Որտեղ ինչքան փող կար թրաշելու, թրաշեցին տարան

Որտեղ ինչքան փող կար թրաշելու, թրաշեցին տարան

Գյուղատնտեսությունը մեր էկոնոմիկայի խորթ դուստրն է: Նախ նախարարությունը, որպես այդպիսին, վերացրին՝ այդ ճյուղի կառավարումը խցկելով էկոնոմիկայի նախարարության մեջ:

Հիմա էլ որոշել են ստորաբաժանումը, որը գյուղատնտեսության հարցերով էր զբաղվում Քերոբյանի ղեկավարած կառույցի ներսում՝ խորհրդատվության եւ մոնիթորինգի, նորարարությունների վարչությունն ընդհանրապես ոտքի տակ գցել, ոչնչացնել: 69 աշխատակիցներով հանդերձ, այդ վարչությունը կրճատում են՝ մարզային բաժինների աշխատողներին նետելով փողոց:

Սա օպտիմիզացիա է՝ ըստ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի, չնայած նախագծի բուն հեղինակը, ըստ նախարարին անձամբ ճանաչողների, դժվար թե ինքը լինի: Երեկ կառավարության շենքի մոտ էին այս վարչության մարզային կառույցների աշխատակիցները, բողոքում էին, որ նախարարը կադրային ջարդ է անում: Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ շենքի ներսում լրագրողներին համոզում էր, որ ոչ մի ջարդ էլ չի անում, այլ փորձում է լինել արդյունավետ եւ հարկատուների միջոցները ծախսել որքան հնարավոր է խնայողաբար:

«Բեկում» ՀԿ ղեկավար, սննդի անվտանգության մեթոդոլոգիայի վարչության նախկին պետ Արմեն Վարդանյանը, որը տարիներ առաջ զբաղվել է մարզերում գյուղատնտեսական խորհրդատվություն տրամադրող կառույցների բարեփոխմամբ, ասում է, որ դրանց բարեփոխման խնդիրը վաղուց է ծագել:

«Դեռ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ժամանակ ես զբաղվել եմ այդ մարմինների բարեփոխումներով: Այն ժամանակ ես գտնում էի, որ դրանք բյուջեից անիմաստ փող տանող կառույցներ էին: Սերժ Սարգսյանի ժամանակ կար մոտեցում, որ նախարարությունն ուզում էր մի մեծ գյուղատնտեսական ծառայությունների ՊՈԱԿ սարքել, որի մեջ կմտնեին անասնաբուժական, բուսաբուծության, այլ կառույցները, եւ այդ կառույցը ոչ թե կվերանար, այլ կմտներ այդ ՊՈԱԿ-ի մեջ: Այդ մարմինը մարզային մեծ կառույցներ կունենար, ըստ համայնքների, որտեղ կլինեին, ասենք՝ 4 ագրոնոմ, 5 անասնաբույժ, 6 բուսասանիտար եւ այդ թվում՝ նաեւ խորհուրդ տվող մասնագետներ, որոնք տեղում խորհրդատվություն կիրականցնեին գյուղացու համար:

Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում ծրագրերը փոխվեցին: Այն ժամանակ էլ կար ֆինանսավորման խնդիր: Ես կարծիք եմ ներկայացրել, որ լրիվ խուզել այդ մարմինները՝ չի կարելի, դրանք պետք է վերակազմավորել»,- ասում է փորձագետը: Մարզային խորհրդատվության մարմիններով, փաստորեն, լրջորեն զբաղվել են, մտածել են, ծանրութեթեւ արել: Այն ժամանակ կար գյուղատնտեսության աջակցության ԾԻԳ, որը սերմացու, պարարտանյութ էր տրամադրում գյուղացիներին, նաեւ՝ խորհրդատվություն: Բայց մարզային խորհրդատվության կառույցները չէին վերացնում ամբողջությամբ՝ հասկանալով, որ գյուղացուն պետք է պետության ներկայացուցիչ, ում ինքը կարող է դիմել: Դուք բացառո՞ւմ եք, որ Քերոբյանն արդյունավետ աշխատանք է ուզում, ինչպես ինքն է ասում:

«Չեմ կարծում, որ նրանք արդյունավետ աշխատանք են ուզում: Տրամաբանություն նրանց գործողություններում մի փնտրեք, մոռացեք, չի կարող նման բան լինել: Ավելի լավ է փնտրեք, թե այստեղից փող կրճատելով, որտեղ են ուզում այդ գումարներն օգտագործել,- պատասխանեց Արմեն Վարդանյանը։- Ոչ հեռու անցյալում, Կարեն Կարապետյանի օրոք, ծրագրեր կային, մարդիկ պարբերաբար հետեւում էին, նայում էին՝ ինչ խնդիր կա, ինչ է արվել: Հիմա հնից ինչ-որ կիսատ-պռատ բան մնացել է, դա են անում, իներցիայով, մեկ էլ՝ որտեղից որ տեսնում են՝ փող կա, կարելի է կմշտել, էդ փողը հանել, հանում են:

Վառելիքի ծրագիր էր, սերմի ծրագիր էր, հակահամաճարակային միջոցառումների, բուսասանիտարիայի, լաբորատոր փորձաքննությունների համար կային գումարներ: Հիմա չկան: Բոլորը հանված են: Որտեղ ինչքան թրաշելու ծրագիր կար, թրաշեցին տարան, մտցրին բյուջեի տակ: Այլ տրամաբանություն չկա»: