Արդար դատաստան

Արդար դատաստան

«Պայմանավորվենք տնտեսական հիմքի վրա. ես չեմ ուտի քո խոտը, իսկ դու փոխարենը, կամավոր, ինձ կմատակարարես քո միսը»:
Կարել ՉԱՊԵԿ, «Գայլը եւ այծը»

Բեմը ներկայացնում է մի հարթակ, որտեղ դրված են մի սեղան եւ մեկ բազկաթոռ, որին հանդիսավորությամբ բազմել է ԱՌՅՈՒԾԸ: Վարը, որոշ տարածության վրա, տեղավորվել են մյուս գազանները՝ ով ինչպես եւ որտեղ կարող է:

ԱՌՅՈՒԾ - (դիմելով Աղվես-քարտուղարին) - Ի՞նչ բողոքներ ունենք այսօրվա ատյանի համար:

ԱՂՎԵՍ - Շատ չեն, Ձերդ առյուծարքայություն, ընդամենը երկու բողոք:

ԱՌՅՈՒԾ - Կարդա, տեսնենք:

ԱՂՎԵՍ - Առաջին բողոքը ոչխարներից է…

ԱՌՅՈՒԾ (զարմացած) - Նորի՞ց:

ԱՂՎԵՍ - Այո, դարձյալ, Ձերդ փառահեղաբաշություն, գայլերից են բողոքում, գրել են, թե հանգիստ չունեն նրանց երեսից, եւ խնդրում են արդար ու խիստ միջոցներ կիրառել:

ԱՌՅՈՒԾ (դժգոհ, դիմելով Խոյին) - Լսի՛ր, ոչխար…

ԽՈՅ (արժանապատվությամբ) - Ես ոչխար չեմ, ես խոյ եմ:

ԱՌՅՈՒԾ (վրդովված) - Միեւնույն է, ոչխար ես: Համը հանեցիք, ամեն անգամ ձեր բողոքներն ենք քննարկում եւ ամեն անգամ՝ գայլերի դեմ, ի՜նչ անհաշտ նկարագիր ունեք դուք՝ ոչխարներդ, չե՞ք կարող, ինչ է, հաշտ ու խաղաղ ապրել կողք-կողքի: Լեզու գտեք իրար հետ, վերջապես, օրինակ՝ ես հրաշալի հարաբերություններ եմ հաստատել վագրերի հետ, մեկս մյուսից դժգոհելու ոչ մի պատճառ չունենք: Ճի՞շտ է, վագր եղբայր:

ՎԱԳՐ (մռնչալով) - Ուաաաաա, ճիշտ է, մեծ եղբայր, մենք տարբեր տեղերում ենքորս անում, ուաաաա…

ԱՌՅՈՒԾ - Ահա, տեսա՞ք: Իսկ դուք շարունակ բախումների մեջ եք:

ԽՈՅ - Մենք խաղաղ ենք, մենք մեզ համար արածում ենք, բայց գայլերը շարունակ հարձակվում են եւ լուրջ վնասներ պատճառում մեզ: Մինչդեռ մենք երբեք չենք հարձակվել գայլերի վրա, հետեւաբար՝ ոչ մի վնաս չենք պատճառել նրանց:

ԳԱՅԼ - Սո՜ւտ է, դուք ամենավտանգավոր, ամենաագրեսիվ եւ ամենանենգ կենդանիներն եք եւ եթե դուք չլինեիք, մենք՝ բոլոր գազաններս, հաշտ ու խաղաղ կապրեինք իրար հետ, մինչդեռ…

ԱՌՅՈՒԾ (դժգոհ, ընդհատում է) - Ես քեզ ձայն չեմ տվել:

ԱՂՎԵՍ (մեղրածոր) - Բայց նա բողոք ունի, Ձերդ սաստկամռնչություն, եւ շա՜տ լուրջ:

ԱՌՅՈՒԾ - Ո՞ւմ դեմ է բողոքում:

ԱՂՎԵՍ - Ոչխարների, եւ շատ հետաքրքիր փաստաթուղթ է, կարելի է ասել՝ նոր խոսք է իրավագիտության մեջ, եւ Ձերդ անաչառամտությանը լայն հնարավորություններ է ընձեռում՝ առավել արդար վճիռներ հանելու:

ԱՌՅՈՒԾ - Թող խոսի:

ԳԱՅԼ - Շնորհակալ եմ, Արքա, դու միշտ փայլել ես քո արդարամտությամբ, բայց հիմա ես չեմ օգտվի քո շնորհած արտոնությունից՝ մեր բողոքը ներկայացնել այս վեհապանծ ատյանում, քանի որ ես ջահել եմ եւ լեզվիս ու մտքիս կարողություններով չեմ կարող փայլել, դրանից զատ՝ այստեղ է մեր ցեղի առաջնորդը՝ Գայլագիտական Ակադեմիայի պատվավոր անդամ, իմաստուն գայլ Ո՜ւ-Ո՜ւ-ն: Նա բոլորովին վերջերս մասնակցեց տայգայում կայացած միջազգային գիտաժողովին, որի թեման էր՝ «Զոհը եւ Ագրեսորը»: Նա այնտեղ հանդես եկավ դարակազմիկ զեկուցումով եւ հիմնավորապես շրջեց ցայսօր հաստատված պատկերացումները զոհի եւ ագրեսորի մասին: Խնդրենք, թող ձեզ ներկայացնի իր դրույթները:

ԱՌՅՈՒԾ - Այո, բայց կարճ, իմ ստամոքսն արդեն պահանջներ է ներկայացնում:

Ո՜Ւ-Ո՜Ւ (կաղալով, մի կերպ մոտենալով հարթակին) - Ես երկարաբան չեմ լինի, Արքա, պարզապես մի քանի կարեւոր հանգամանքների վրա կանգ կառնեմ: Նախ՝ ուշադրություն դարձնենք երեւույթի տնտեսական հայեցակետին: Ոչխարներն անհիշելի ժամանակներից ի վեր արածում են մեր տարածքներում: Նրանք ագահորեն խժռում են մեր խոտը, սուրսուր կճղակներով փորփրում հողը եւ ծածկում գարշելի կտտորով…

ԱՌՅՈՒԾ - Բայց դուք խոտաճարակ չեք, թող ուտեն…

Ո՜Ւ-Ո՜Ւ - Այո, մենք խոտաճարակ չենք, եւ այդ խոտը մեզ պետք չէ, բայց հիմա ո՞վ է ում ձրի բան տալիս, ուստի եթե մենք, իսկապես, անգութ ու անողորմ լինեինք, ինչպես ոչխարներն են մեզ ներկայացնում աշխարհով մեկ, այդ խոտի համար վարձ կուզեինք, ասենք, մեկ գառ՝ մեկ խուրձի դիմաց, եւ դա կհամարվեր շատ բնական:

ՇՆԱԳԱՅԼ- Ճշմարիտ է Ո՜ւ-Ո՜ւ-ն եւ մեծահոգի:

ԱՐՋ - Մեկ խուրձը քիչ է, թող լինի մեկ դեզի դիմաց:

Ո՜Ւ-Ո՜Ւ - Կարեւոր չէ՝ խուրձը, թե դեզը, այլ որ մենք մեծահոգաբար,
բացարձակապես անհատույց զիջում ենք մեր խոտը ոչխարներին եւ հետագայում էլ մտադիր ենք զիջել, բայց դուք հրաշալի գիտեք, թե փոխարենն ինչ ենք ստանում… Ամենաքսու բանսարկությունը մեր հասցեին…
Կենդանական աշխարհում մեծահոգության այսպիսի օրինակ կարո՞ղ եք բերել… Փորձեք կապիկների ծառերից թեկուզ մեկ բանան քաղել, նրանք տեղնուտեղը կբզկտեն ձեզ:

ԱՌՅՈՒԾ (մեկուսի) - Իրավացի է, այդ կապիկները պարզապես լկտիացել են, ափսո՜ս, որ համեղ չեն… 
դիմելով Ո՜ւ-Ո՜ւ-ին) - Հետո՞, հետո՞:

Ո՜Ւ-Ո՜Ւ - Հիմա անցնեմ բուն խնդրին, Արքա: Խոյը կամ, ինչպես Դուք բարեհաճեցիք արտահայտվել, ոչխարն իր ցեղին բնորոշ անամոթությամբ այստեղ հայտարարեց, թե ոչ մի վնաս մեզ չեն պատճառել: Այո, արտաքուստ այդպես է, նրանք իսկապես չեն հարձակվում, չեն կծում, չեն գողանում՝ չհաշված մեր արդար խոտի զանգվածային ոչնչացումը, մի խոսքով, ապրում են թվացյալ խաղաղաբարո կյանքով…

ԱՌՅՈՒԾ - Բա էլ ինչի՞ց եք բողոքում, ամբողջ աշխարհն ասում է՝ գառնուկի պես հեզ, ոչխարի պես անվնաս:

Ո՜Ւ-Ո՜Ւ - Դա պատրանք է, Տեր Արքա, ավելին, ստոր մի դավադրություն մեր՝ գայլերիս դեմ, եթե կուզեք իմանալ՝ նաեւ Ձեր դեմ…

ԱՌՅՈՒԾ (ամեհի մռնչոցով) – Ի՞մ դեմ, խոսիր, խոսիր, հետաքրքիր է:

Ո՜Ւ-Ո՜Ւ - Այո, Արքայից Արքա, ավելի շատ՝ Ձեր դեմ: Խոսեմ օրինակներով: Ենթադրենք, դուրս եք եկել զբոսանքի եւ հանկարծ, ասենք՝ բաց դաշտում, հայտնվում եք ընտրության առջեւ: Աջից եղջերուի թարմ, արյունածոր միսն է առատորեն դրված, իսկ ձախից՝ մեկ այլ եղջերուի լեշը…

ԲՈՐԵՆԻՆԵՐԸ (միաժամանակ)
- Ո՞ւր է, ո՞ւր է, ո՞ւր է…

ԱՌՅՈՒԾ (զայրացած) - Ի՞նչը ուր է:

ԲՈՐԵՆԻՆԵՐԸ (միաժամանակ)
- Լե՜շը, լե՜շը, Տեր Արքա, ԼԵ՜՜՜՜ՇԸ…

ԱՌՅՈՒԾ - Ձայներդ կտրե՛ք, անամոթներ, հենց ամենահետաքրքիր տեղում ընդհատեցիք: (Ո՜ւ-Ո՜ւ-ին) Շարունակիր, շարունակիր, այսպիսով, թա՜րմ, արյունածո՜ր միսը:

Ո՜Ւ-Ո՜Ւ - Այսպիսով, Տեր Արքա, Դուք պիտի ընտրություն կատարեք թարմ մսի եւ գարշաբույր լեշի միջեւ, բնականաբար, նախապատվությունը տալիս եք թարմ մսին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ միսն իր ախորժաբեր բույրերով, իր զգլխիչ արնահոտությամբ հարձակվեց ձեր զգայարանների վրա, այլ խոսքով՝ Դուք ագրեսիայի ենթարկվեցիք, այլ խոսքով՝ Դուք դարձաք եղջերուի թարմ մսի զոհը:

ԱՌՅՈՒԾ - Շա՜տ հետաքրքիր է, ասել է, թե՝ որքան ավելի թարմ ու համեղ, այնքան ավելի ագրեսիվ, հետո՞:

Ո՜Ւ-Ո՜Ւ - Իսկ մի՞թե իրավիճակը նույնը չէ մեր եւ ոչխարների պարագայում: Ես հիմա ծերացել եմ եւ կորցրել հոտառությունս, բայց երբ ջահել էի, անգամ կիլոմետրերի վրա ոչխարներից թարմ արնաբույր էի առնում, դա ինձ զրկում էր քնից, հանգստից, ես դառնում էի դյուրաբորբոք, պարզապես հիվանդ, այսինքն՝ տարածական ագրեսիայի զոհ: Այս իրադրությանը վերջին գիտաժողովում տարբեր անվանումներ տրվեցին, ասենք՝ թաքնված, աներեւույթ, նույնիսկ՝ ակամա ագրեսիա, սակայն գիտականորեն բնորոշվեց ու հաստատվեց որպես լատենտ ագրեսիա: Եվ դա ակամա չէ, այլ կատարվում է լիովին գիտակցված, կան-խա-մը-տած-վա՜ծ: Ոչխարներն արտաքուստ խաղաղաբարո են, բայց թաքուն, բոլորից աննկատ, գազաններին հունից հանող ագրեսիվ ալիքներ են ուղարկում, եւ մեզ ուրիշ ոչինչ չի մնում, քան ենթարկվել եւ դառնալ ոչխարների ստոր ագրեսիայի դժբախտ զոհը:

ՇՆԱԳԱՅԼԵՐ (միաձայն) - Առավել քան սպառիչ հիմնավորում:

ԲՈՐԵՆԻՆԵՐ, ԳԱՅԼԵՐ (միաձայն) - Մեղք ենք մենք, Արքա՛, փրկի՜ր մեզ ոչխարներից:

ԱՐՋ (թաթով փակել է ձախ աչքը) - Իսկ ես կրկնակի ագրեսիայի զոհ եմ, եւ ինձ պետք է հատուկ թոշակ հատկացվի, քանի որ մեղուները նախ ագրեսիվ նկատառումներով ինձ դյութում են իրենց մեղրով, հետո, երբ, ինչպես ասացի՞ք, հա՛, երբ լատենտ ագրեսիայի զոհ եմ դառնում եւ ստիպված ուտում եմ այդ մեղրը, մեղուները, ի տարբերություն ոչխարների, հանգիստ չեն մնում, այլ անգթորեն կծոտում են… Ահա, տեսեք, այսօր կծեցին, աչքս այնպես է ուռել, որ չեմ կարողանում բացել…

ԱՌՅՈՒԾ (ընդհատելով) - Մեղուները՝ հետո, առայժմ ոչխարների հարցն ենք քննարկում: Սկսում ենք մտքերի փոխանակությունը Ո՜ւ-Ո՜ւ-ի ելույթի շուրջ:

ԲԵԳԵՄՈՏ - Որքան հասկացա, ագրեսիայի պատճառ է դառնում ոչխարի մսի ախորժելի համը: Առաջարկում եմ փոխել համը, այդպիսով կվերանա ագրեսիայի պատճառը:

ԳԱՅԼԵՐ (միաձայն) - Ոչ մի դեպքում, համը մի՛ փոխեք:

ԱՌՅՈՒԾ (Աղվեսին, կիսաձայն) - Ոչխարի մսի համն այդքան լա՞վն է, երբեք չեմ փորձել, մեր կողմերում ոչխարներ չեն արածում:

ԱՂՎԵՍ - Հավի մսին, իհարկե, չի հասնի, Ձերդ նրբաքիմքություն, բայց արժե երբեմն-երբեմն ճաշակել, թեկուզ՝ այսօր:

ՈԶՆԻ - Առաջարկում եմ՝ ոչխարներին բրդի փոխարեն ծածկել փշերով:

ԳԱՅԼԵՐ (միաձայն) - Սրիկա՜ոզնի:

ԿՈՒՂԲ - Առաջարկում եմ ոչխարների ատամները սրել, իսկ կճղակները փոխարինել մագիլներով:

ԳԱՅԼԵՐ - Մենք քո համը դեռ չենք տեսել, երկկենցաղ արարած, բայց կտեսնե՜նք, այն էլ ինչպե՜՜՜՜ս:

ԲՈՐԵՆԻ - Առաջարկում եմ խաղաղարար ուժեր դնել գայլերի եւ ոչխարների շփման գծում, մենք պատրաստ ենք ամբողջությամբ եւ անշահախնդիր մաս կազմել այդ ուժերին եւ, հավատացեք, աչալրջորեն կհետեւենք, որպեսզի ոչխարներն այսուհետ չնեղացնեն գայլերին:

ՀՈՎԱԶՆԵՐ, ԸՆՁԱՌՅՈՒԾՆԵՐ, ԼՈՒՍԱՆՆԵՐ - Հրաշալի գաղափար է, մենք եւս կցանկանայինք մաս կազմել այդ ուժերին:

ԱՐԾԻՎՆԵՐ, ԲԱԶԵՆԵՐ, ԱԳՌԱՎՆԵՐ - Մեզ նույնպես ընդգրկեք, մենք վերեւից կհսկենք իրադրությունը եւ որեւէ վտանգավոր տեղաշարժի դեպքում Ձերդ արքայությանն անմիջապես կտեղեկացնենք:

ԿՈԿՈՐԴԻԼՈՍ - Ինձ չմոռանա՜ք, ես նույնպես ոչխարների ագրեսիայի զոհն եմ, նրանք գալիս եւ անհագորեն խմում են իմ ջուրը, նրանց պատճառով գետն արդեն ցամաքում է…

ԱՂԱՎՆԻ - Ես էլ կուզեի մաս կազմել, չէ՞ որ ես խաղաղության խորհրդանիշն եմ…

ԱՂՎԵՍ - Կներես, ստիպված ենք մերժել, խումբն արդեն կազմվեց, քեզ համար այլեւս տեղ չկա:

ԱՌՅՈՒԾ - Սիրելի գազաններ, շնորհակալ եմ ձեր եռանդուն մասնակցության եւ, մանավանդ, գործնական առաջարկների համար: Խաղաղարար ուժերի գաղափարն ինձ շատ հետաքրքրեց, մենք դա լրջորեն կքննարկենք եւ, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչենք: Իսկ հիմա, մինչեւ վճիռ հանելը, ատյանը կարիք ունի որոշ հարցեր ճշտելու: Դահլիճ եմ հրավիրում ոչխարների պատվիրակությանը:

ԱՂՎԵՍ - Պատվիրակություն առանձնապես չկա, Ձերդ ամենազորություն, Խոյն է, ահա, Ձեր դիմաց եւ հովվապահ շուն ծեր Բողարը՝ վերջին կարգում նստած:

ԱՌՅՈՒԾ - Հրաշալի է: (Խոյին) Վերջնական եւ անկողմնակալ վճիռ արձակելու համար ատյանը կարիք ունի համոզվելու, որ ոչխարի միսն իրոք համեղ է եւ, հետեւաբար, օժտված է գազաններին ագրեսիայի ենթարկելու հզոր ներուժով: Ուստի պահանջվում է հենց հիմա ատյանի քննությանը ներկայացնել երկու գառ:

ԽՈՅ - Գառներին ձեռք մի տվեք, Արքա, ես պատրաստ եմ իմ կյանքը զոհել հանուն մատաղ սերնդի:

ԲՈՐԵՆԻՆԵՐ - Անձնազոհության ինչպիսի՜ փայլուն դրսեւորում:

ԳԱՅԼԵՐ - Ավելի լավ, մեկ խոյը յոթ գառան քաշ ունի, այսօր բոլորիս բաժին կհասնի:

ԱՂՎԵՍ- (Գայլերին) Ախորժակներիդ քացա՛խ: (Ներկաներին) Արքայական ատյանը հեռանում է խորհրդակցության: Առյուծը, Խոյը եւ Աղվեսը դուրս են գալիս: Մթություն: Քիչ հետո հայտնվում են Առյուծն ու Աղվեսը:

ԱՌՅՈՒԾ - Սիրելի գազաններ, մանրակրկիտ, արդար ու անկողմնակալ քննությունից հետո, ատյանը համոզվեց, որ ոչխարի միսն իրոք օժտված է գազաններին ագրեսիայի ենթարկելու եւ հունից հանելու հզորագույն ներուժով, ուստի, ելնելով այդ անժխտելի փաստից, Մենք՝ Գերագույն Ատյանի Նախագահը, Արքայական երկու հրովարտակ ենք հրապարակում: Առաջին․ գայլերին շնորհել զոհի կարգավիճակ՝ դրանից բխող մի շարք արտոնություններով: Երկրորդ․ ոչխարներին համարել ագրեսոր եւ քսանչորսժամյա խստագույն հսկողություն սահմանել նրանց յուրաքանչյուր գործողությանն ու շարժումին: Դրանից զատ, պարբերաբար Մեր՝ Արքայական քննությանը ներկայացնել ոչխարի թարմ միսը՝ կանոնավորապես ստուգելու համար ագրեսիայի մակարդակը: Այդպիսով, մենք պատրաստ ենք մեր անձը վտանգի ենթարկել հանուն գազանների բարօրության: Ահա մեր արդար դատաստանը:

ԳԱԶԱՆՆԵՐ - Ապրած կենա մեր արդար արքա Առյուծը:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Հեղինակ՝ գրող, դրամատուրգ
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ