Գաբրիել Ղազարյանը խաբեց Նիկոլ Փաշինյանին

Գաբրիել Ղազարյանը խաբեց Նիկոլ Փաշինյանին

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները, որը պետք է կառուցվի Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում, վրդովված են վարչապետ Փաշինյանի և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի միջև կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած երկխոսության առիթով:

Նախարարը զեկուցում էր, որ փոխվել են, ավելի հարմար են դարձվել երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորման պայմանները, և վարչապետը հարցրել էր, թե արդյոք լուծվե՞ց «Վերածնունդ» ծրագրի շահառուների խնդիրը, ինչին նախարարը դրական պատասխան տվեց:

«Դա բացահայտ սուտ է: Իրենք հայտարարեցին, որ մենք էլ ենք դրա տակ մտնում ու մեր խնդիրը լուծված է, բայց մենք դրա տակ չենք մտնում: Դրանք տարբեր ծրագրեր են: Մերը վերաբերում է ոչ միայն երիտասարդ ընտանիքներին, այլև մինչև 45 տարեկան երիտասարդ մասնագետների, որոնք կարող են նաև ամուսնացած չլինել: Երիտասարդ ընտանիքների ծրագրով ամուսինների ընդհանուր տարիքը չպետք է գերազանցի 70 տարեկանը, մինչդեռ «Վերածննդի» ծրագրով նման սահմանափակում չի եղել: Երկրորդը՝ մեր շենքի հիմքը նոր են փորել, իսկ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը ենթադրում է, որ ձեռք բերվող գույքի շինարարությունը 80 եւ ավելի տոկոսով ավարտված լինի, այսինքն, մեր շենքերի վրա դա չի տարածվում: Եւ վերջապես, ԿԲ-ն հրաժարվել է մեր ծրագրի վերաֆինանսավորումից, այլ բանկեր մեզ չեն ֆինանսավորում, միայն ՎՏԲ-ն է, որի պայմաններն այնքան էլ հարմար չեն: Կոնկրետ ուղիղ հարցին կառավարությունից սուտ պատասխան տվեցին», - ասում է «Վերածնունդ» ծրագրի 900 շահառուներից մեկը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին նրանք նամակով դիմել էին վարչապետին, հայտնել էին նրան, որ ֆինանսավորման պայմանները փոխվել են, սակայն  մինչ օրս ոչ կառավարությունից, ոչ ԿԲ-ից պատասխան չեն ստացել: Փաստորեն, այս պահին «Վերածնունդ» ծրագրի շահառուներին թանկ վարկ են տալիս: 2017 թվականին ԿԲ-ն վերաֆինանսավորում էր բանկերին:

Դրա հաշվին ծրագրի շահառուների համար հիփոթեկի տարեկան տոկոսադրույքը իջել էր: Բայց Փաշինյանի գալուց հետո ԿԲ-ն ձեռքերը լվաց: Արդյունքում տարեկան տոկոսադրույթը «Վերածնունդ» ծրագրի շահառուների համար դարձավ մոտ 11 տոկոս, այսինքն, շուկայականին շատ մոտ: Կենտրոնական բանկը հայտարարեց, որ պարտավոր չի վերաֆինանսավորում կատարելու: Դա տեղի է ունեցել ԱԺ ընտրություններից առաջ, հենց այն ժամանակ, երբ Փաշինյանը «լայվ» մտավ ու հայտարարեց, որ երիտասարդ ընտանիքների համար սենսացիոն ծրագիր է մշակվել:

Չի բացառվում, որ ԿԲ-ն հրաժարվել է մի ծրագրից, Նիկոլի խոստացած փոփոխությունը կյանքի կոչելու նպատակով: Մենք փորձեցինք լսածի կապակցությամբ ստանալ «Վերածնունդ» ծրագրի պատասխանատու՝ սպորտի և երիտասարդության  նախարարի նախկին տեղակալ Արսեն Քարամյանի մեկնաբանությունը: «Նախկինում մեր ծրագիրը սպասարկվում էր առանձին վերաֆինասավորման գործիքի կիրարկմամբ ու այն չէր կապվում պետական նպատակային ծրագրի հետ։ Իմ համեստ տպավորությամբ այո՝ այն չի տարածվելու մեր շահառուների վրա, կամ էլ կենտրոնական բանկն ասում է՝ այո, կառուցեք մինչև 70֊80 % ավարտվածության աստիճանի, և միայն դրանից հետո շահառուները կարող են օգտվել պետական նպատակային ծրագրի պայմաններից, իսկ 70-80% մենք մեր ռեսուրսներով՝ եթե կառուցենք, ապա կառուցապատման արժեքը որոշակիորեն կբարձրանա», - ասաց նա: Նաև տեղեկացրեց, որ երկուշաբթի կփորձի տեղեկանալ կառավարությունից ու ԿԲ-ից, թե հստակ ինչ լուծում է առաջարկվում 2010 թվականի հունվարի 29-ի որոշման վերջին լրամշակմամբ «Վերածննդի» շահառուների համար: «Հուսանք որ այն այնուամենայնիվ ինչ-որ կերպ կդյուրացնի շահառուների գործը» - ասաց Արսեն Քարամյանը։ 
Պետական նպահակային ծրագրի հեղինակներից են եղելել բացի Արսեն Քարամյանից, նաև Տիգրան Սարգսյանը՝ 2010 թվականին, Վաչե Գաբրիելյանը և Վարդան Արամյանը: Հետագայում բոլոր վարչապետների ժամանակ էլ ինչ-որ փոփոխություններ արվել են: