ասած, մենք վաղուցվանից տենց հարցերով չենք զբաղվել»։  

Վերադառնանք կին համայնքապետին․  մեղադրանքը՝ մեղադրանք, սակայն որքանո՞վ է նա հետաքրքրում ՀԿ-ներին, որոնք տարիներ շարունակ տասնյակ հազարավոր դոլարներ են ստացել կանանց հիմնախնդիրների, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային անհավասարության հետ կապված ծրագրեր գրելու ու սեմինարներ անցկացնելու համար։ 2019-ին, օրինակ, Վանաձորում մի այդպիսի՝ «Կինը՝ քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում սեմինար  իրականացվեց ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ, իսկ  ծրագիրը ֆինանսավորվում էր Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից: 

Մենք կապ հաստատեցինք Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է գնահատում կին համայնքապետի նկատմամբ կալանքը որպես  խափանման միջոց ընտրվելու փաստը։ Վարդագույն մազերով տիկինը նախ հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցից ենք։ Լսելով «Հրապարակի» անունը՝ ասաց, որ «Հրապարակն» իրեն հետաքրքիր չէ։ «Իսկ կալանավորված կին համայնքապետը հետաքրքի՞ր է»․ մեր հարցն անպատասխան մնաց, քանի որ տիկին Լարան անջատեց հեռախոսն ու այլեւս չպատասխանեց։ Նույն կազմակերպության գրասենյակից Անուշ Պողոսյանին՝ կանանց իրավունքների պաշտպան, հարցրինք՝ կին համայնքապետն իրենց հետաքրքրո՞ւմ է, եթե անգամ 2-րդ նախագահի կողմնակիցն է։ Ասաց․ «Չէ, Քոչարյանը ստեղ կապ չունի, ուղղակի պետք է սպասենք դատավճռին, դատաքննությանը, մենք չենք կարող հիմա որեւիցե բանով միջամտել՝ անկախ նրանից՝ կին է, թե տղամարդ, եթե մարդը մեղավոր ա, կապ չունի»։ Սիսիանի «Կանանց ռեսուրս» կենտրոնի գործադիր տնօրեն՝ ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ օգնականի միջոցով փոխանցել էր, որ ե՛ւ զբաղված է, ե՛ւ չի ուզում խոսել այդ թեմայով։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցն էլ հարցին, թե ինչու իրավապաշտպան ՀԿ-ները չեն զբաղվում կին համայնքապետի իրավունքներով, ասաց․ «Խնդիրն այն է, որ շատ դժվար է գնահատական տալ մի բանի, ինչի մասին չունես եւ չես կարող տեղեկություններ իմանալ։ Կալանքի հետ կապված գործընթացը փակ է, ու էս իրավիճակում ես, իհարկե, կդժվարանամ։ Իհարկե, ցանկալի չէ, որ կանայք լինեն անազատության մեջ, բայց կան հարցեր՝ ինքն ինչ գործողություն է արել, ինչ ազդեցություն կարող է ունենալ։

Ինչ վերաբերում է կալանքին, գիտեք՝ սա կապված է գործի նյութերի հետ, որովհետեւ պետք է հստակ հիմնավորում լինի, էդ ամենը շատ հիմնավոր լինի, որովհետեւ կալանքը… բայց քանի որ ո՛չ Դուք, ո՛չ ես չգիտենք, թե ինչ է ներկայացրել քննչական մարմինը, շատ կդժվարանամ։ Գուցե, չգիտեմ, ազդեցության հետ կապված խնդիրներ կան, վկաների վրա․․․ (ճնշում), ես, անկեղծ ասած, իր հնարավորությունները չգիտեմ, չեմ կարող ասել, թե իր ազդեցությունն էնքան մեծ ա, որ իսկապես կարող է․․․ եթե, օրինակ, դա վերաբերեր Ռոբերտ Քոչարյանին, կարո՞ղ է ազդեցություն ունենալ ինչ-որ մի խմբի վրա, չգիտեմ, իրեն իմանալով՝ կարող եմ ասել, որ կարող է»։

Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ կին համայնքապետը գերադասեց 2 ամսով կալանքը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի նախագահ Զարուհի Հովհաննիսյանն էլ տեղյակ չէր կին-համայնքապետի կալանքից ու  գործից․ «Եթե կա ապօրինություն, օրինակ՝ կալանքի վայրում բռնության հետ կապված խնդիր, իհարկե, կզբաղվեմ, որովհետեւ ունեմ այդ մանդատը»։