ԱԱԾ սպաների ՀԿ-ն կունենա՞ քաղաքական ուղղվածություն

«Հրապարակը» դեռեւս ապրիլի 1-ին գրել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ։

Ապրիլի 15-ին գրանցվել է ԱԱԾ սպաների ձեւավորած հասարակական կազմակերպությունը, որը կոչվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ։ Կազմակերպության նպատակների մեջ է մտնում պահեստազորում գտնվող սպաների՝ հայրենիքի նվիրյալ զինվորների, բարձր հեղինակությունը պահպանելն ու դրան աջակցելը, սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ եւս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը եւ ոչ միայն։

ՀԿ-ի հիմնադիրներն են ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը եւ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Կազմակերպությունն արդեն նաեւ գրասենյակ ունի՝ Երեւանի Պուշկինի 19 հասցեում։ Մենք փորձեցինք Միքայել Համբարձումյանից մի քանի մանրամասն իմանալ իրենց հիմնադրած այս ՀԿ-ի մասին, թե էլ ինչ անուններ կան այստեղ, ինչ գործունեություն է ծավալվելու, արդյոք հնարավո՞ր է շարունակությունը լինի քաղաքական դաշտ մտնելը։

Նա, սակայն, տեղեկացրեց, որ մոտ օրերս, հավանաբար՝ մայիսի 7-ին, ասուլիս կտան, կներկայացնեն խորհրդի կազմը, հիմնադրման նպատակներն ու գործունեության ուղղությունները, ուստի չցանկացավ այս պահին շատ փակագծեր բացել։ Միայն նշեց, որ խորհրդի կազմում, բացի վերը նշված անձանցից, այլ գեներալներ էլ կլինեն, այդ թվում՝ հանրությանը հայտնի։ Հարցին՝ հնարավո՞ր է այս ՀԿ-ն վերջում քաղաքական ուղղվածություն ձեռք բերի եւ կուսակցության վերածվի, քանզի նման տեղեկություններ կան, պարոն Համբարձումյանն ասաց․ «Չէ, ես չգիտեմ, թե էդ տեղեկությունները որտեղից են ի հայտ գալիս, ես այդ տեղեկությունները չեմ կարող հաստատել։ ՀԿ-ն կոնկրետ նպատակներով է, կանոնադրությամբ արտացոլված են այդ նպատակները, այնպես որ՝ դրանք, էսպես ասած, անհիմն խոսակցություններ են»։