Պետք է իրավունքի շրջանակներում ճնշում գործադրել դատախազի վրա

Պետք է իրավունքի շրջանակներում ճնշում գործադրել դատախազի վրա

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը մինչեւ երկուշաբթի ժամանակ է տվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ նա ձերբակալի Նիկոլ Փաշինյանին։ Նոյեմբերի 26-ին էլ Ղազինյանը, հիշեցնենք, հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պետական դավաճանության հոդվածով, որով, ըստ նրա, պետք է մեղադրանք առաջադրվի ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ մի շարք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ։

«Նոյեմբերի 26-ին ես իմ անունից ներկայացրի հաղորդում հանցագործության մասին՝ մեղադրելով մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, դա պետական դավաճանությունն է, ինչպես նաեւ վնասարարություն եւ պետական գաղտնիքի հրապարակում։ Հաջորդ օրն ստացանք պատասխան դատախազությունից, որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ։ Իմիջիայլոց, այդ քրգործի մասին կարծես թե հանրությունն այդքան էլ տեղեկացված չէր, իսկ քրեական գործի հարուցման համար առիթ էր հանդիսացել նախօրեին գեներալ Մովսես Հակոբյանի կողմից տրված հրապարակային հանցագործության մասին հաղորդումը, որ պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել՝ դադարեցնել զինված ուժերի լրահամալրումը, եւ առաջին կանոնավոր բանակի փոխարեն ուղարկվել են կամավորական ջոկատներ, ինչով պայմանավորված էլ՝ տեղի են ունեցել բանակի կազմալուծում, մարդկային մեծ թվով զոհեր եւ տարածքային կորուստներ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Արթուր Ղազինյանը։

- Պարոն Ղազինյան, քանի՞ պաշտոնատար անձ է ներգրավված Ձեր ներկայացրած այդ ենթադրյալ հանցագործության մեջ։

- Ուղղակի եւ անուղղակի՝ մոտավորապես 1213 պաշտոնատար անձ, իսկ ովքեր են անուղղակիորեն օժանդակել դրան, ապա դա կպարզի արդեն նախաքննությունը։ Ես անունները չեմ հրապարակի, որովհետեւ խոստացել եմ, որ դա մենք կանենք ամսի 21-ին, ժամը 14։00-ին, եթե, իհարկե, դատախազությունը չկատարի իր լիազորություններից բխող գործառույթներն ու գործողությունները, ապա կլինի արդեն նստացույց, որի ընթացքում մենք կշփվենք լրագրողների հետ եւ կներկայացնենք ամբողջ ցանկը։ Իմիջիայլոց, դատախազությունից մեզ պատասխանեցին շատ կարճ ժամանակահատվածում, ինչը գովելի էր, դա  խոսում է դատախազության որդեգրած քաղաքականության կառուցողականության մասին։ Մեզ ասացին, որ էս փուլում հրապարակման ենթակա չէ՝ նշելով, որ երեւի ժամանակը չի եկել դա հրապարակելու, նշեցին, որ արդեն իսկ ձեռնարկվել են եւ ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քրեական գործի լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու համար։ Նաեւ ասացին, որ կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մեր կողմից բարձրաձայնված հանգամանքները, այն է՝ հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ Նիկոլ Փաշինյանը, կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ Նիկոլ Փաշինյանը եւ այլն։ Արդեն մեկ ամիս է՝ հարուցվել է քրեական գործ, եւ այդ ժամանակը պարզապես մսխվել է, որովհետեւ հանրային ճնշում չի եղել։

- Դուք հիմա մինչեւ երկուշաբթի ժամանակ եք տվել, որ դատախազ Արթուր Դավթյանը ձերբակալի Նիկոլ Փաշինյանին։ Հույս ունե՞ք, որ նա կգնա այդ քայլին։

-Էստեղ հույսի խնդիր չէ, էստեղ իրավունքի, օրենքի եւ Սահմանադրության խնդիր է։ Եթե պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նշանակում է Հատուկ քննչական ծառայության պետին եւ անուղղակիորեն իր կառավարման տակ պահում քննչական մարմինը, եւ այնտեղ հարուցված քրեական գործը, որով նույն Նիկոլ Փաշինյանն անցնում է որպես պոտենցիալ կասկածյալ, ապա դա պետք է անհապաղ գտնվի Գլխավոր դատախազության անմիջական եւ ամենօրյա հսկողության ներքո։

- Բայց մենք տեսել ենք, թե ինչպես է դատախազությունը, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անձամբ տարբեր քաղաքական ենթատեքստ ունեցող դատավարություններում պաշտպանել մեղադրանքն ընդդիմադիր գործիչների դեմ։

- Ես Ձեր փոխարեն իրավիճակը կբաժանեի երկու մասի՝ այն, ինչ տեղի է ունեցել մինչեւ սեպտեմբերի 27-ը եւ դրանից հետո։ Այսինքն՝ բովանդակային առումով փոխվել են Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգների մասշտաբը, ծավալը եւ վտանգավորության աստիճանը։ Հետեւաբար, մենք գտնվում ենք բոլորովին այլ իրավիճակում, եւ դատախազությունը պետք է առավելագույնս ստանձնի ՀՀ-ում իրավակարգի պահպանության իր հիմնական գործառույթներից մեկը։

- Մեկ ամսից ավելի է՝ մենք գտնվում ենք մեր հայրենիքի մի զգալի մասը կորցրած պետության կարգավիճակում, դատախազության քայլերն այս ընթացքում Ձեզ մոտ հույս են արթնացնում, որ նա կգնա՞ Ձեր մատնանշած ճանապարհով։

- Տեսեք, ես երեկ իմ ելույթում նշեցի, որ դատախազը պետք է կանչվի մասնագիտական պատասխանատվության։ Այսինքն՝ էստեղ նաեւ կարեւոր է իրավաբանական հանրույթի միասնականությունը՝ իրավունքի շրջանակներում ճնշում գործադրել դատախազի վրա, որ կատարի օրենքով իրեն վերապահված գործառույթներն ու լիազորություններն արդյունավետ։ Հետեւաբար, մենք կապահովենք իրավաբանական եւ մասնագիտական հանրույթի պրոֆեսիոնալ ճնշումը՝ կատարել գործողությունները, եւ կտանք հնարավորություն դատախազին՝ գործել, կատարել քայլեր, որը կհանգուցալուծի ներքաղաքական ճգնաժամը։

- Կներեք, Դուք ի՞նչ վստահություն ունեք, որ Արթուր Դավթյանը, որն այս երկուսուկես տարվա ընթացքում բազմիցս մեղադրվել է Փաշինյանի քմահաճույքները կատարելու մեջ, պիտի պատերազմից մեկ-երկու ամիս անց «դարձի գա»։

- Ես վստահության մասին չեմ խոսել, ես չեմ ասել, որ վստահ եմ, թե դա այդպես կլինի։ Ես ասել եմ, որ մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որ այդպես լինի։ Հետեւաբար, մենք անելու ենք այն, ինչ խոստացել ենք, մնացածն արդեն դատախազի որոշելիքն է։