Ինչու՞ ես քանդում անթև թռչունների բները․․․

Ինչու՞ ես քանդում անթև թռչունների բները․․․

Մի առիթով Մհեր Մկրտչյանն ասել է․ «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են, բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, մեկ առ մեկ»։ Սա խոսք չէ, հոգեբանության մի ողջ դասագրքի բովանդակություն ունի։ Սերը շռայլելու, բաժանելու, նվիրելու  մեջ է։ Այն պիտի տաս, որ ստանաս։ Ինչ տալիս, այն էլ ստանում ես։ Եթե սեր չես տալիս, եթե նվիրում ու անձնազոհություն չի լինում, անհնարին է դիմացինից պահանջել սեր։ Ատելությունն էլ սիրուն հավասար զգացում է, սիրո հակառակ երեսն է։ Նիկոլ Փաշինյանը, հատկապես վերջին տարիներին, ինքն իրեն հարցրած կլինի՝ ինչու՞ են մարդիկ այդքան ատում ինձ։ Ինքը գիտի, որ իր շրջապատն անգամ իրեն ատում է՝ շողոմ ժպիտների ներքո։ Այսօր նրան հրամցվող «սիրո ուրվանկարը» նման է ծտին կերակրելու հացի փշրանքների։

Դա իր ու իր հետ երկրաքանդ խմբակի ցուցադրական ներկայացումն է, որ թռչունին հացի փշրանքներ տալու փոխարեն, քանդում են անթև թռչունների բները։ Նիկոլ Փաշինյանը, եթե բեմից  իրական կյանք մտնի, կարող է հասկանալ, թե ինչու՞ են մարդիկ նրան այդքան ատում։ Բավական է վերհիշել Ֆրունզի խոսքը, սիրո փոխարեն օգտագործելով ատելություն բառը․ «Գիտեմ, որ մարդիկ ինձ ատում են, բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ ատում, մեկ առ մեկ»։

Երեկ լսում էի 96- ամյա տավուշցի տատիկի խոսքը, մեջբերումը ուղիղ չէ․  «Հայաստանը քեզ ի՞նչ է արել, որ այդքան ատում ես, մենք քեզ ի՞նչ ենք արել, որ մեզ հանձնում ես թուրքին»։ Սա հենց տատիի հարցի պատասխանն է։ Նիկոլ Փաշինյանն այսօր ատելության թույն է շնչում։ Մեկ առ մեկ ատում են նրան, որովհետև ինքը մարդկանց միայն ատելություն, թույն է բաժանել․․․ Ինքը նաբաթն առել բերանին և իրական գործողություններով լեղի է տվել մարդկանց․․․ Ո՞ր մի լեղին ու թույնը հիշեցնեմ․․․ Լենա տատիի խոսքը կընդհանրացնեմ՝ ինչու՞ ես քանդում անթև թռչունների բները։  Այս անթև տղերքը, որոնց թևերը կտրել ես, ասում են՝ հավաքվել ենք, որ մեր բունը փրկենք։ Փրկում են ոչ թե թշնամուց, այլ երկրի ղեկին նստածից։ Այդ թևերը՝ հանձինս մեր բանակի, մեր ուժայինների,  նա՛ է կտրել․․․