Կոռուպցիայի դեմ պայքարի օգնականի կարիք չկա՞

Կոռուպցիայի դեմ պայքարի օգնականի կարիք չկա՞
Արեն Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանին հարցրինք` ո՞վ է լինելու իր իրավահաջորդը` Փաշինյանի նոր օգնականը կոռուպցիայի դեմ պայքարի գծով։

«Նոր նշանակման մասով որեւէ տեղեկություն չունեմ, չգիտեմ` ինձ ով կփոխարինի ու կփոխարինի՞, թե՞ ոչ»։ Հնարավո՞ր է այդ հաստիքն ընդհանրապես վերանա։ «Կդժվարանամ ասել»: Եթե որեւէ մեկը փոխարինի, «ընդունման-հանձնման» խնդիր կառաջանա՞։

«Եթե ինձ ինչ-որ մեկը փոխարինի, ամբողջ տեղեկությունն անպայմանորեն կփոխանցվի իրեն, եթե ոչ՝ ինֆորմացիան կլինի հուսալի ձեռքերում․ կառույցներ ունեն, որոնք զբաղվում են դրանով»: Եթե որեւէ մեկը չնշանակվի, կարո՞ղ ենք ենթադրել, որ այն ավելորդ էր, եւ Ձեր պատգամավոր դառնալով՝ «հաջողության պատմությունն» ավարտվեց։

«Յոթ ամսվա ընթացքում մեր կատարած աշխատանքի արդյունքներն առավել քան տեսանելի-շոշափելի էին, ինքս չեմ տա իմ աշխատանքի գնահատականը, որովհետե կոռեկտ չի լինի»: Գումարային տեսքով ինչպիսի՞ն էր այդ աշխատանքը։ «Վերջին խոշոր բացահայտումը վերաբերում էր պաշտպանության ոլորտին, մասնավորապես՝ 2009-2017թթ. չմատակարարված սպառազինությունների քրեական գործին․ վերականգնվել է 6,5 միլիարդ դրամ, եւս 1,2 միլիարդը վերականգնման ընթացքի մեջ է։ Նաեւ գիտեք` կա հարուցված գործ` «Վեոլիա ջրի» մասով»:

Դուք որտե՞ղ եք Ձեզ լավ զգում` պատգամավորի մունդիրո՞ւմ, թե՞ կոռուպցիոներների դեմ պայքարում։ «Գործադիրում վատ չէի զգում, օրենսդիրում էլ ունեմ հստակ պատկերացումներ` ինչով պետք է զբաղվեմ»: Ասում էիք` անկողինն առել-գնացել եք կառավարություն, այնտեղ եք քնում, որովհետեւ աշխատանքը շատ է, ժամանակ չունեիք տուն գնալու. բերելու եք այստե՞ղ Ձեր անկողինը։ «Չեմ կարծում, որ բերեմ, թերեւս կարիք չլինի»: Թողնելու եք կառավարությունո՞ւմ։ «Ոչ, տուն կտանեմ»: