«Սպայկան» իր գործունեությամբ խաթարել է տնտեսական մրցակցությունը ՀՀ-ում

«Սպայկան» իր գործունեությամբ խաթարել է տնտեսական մրցակցությունը ՀՀ-ում

Այս օրերին ընթանում է «Սպայկա» ՍՊԸ-ի գործով դատաքննությունը, որի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ  ապրիլի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը)։ Այդ ժամանակ էլ ընկերության աշխատակիցները կազմակերպեցին բողոքի ակցիաներ։
Արդեն մամուլում գրվել է, որ միրգ-բանջարեղենի մթերման շուկա է մուտք գործում «Բեստ-Ֆրութ» ընկերությունը, որի տնօրեն Արման Ամիրաղյանը գյուղացիներին հրավիրում է համագործակցության։ Գրվել եւ մտահոգություններ են հնչել այն մասին, որ այդ կերպ կարող է տեղի ունենալ սեփականության վերաբաշխում։

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը ուշադիր կարդացել է կառավարության ծրագիրը եւ այնտեղ չի հայտնաբերել սեփականության վերաբաշխման մասին որեւէ դրույթ։

«Կա խոսք սեփականության իրավունքների պաշտպանության մասին։ Սեփականության վերաբաշխմամբ առավել հայտնի էր նախկին իշխանությունը, որն իր մեթոդներով դա իրականացրել է։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Սպայկային», ապա կարծում եմ, որ ես էլ, Դուք էլ  լավ հասկանում ենք, թե նա ինչով է զբաղված եղել վերջին տարիներին։ Ես չգիտեմ, թե ում մեղավորությունն է, թող դատարանը զբաղվի դրանով, բայց այն տնտեսական գործունեությունը, որով զբաղվել է «Սպայկան», կարելի է բնորոշել հետեւյալ կերպ՝ իրավական դաշտից դուրս գործելը նրա համար ավելի ընդունված է եղել, ինչն էլ խաթարել է տնտեսական մրցակցությունը ՀՀ-ում։ Եվ սա չի կարելի հաշվի չառնել։ Առավել եւս՝ երբ գործ ունենք ռազմավարական, նույն միության տնտեսական-քաղաքական համագործակցությամբ խիստ կապված երկրի հետ։ Հուսով եմ, որ ամեն ինչ կլինի իրավական դաշտում»,- ասաց տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը հնարավորություն է տալիս ցանկացած գործարարի ազատորեն որոշել, թե ինչ պետք է անի, եւ այդ հարցում չկա որեւէ սահմանափակում։ Սակայն գործարարին գործիքակազմ տալու ընթացքը, ըստ նրա, դանդաղում է։ Եվ խոսքը տվյալ դեպքում Հարկային օրենսգրքի եւ ենթաօրենսդրական ակտերի մասին է։ Հետեւելով ԱԺ-ում Հարկային օրենսգրքի շուրջ  ընթացող քննարկումներին՝ տնտեսագետը դա  համարում է բացթողում։ 
Մեր դիտարկմանը, որ կառավարման փորձ ունեցող նախկին պաշտոնյաները, որոնք մեկ տարի առաջ ողջունում էին թավշյա հեղափոխությունը, այսօր պետք է իրենց դիտարկումները ներկայացնեն իշխանությունների թերացումների, բացթողումների մասին, Վահագն Խաչատրյանն արձագանքեց․ «Ես բավականին ակտիվ եմ, չորս-հինգ հոդված եմ գրել, մասնակցել եմ քննարկումների, իմ տեսակետները հայտնել եմ։ Մի խնդիր կա՝ կառավարությանը քննադատելիս պետք է հաշվի առնել, թե ինչ ժառանգություն է ստացել։ Երբ ես հիմա ուզում եմ համեմատել տնտեսական կյանքին վերաբերող անցյալ տարվա եւ այս տարվա տնտեսական ցուցանիշները, չեմ կարող դա համարել լիարժեք։ Այն տվյալները, որոնք ներկայացված էին նախանցյալ տարի եւ անցյալ տարի, իրական կյանքի հետ առնչություն չունեին։ Տնտեսագետները պետք է թվերը համեմատելու հնարավորություն ունենան, բայց մենք այդ հնարավորությունը չունենք, որովհետեւ նախկինում տարբեր նկատառումներից ելնելով ամբողջ տնտեսական կյանքը աղճատված է ներկայացվել»։

Վահագն Խաչատրյանը հիշեցնում է, որ հրապարակվել են  անցյալ տարվա հունվար-մարտ նախնական տնտեսական տվյալները, եւ, ըստ այդ տվյալների՝ տնտեսական աճի տեմպերը նվազել են։  Սակայն տնտեսագետը դրանից ելնելով՝ չի կարող ասել, որ կառավարությունը վատ է աշխատում։ Նա չի ընդունում, որ հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համեմատ կարող էինք 45 տոկոսով արտաքին առեւտրի աճ ունենալ։ 

«Երբ հարցադրումներ են անում, ես այստեղ վերապահում ունեմ, չեմ կարող մասնակցել քննադատությանը, որովհետեւ իրական պատկերը չունենք։ Երբ գա հունիս ամիսը, նախորդ տարվա հունիսի հետ համեմատած, ես կարող եմ իրական վիճակի գնահատական տալ, որովհետեւ հունիսից սկսած գնահատականի առումով օբյեկտիվությունն ավելի մեծացել է»,- նշեց տնտեսագետը։