Վարչապետին արջի ծառայություն են մատուցում

Վարչապետին արջի ծառայություն են մատուցում

Հայրենական երկու լրատվամիջոց (1in.am եւ lragir.am) Արցախի հարցում վարչապետ Փաշինյանին արջի ծառայություն են մատուցում՝ տեղեկատվա-քարոզչական դիմակայություն ձեւավորելով Ռուսաստանի նկատմամբ առհասարակ, այդ երկրի արտաքին գործերի նախարարության դեմ՝ մասնավորապես: Մեդիա տիրույթում նրանք անընդմեջ գեներացնում են Ապրիլյան, ինչպես նաեւ ապագա հնարավոր պատերազմի համար Ռուսաստանի բացառիկ պատասխանատվության թեման: Փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանն առանձնացվում է համանախագահ մյուս երկրներից եւ բացասական էներգիան, որ հանրությունն ունի «փուլային» տարբերակի կամ «տարածքների վերադարձի» նկատմամբ, ամբողջությամբ ուղղորդվում է դեպի Մոսկվա: Սա շատ անպատասխանատու եւ էապես վտանգավոր է:

Հայաստանում եւ Արցախում մարդիկ պետք է իմանան, որ ԼՂ կարգավորման գործընթացը, եթե երբեւեէ սկսվի, լինելու է փուլային: Եւ դա Ռուսաստանի քմահաճույքը չէ: ՌԴ արտգործնախարարությունը երեկ հիշեցրել է խնդրի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունները, որոնք սահմանում են կարգավորման, այսպես ասած, հայեցակարգը՝ հիմք ընդունելով Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշում: ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ կարգավորումը ենթադրում է ԼՂ  շուրջ տարածքների վերադարձ եւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշարկում բնակչության ազատ կամարտահայտությամբ:  

Այս անառարկելի իրողության համապատկերին հետեւողականորեն պնդել, որ Ռուսաստանն է Արցախի տարածքների «հանձնելու» մոդերատորը, եւ վարչապետ Փաշինյանը բանակցություններում նոր, ավելի բարձր նշաձողեր է սահմանում, նշանակում է առնվազն տեղեկատվական հարթությունում ռուս-հայկական դիմակայության անխուսափելիության տպավորություն ձեւավորել: Եւ պատահական չէ, որ ռուսական մեդիան ընդունում է «նետած ձեռնոցը» եւ հակադարձում ավելի ու ավելի խորքային շեշտադրումներով: Ըստ էության, երկու դաշնակից երկրների միջեւ ընթանում է նրբաքողարկված տեղեկատվական «պատերազմ»: Դրա միակ շահառուն Ադրբեջանն է, որ մշտապես ձգտել եւ ձգտում է ԼՂ հարցում սեպարատ համաձայնության գալ Ռուսաստանի հետ: Ռուսական քարոզչամեքենան, պետք է հասկանալ եւ ընդունել, անհամեմատ զորեղ, կազմակերպված եւ մեկ կենտրոնից ուղղորդվող է: Երեկ ԼՂ հարցով ամենաիրազեկ փորձագտներից մեկը՝ Regnum-ի մեկնաբան Տարասովը, շրջանառության է դրել ռուս-ադրբեջանական գաղտնի բանակցությունների թեման՝ բացահայտ նկատել տալով, որ եթե Հայաստանը ցանկանում է հեռանալ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, ապա Մոսկվան խնդիր չունի, ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնա, այն կզբաղեցնի Ադրբեջանը:

Հայկական հեղափոխության նկատմամբ Արեւմուտքի բացահայտ անտարբերության ֆոնին ռուսաստանցի իրազեկ քաղաքագետի ասածը հնչում է որպես «վերջին նախազգուշացում»: Իսկ վարչապետ Փաշինյանին արջի ծառայություն մատուցող լրատվամիջոցները հետեւողականորեն ակտուալացնում են ոչ միայն Արցախի, այլեւ Կարսի եւ Նախիջեւանի հարցում Ռուսաստանից պահանջատիրության գաղափարը: 1920թ. ամռանը բոլշեւիկյան Ռուսաստանը Հայաստանի Բյուրո-կառավարությանն առաջարկել էր հողային հարցերում միջնորդ լինել քեմալական Թուրքիայի հետ բանակցություններում եւ մերժվել: Օդում Սեւրի «հաղթական» շունչն էր թեւածում: Ինչ եղավ հետո՝ հիշեցնելու կարիք չկա: Մեկ դար անց գտնվում են «գիտուններ» եւ Հայաստանի վարչապետին ներշնչում Վիլսոնի իրավարար վճռին տեր կանգնել: Այս ժողովրդին մի խելագարությունը լիուլի պատժել է, երկրորդը կդնի Կովկասում հայ պետականության փլուզման սկիզբը: