Անցնող տարվա թոփ արտահայտությունները․ մաս 2-րդ

Անցնող տարվա թոփ արտահայտությունները․ մաս 2-րդ

Անցնող տարին բուռն էր ու իրադարձություններով լեցուն։ Նախ սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնց կուլմինացիոն հանգրվանը եղավ Հայաստանի թավշյա հեղափոխությունը, ապա հետհեղափոխական զարգացումներն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այդ ողջ ընթացքը ուղեկցվեց այս կամ այն քաղաքական գործիչների հայտարարություններով, ու արտահայտություններով, որոնք սոցցանցերում բուռն քննարկումների արժանացան, երգիծական ելևէջներ ստացան և իրենց տեղը գտան քաղաքացիների առօրյա շփումներում։ 

1. Ապրիլի 23-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ ժողովրդին դիմելով վերջին անգամ՝ որպես երկրի ղեկավար։ Հրաժարականի տեքստի ամենաանսպասելի հայտարարությունը հետևյալն էր՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի», իսկ թե ինչո՞ւմ էր Փաշինյանը ճիշտ և ինչո՞ւմ՝ Սարգսյանը սխալ, այդպես էլ պարզ չդարձավ։

2․ Մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը, հանդիպում տեղի ունեցավ նրա և Փաշինյանի միջև։ Հենց այդ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը Փաշինյանին ասաց, որ «7 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը չի կարող խոսել ժողովրդի անունից», իսկ իր ընտրության ժամանակ ԱԺ-ում էլ Էդմոն Մարությանին ասել էր հետևյալը՝ «Ձեր գործընկերջը փողոցից ետ բերեք»։ Իսկ նրա «Դուք Մարտի 1-ից դասեր չեք քաղել» նախադասությունը նույն օրը Հանրապետության հրապարակում աննախադեպ թվով քաղաքացիների հավաքեց։

3․Քաղաքացիները բազմիցս ականատես եղան, որ վարչապետը երբեմն ափերից կարող է դուրս գալ։ Նրա հնչեցրած մի քանի արտահայտությունները շատերի կողմից որպես սպառնալիք որակվեցին, շատերն էլ փորձեցին արդարացնել դրանք, թե ոչ մի սպառնալիք էլ չկա, բայց  «Ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» և «դրանցով ԱԱԾ-ի զբաղվելու» դեպքերի ականատեսը, այնուամենայնիվ, եղանք։ 

4․ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՔԾ կանչվելու և մեղադրանք առաջադրելու օրը նա հարցազրույց տվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը։ Նա իր նկատմամբ իրավապահների կատարած գործողությունները որակեց որպես քաղաքական հետապնդում և հավելեց՝ «կգնամ, կնստեմ, կպայքարեմ»։

5․ Բավականին շատ «ջուր վերցրեց» ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտնի ֆրազան՝ «այդ նույնը կարո՞ղ եք անգլերենով ասել»։ Շատերի կարծիքով՝ Հարությունյանի արարքը ուսուցչուհու նկատմամբ, որը բարձրացնում էր դպրոցներում օտար լեզվի դասավանդման հարցը, այդքան էլ կոռեկտ չէր։ Այնուամենայնիվ ուսուցչուհին պատվով հաղթահարեց նախարարի քննությունը՝ չնայած որ վերջինս այդքան էլ գոհ չէր․ «Դուք արդեն ստեղծագործում եք»,- ուսուցչուհու պատասխանից դժգոհ՝ ասաց նախարարը։

6․ Կառավարության՝ նախարարությունների օպտիմալացման ծրագրից հետո դեռևս հայտնի չէ, թե «մշակույթն ով է», բայց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարար նշանակվելուց հետո վստահաբար հայտարարում էր՝ «մշակույթը ես եմ»։

7․ՕԵԿ նախկին առաջնորդ Արթուր Բաղդասարյանին ձանձրացրել էին 2008 թվականին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն վերաբերող հարցերը։ Նման հարցերից մեկի ժամանակ նա այլևս չդիմացավ ու պոռթկաց՝ «Եղբայր, հասկացանք, սխալվել ենք»։

8․ Հայկ Մարությանի «շախմատային» քաղաքականությունը, ըստ որի՝ կան «կան սև ուժեր և կան սպիտակ ուժեր» քաղաքական շրջանակներում երկար քննարկվեց։ «Հեղափոխությանը սատարած» ուժերը փորձեցին ամեն ինչ անել ՝ ապացուցելու, որ իրենք սպիտական են, իսկ խաղի «դոն» հանրապետականն էլ ընտրություններին նախորդող «գիշերները» միանգամից բացվեց՝ իր նախընտրական պլակատները գունավորելով բավականին «մտահոգ» սև և սպիտակ երանգներով։ 

9․ Վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրվանից Փաշինյանը բավականին «ահեղ» ընդդիմություն ունեցավ։ Հեղափոխականները հակահեղափոխության վտանգը սպասում էին հանրապետականամերձ շրջանակներից, մինչդեռ «վտանգը» այլ տեղում էր հասունանում․ Անի Զախարյանն էր փորձում նոր հեղափոխություն իրականցնել, և նոր-նոր ընտրված Փաշինյանին գահընկեց անել։ Նա բավականին «օրիգինալ» կարգախոս էր մշակել՝ «Քայլ արա՛, մերժի՛ր Նիկոլին, թռիչք արա՛, միացի՛ր Անիին»։

10․ Հուլիսի 4-ին ԱԱԾ-ն շրջափակեց Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի առանձնատունը։ Շուրջ 9 ժամ տևած գործողություններից հետո Սաշիկ Սարգսյանին և նրա որդուն ՝ Հայկ Սարգսյանին ԱԱԾ-ն իր հետ տարավ։ Մինչ այդ Հայկ Սարգսյանը «իրերն էր հավաքում»։ Հարցին թե ի՞նչ է ճամպրուկի մեջ, պատասխանեց՝ «իմ շորերն են՝ տրուսիկ, մայկա»։