Գնացեք նույն գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, տարեք նստացրեք էդ մարդկանց․ վարչապետ

Գնացեք նույն գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, տարեք նստացրեք էդ մարդկանց․ վարչապետ

Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, թե ինչու չեն լուծում գազալցակայանների և բենզալցակայանների հարցը։

«Ինձ ամեն օր ասում են, որ չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս։ Ընդ որում, էդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան, ինչի չեք էդ հարցը լուծում, ինչքան պիտի էդ հարցը մնա։ Պաշտոնապես ասում են, որ չեն տալիս կտրոն, ինչի չեք լուծում էդ հարցը»,- զայրացած տոնով հայտարարեց վարչապետը։

ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ ճիշտ է՝ արձանագրվում են խախտումներ, բայց Հարկային մարմինը չի կարող ամեն վայրկյան հսկողություն իրականացնել։

Վարչապետն ընդհատեց նրան՝ հարցնելով, թե ՊԵԿ-ը նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող է տուգանել կտրոն չտալու համար։ Մանուկյանն ասաց, որ, ըստ էության, մի քանի անգամ, սահմանափակում չկա։ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Չկա՞ սահմանափակում, դե գնացեք նույն գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա»։