Վաղը ինչպե՞ս ենք կերակրելու Արցախի ժողովրդին, մի՞թե հումանիտար օգնությամբ

Վաղը ինչպե՞ս ենք կերակրելու Արցախի ժողովրդին, մի՞թե հումանիտար օգնությամբ

Զրուցել ենք Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ, պատգամավոր Մարսել Պետրոսյանի հետ։ 

- Արայիկ Հարությունյանը հայտարարեց ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու գործընթացի մեկնարկի մասին․ Դուք ներգրավվա՞ծ եք այդ պրոցեսին, թե՞ Ձեր կուսակցապետ Սամվել Բաբայանի հրաժարականից հետո այլ դաշտում եք դիրքավորվել։

- Արայիկ Հարությունյանի հրապարակային առաջարկությունների շուրջ մեզ հետ խոսակցություն չի ծավալվել։ Մեր տեսակետը բոլոր դեպքերում այն է, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Կապ չունի, թե ով է նախարարը, եթե գործառույթները չի կատարում, պետք է փոխվի՝ անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն էլ ունենանք։ Հիմա Արցախում դա չէ կարեւորը։ Ամենակարեւորն այն է, որ եթե այս իշխանությունը չունի ճանապարհային քարտեզ եւ չի առաջնորդվում դրանով, ինչպե՞ս պատկերացնենք այս ազգային համաձայնության կառավարությանը, եթե չգիտենք, թե ինչն են համաձայնեցնում, եւ ինչի շուրջ է կայանում համերաշխությունը։ Մեզ համար այսօր գոյություն ունի մեկ խնդիր՝ տեղահանվածների եւ փախստականների։ Պիտի հիմա լուծենք նրանց օթեւանի եւ մնացած հարցերը, այլ ոչ թե տուն-տունիկ խաղանք։

- Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, փախստականները վերադառնում են, Արցախի իշխանությունն էլ հոգում է բոլոր խնդիրները։

- Այդ էր պակաս, որ ֆինանսական աջակցություն էլ չլիներ։ Բայց այն, որ բավականին լուրջ է Ղարաբաղ վերադարձածների կացության խնդիրը, մտահոգում է բոլորիս։ Մենք ի զորու չենք նրանց կացարաններով ապահովել, որովհետեւ չկան այդ քանակի։

- Ասվեց, որ պետությունը չբնակեցված տները վարձակալել է եւ անժամկետ տրամադրել փախստականներին։

- Մի քանի հարյուր նման տուն կար, բայց դա բավարար չէ, սա աղետալի վիճակ է ստեղծել, թունելի վերջում լույսը չի երեւում։

- Իսկ կա՞ն տվյալներ, թե այս պահին որքան մարդ ունի կացարանի խնդիր։

- Ես վիճակագրության չեմ տիրապետում, բայց բավական է դուրս գալ փողոց, որտեղ մարդիկ առավոտից երեկո, ընկած վարձով տներ են փնտրում, բայց չեն գտնում, ու շարունակում են ծանոթների, բարեկամների հետ համատեղ ապրել։

-Վերադառնանք համաձայնության իշխանության ձեւավորմանը․ դուք ինչո՞ւ եք ստվերում մնացել, չե՞ք ցանկանում Արայիկ Հարությունյանի հետ համագործակցել, թե՞ նա չի ցանկանում։ Գուցե դեֆակտո այլ իշխանությո՞ւն կա Արցախում՝ ի դեմս Վիտալի Բալասանյանի․ ԱՀ նախագահի վերջին ուղերձից նման տպավորություն կա։

- Մենք երբեք ստվերում չենք մնացել, մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք ժողովրդին, տեղահանվածներին։ Խնդիրն այն է, որ մենք ազգային համաձայնության կառավարության ձեւավորման անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ Արցախում ընդհանրապես անհամաձայնություն գոյություն չունի, բոլորս մտահոգված ենք նույն խնդիրներով։ 
Ինչ վերաբերում է իշխանությունն ԱԱԽ քարտուղարին փոխանցելուն, ես չունեմ նման տպավորություն։ Անցած 30 տարիների ընթացքում միշտ էլ ԱԱԽ քարտուղարի կարծիքը հաշվի են առել, այսօր էլ ավանդույթները շարունակվում են։
Ցանկացած նախարար պետք է փոխվի՝ անկախ նրանից, թե քաղաքական որ ուժի ներկայացուցիչ է, եւ ինչ համաձայնություն է ձեռք բերվել։ Եթե կառավարությունը չունի ճանապարհային քարտեզ եւ չի պատկերացնում, թե ինչպես պետք է լուծի հայրենիքի առջեւ ծառացած խնդիրները, հստակ ժամկետներ չի դնում, ուզում եք՝ ամեն օր կառավարություն փոխեք, բան չի փոխվի։ Մեր պահանջը, առաջարկը հետեւյալն է՝ պատրաստեք այդ քարտեզը, եկեք միասին քննարկենք, թե երկիրն ուր է գնում եւ ինչ ուղղությամբ, մենք ՀՀ մա՞ս ենք կազմելու, ինչ-որ այլ պետության մանդատի տա՞կ ենք մեր գործունեությունն իրականացնելու, ինչպե՞ս է լուծվելու այն կենսական տարածքների հարցը, որոնցից մենք զրկվել ենք, փաստորեն, մենք զրկվել ենք արոտավայրերից, անտառներից, ջրային ռեսուրսներից, հացահատիկային դաշտերից, մենք չգիտենք, թե վաղն ինչպես ենք կերակրելու Արցախի ժողովրդին՝ մի՞թե հումանիտար օգնությամբ։

-  Ո՞րն է Արցախի ապագայի  Ձեր տեսլականը։

- Դե, պիտի քննարկենք։ Այս պահին գլխավորը ժողովրդի խնդիրներին լուծում տալն է, իսկ դա գիտեք, որ ոչ բոլոր առումներով է կախված ՀՀ-ից ու Լեռնային Ղարաբաղից, ուստի մեծադղորդ արտահայտություններ թույլ տալու իմաստ չեմ տեսնում։

- Իսկ ումի՞ց է կախված։

- Կա եռակողմ պայմանագիր, որի տակ ստորագրողը չգիտեմ՝ որքանով է իրավասու եղել Ղարաբաղի անունից ստորագրելու, կա միջազգային հանրություն եւ այլն, եւ այլն։

- Արցախի նախագահը չհանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ ՌԴ համանախագահի բացակայության փաստարկով․ ինչպե՞ս կմեկնաբանեք։ Վտանգվա՞ծ է այդ ձեւաչափը։

- Բոլոր դեպքերում, բոլոր տեսակի բանակցությունները եթե դրական արդյունք էլ չեն ունենում, բացասական էլ չեն ունենա։

- ԱՀ նախագահի այդ քայլը մեկնաբանվեց այսպես․ արդեն Ռուսաստանն է թելադրում բոլոր գործընթացները, ու վերջնահանգրվանն այն կլինի, որ Արցախը կդրվի ՌԴ մանդատի ներքո։

- Ես կարծում եմ, որ Ռուսաստանն այս պահի դրությամբ Արցախում միայն խաղաղապահական հարցեր է լուծում, թե առաջիկայում ինչ կլինի, ես չեմ կարող ասել։ Պետք չէ ամեն բան բարդել ՀՀ-ի եւ ՌԴ-ի վրա, դա նշանակում է, որ մենք մեր գործառույթները չենք կատարում կամ վատ ենք կատարում։
Ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խումբը հարց լուծող չէր, նա ուներ իր առաջարկները, այսօր էլ եթե անգամ չի հանդիպել ԱՀ ղեկավարությանը, բոլոր դեպքերում, կարող է իր առաջարկները ներկայացնել։ Բացի դրանից, պատերազմի ընթացքում մենք բազմիցս դիմեցինք միջազգային կազմակերպություններին, բայց նրանցից եւ ոչ մեկը չցանկացավ միջամտել, դադարեցնել ռազմական գործողությունները։ Ինձ թվում է, որ ՄԽ-ն պետք է վերանայի իր գործողությունները, վերաբերմունքը։

- Մենք կտրում ենք կապը Մինսկի խմբի հետ, բայց չի ապահովվում մեր անվտանգությունը, Հին Թաղեր եւ Խծաբերդ համայնքների իրադարձությունները ցույց տվեցին, որ եռակողմ համաձայնագիրը չի պահպանվում, եւ ռուս խաղաղապահների վրա հույս դնել պետք չէ։

- Այդ հարցերին պետք է պատասխանեն պաշտպանական գերատեսչությունները, իշխանական ավելի բարձր օղակները, որոնք հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։