Զրո տոկոս տոկոսադրույքով վարկեր՝ սահմանամերձ համայնքներին

Զրո տոկոս տոկոսադրույքով վարկեր՝ սահմանամերձ համայնքներին

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր զեկուցեց գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքը սահմանել զրո, նախկինում տրամադրված վարկերի տոկոսադրույքը սահմանել զրո՝ նախկինում 3 տոկոս էր, իսկ կոոպերատիվներին տրամադրվող 3 տոկոս, այլ գյուղացիական տնտեսություններին տրամադրվող 5 տոկոս տոկոսադրույքով վարկերը կպահպանվեն։ Զրո տոկոս տոկոսադրույքով վարկերը տրամադրվելու են 3-15 մլն դրամի չափով՝ նախկին 3-10 միլիոնի փոխարեն, և դրանք պետք է օգտագործվեն գյուղատնտեսության ոլորտում։ Այդ տոկոսադրույքներից զատ, այլ ծախսեր չեն նախատեսվում՝ սպասարկման վճար և այլն։

Գեղամ Գևորգյանը որպես հիմնավորում նշեց, որն ներկայումս գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը, գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և հողաբաժինների մասնատվածությունը, խոշոր ապրանքային տնտեսությունների ցածր տեսակարար կշիռը, գյուղատնտեսությունում տնտեսվարողների համատեղ գործունեության ոչ բավարար ընթացքը և այլն։ «Առևտրային բանկերի կողմից հիմնականում տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով դրանք գրեթե անմատչելի են արտադրատեխնիկական բարդ պայմաններ և իրացման դժվարություններ ունեցող բազմաթիվ տնտեսվարողների համար, ուստի պետական հովանավորչական քաղաքականության իրականացումն անհրաժեշտ պայման է հանդիսանում գյուղատնտեսությունում տնտեսվարողների կարողությունների հզորացման, արտադրության ծավալների ընդլայնման և գյուղատնտեսական արտադրության մրցունակության բարձրացման համար։

Դրա հետ մեկտեղ կարևորագույն խնդիր է վարկերի նպատակայնության մակարդակի բարձրացումը, վարկերի գումարի և վարկավորման ժամկետների ավելացման միջոցով դրանց նպատակաուղղումը տնտեսությունների խոշորացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսվարողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը»,- ասաց Գեղամ Գևորգյանը։