Ո՞վ է այն թեկնածուն, որը կարող է ընդունելի լինել բոլորի համար

Ո՞վ է այն թեկնածուն, որը կարող է ընդունելի լինել բոլորի համար

Որքան էլ Նաիրա Զոհրաբյանի ձեւակերպմամբ՝ Վազգեն Մանուկյանը մատաղ չէ, որ բոլորի համար ընդունելի լինի, այնուամենայնիվ արձանագրենք, որ կա մի ստվար զանգված, որը դեմ է Մանուկյանի անձին։ Իսկ կա՞ որեւէ անձ, որն ընդունելի է բոլորի համար եւ հանրային ավելի մեծ ընկալում ունի, քան Վազգեն Մանուկյանը։ 

 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի եւ քաղաքագետների հետ, սակայն դրանք երկրում մեծ դերակատարում ունեցող ուժեր եւ անձինք չեն։ Այդ հանդիպումներում ԱԺ նախագահը քննարկում է իրավիճակից դուրս գալու ելքերը։ Ո՞վ է Հայաստանի քաղաքական դաշտի ազնիվ, ոչ կոռումպացված, նախկին կապերից ու առնչություններից «ստերիլ» այն քաղաքական գործիչը, որն ընդունելի կլինի։ Հարցն ուղղեցինք ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանին։ Նա ասաց․ «Մենք չենք առաջնորդվում անհատներով, այլ՝ ծրագրով եւ այն իրականացնելու հնարավորության վերաբերյալ վստահությամբ։ Ի վերջո, մենք չենք որոշելու անձը, այլ՝ ԱԺ խմբակցությունները»։ Ի՞նչ պետք է ասի կամ անի թեկնածուն, որպեսզի ՔՈ-ն նրան կողմ լինի։

Պետք է «նկարագրի, թե ինչպես է կայունություն հաստատելու, ինչ ծրագրեր է իրականացնելու մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եւ խոստանա, որ դրանց չի մասնակցելու»։ Ի վերջո, ո՞րն է իրավիճակից ելք գտնելու ՔՈ դիրքորոշումը, եւ ո՞րն է նաեւ պետության երկրորդ դեմքի՝ Արարատ Միրզոյանի դիրքորոշումը։ Սուրեն Սահակյանն ի պատասխան ասաց․ «Հանդիպման ընթացքում իրավիճակի հանգուցալուծման մեր բոլոր պատկերացումները փոխանցել ենք։ Ճիշտ կլինի, որ իր դիրքորոշումների մասին ինքը խոսի»։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը՝ ոչ, հապա ո՞վ, ասաց․ «Այսօր անհատների խնդիր դրված չէ, ոչ մի անհատ չի կարող ամեն ինչ հանգուցալուծել։ Այսինքն՝ այս պահին ԱԺ այդ մեծամասնության վրա դրված է հանձնառություն՝ համակարգային եւ սահմանադրական ճանապարհով Հայաստանը դուրս բերել ճգնաժամից»։ Նարինե Դիլբարյանը հավելեց, որ մեկ օրակարգային հարցի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը խոսել է «իրենց նպատակադրման մասին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու», իսկ մինչ այդ՝ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու։ Խոսել է նաեւ փոփոխության ենթակա հարցերի մասին, որոնք վերաբերում են թե՛ նախընտրական շեմին, թե՛ ռեյտինգային ընտրակարգին։

«Բայց մենք, համաձայն չլինելով այդ ամենին, փաստեցինք այն, ինչ նոյեմբերի 25-ին էինք մեր հայտարարության մեջ նշել, որ միայն գործադիր իշխանության հեռացումը կարող է փորձել Հայաստանի պետականությունը բերել տրամաբանական եւ արդյունավետ ինչ-որ հանգրվանի»։ 
«Ժառանգություն» կուսակցության նախագահը հավելեց․ Հայաստանում առկա ճգնաժամը ցույց է տալիս, որ չի կարելի բացառել տարբեր քաղաքական ուժերի միջեւ երկխոսության հնարավորությունը, «որովհետեւ եթե բացառենք, ինչպես մենք առաջ բացառում էինք բանակցությունների վերսկսումը նախորդ կամ այլ ֆորմատներով Ադրբեջանի հետ, եւ հետո տեղի ունեցավ պատերազմ, եթե չկա երկխոսություն, ապա բախումների վտանգն ու պետության կազմաքանդումը դառնում են իրական։ Ուստի ԱԺ-ն, մեր համոզմամբ, պետք է վերացնի ե՛ւ ռազմական դրության մասին այս օրենքը, ե՛ւ իր մեջ ուժ գտնի՝ անվստահություն հայտնելու այս կառավարությանը, որից հետո՝ կառավարության ու վարչապետի հրաժարումից, պետք է սկսվի հանրային լայն քննարկում փոխընդունելի վարչապետի շուրջ»։ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ այդ վարչապետական անուններից եւ ոչ մեկը «Ժառանգության» համար բացառելի չէ։ Նույն Վազգեն Մանուկյանը եւ էլի մարդիկ կարող են լինել, որ կարող են գլխավորել ձեւավորվելիք ժամանակավոր կառավարությունը, որն էլ կնախապատրաստի ընտրությունները։ 

Արտահերթ ընտրությունների ի՞նչ ժամկետի մասին է խոսել Արարատ Միրզոյանը։ Նարինե Դիլբարյանի փոխանցմամբ, որպես առավել հնարավոր՝ գարնանը կազմակերպվելիք ընտրություններն են նախանշում։