Որ բուհերն են ներառվել կրթական կլաստերում

Որ բուհերն են ներառվել կրթական կլաստերում

Ինչպես հայտնի է, ակադեմիական քաղաքի շրջանակներում խոշորացվող բուհերն ու գիտական կազմակերպությունները պետք է միավորվեն 5 հիմնական ուղղություններով, դրանք են՝ արվեստների, կրթական, բժշկական, տեխնոլոգիական եւ դասական ուղղությունները։

Այս մասով ձեւավորված ամենափոքր աշխատանքային խմբերը 2 կլաստերների ուղղությամբ են՝ բժշկական եւ կրթական։ Ի դեպ, կրթական կլաստերի մեջ ներառված է 3 բուհ՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը եւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։

Հենց այս ձեւաչափով ու համամասնությամբ էլ մեկուկես տարի առաջ սկսեց շրջանառվել բուհերի միավորման ծրագիրը, որին ամենաառաջինն ընդդիմացավ Բրյուսովի անվան համալսարանը, քանի որ թե՛ Բրյուսովը, թե՛ ֆիզկուլտինստիտուտը մանկավարժական կրթության հենքի հիմնավորման տակ պետք է միավորվեն Մանկավարժական համալսարանին։
Հիմա՝ մեկուկես տարի անց, աշխատանքային խմբում տեղ են գտել հենց այն 3 բուհերը, որոնց միավորման մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Ու չնայած Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հավաստիացումներին, որ սա ոչ թե բուհերի խոշորացման, այլ աշխատանքային խմբի ցանկն է, ապա, միեւնույն է, անգամ այս պարագայում այդ ցանկում պատահական բուհեր ներառված չեն, այլ նրանք, որոնք հետագայում ենթարկվելու են խոշորացման այդ ծրագրին: