Ինչու է համառում ԿԳՄՍՆ-ն՝ աղմկահարույց դասագրքի հետ կապված

Ինչու է համառում ԿԳՄՍՆ-ն՝ աղմկահարույց դասագրքի հետ կապված

Նախօրեին «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դպրոցական 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի առնչությամբ 19 գիտնական պատմաբանների կողմից կազմված ծավալուն մասնագիտական եզրակացություն էր հրապարակել։ Աղմկահարույց դասագրքի հետ կապված բացասական կարծիքների պակաս կարծես թե չի զգացվում։ Սակայն Հայաստանի կրթության ոլորտը կարգավորող պետական գերատեսչական մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, շարունակում է անտեսել այդ կարծիքները՝ համարելով, որ սխալաշատ եւ դասագիրք կոչվելուց բավականին հեռու ձեռնարկը պետք է շարունակի մնալ դպրոցներում, որով պետք է շարունակեն դպրոցականները պատմություն ուսանել։ Առհասարակ՝ իշխանությունը «չկոտրվելու» գողական պահվածք է դրսեւորում գրեթե ամեն ինչում․ չընդունել սեփական սխալն ու համառել՝ ցույց տալով, թե իբր քեզ քննադատողները փոքրամասնություն են, եւ նրանց կարծիքն էական չէ։

Սակայն մասնագիտական հարցերը թողնելով մի կողմ, մի քանի արձանագրում անենք․ 

• Պատմագիտությունը՝ որպես գիտության ճյուղ, չափազանց նրբազգաց մոտեցման կարիք ունի, որովհետեւ նույնիսկ ամենափոքր սխալմունքը կարող է խնդիրներ ստեղծել պատմական, համազգային հարցերում եւ ծանր հետեւանքներ ունենալ։ Հատկապես այժմյան մեր անհանգիստ ժամանակներում, երբ պատմության վերաշարադրման, սրբագրման կամ նույնիսկ ուրիշի պատմությունը յուրացնելու փորձերը կարծես դառնում են սովորական բան շատ երկրներում, նույնիսկ՝ պետական քաղաքականության մաս։ 

• Պատմագիտությունն այն գիտաճյուղն է, որը նաեւ ցանկացած երկրում, ցանկացած հասարակությունում ունի կրթադաստիարակչական նշանակություն եւ, որպես այդպիսին, չի կարող լինել բարձիթողի վիճակում։ Հայաստանում, Միացյալ Նահանգներում թե այլ երկրում այդ երկրի պատմությունը միայն զուտ թվեր, անուններ, դեպքեր ու իրադարձություններ չեն, այլ դրանց իմաստավորումն է կարեւոր, դրանցից դասեր քաղելը, սեփական ինքնության՝ դրանց հիման վրա կերտումը։ 

• Պատմագիտության մեջ միշտ էլ եղել են եւ կարող են լինել այլընտրանքային տեսակետներ, սակայն դրանք երբեք չեն կարող դառնալ տիրապետող կամ պետական քաղաքականության մաս, եթե հակասում են տվյալ պետության ազգային շահերին, տվյալ պետության հասարակության ինքնության ձեւավորման հենքին։ 
Այս թեզերը կարելի է անվերջ թվարկել, սակայն երեք միտքն էլ բավարար է, որպեսզի պարզ դառնա, որ եթե ոլորտի ազդեցիկ գիտնականների կողմից որեւէ դասագիրք համարվել է մասնագիտական տեսանկյունից ոչ պիտանի՝ պետական հանրակրթական դպրոցում որպես դասագիրք ծառայելու համար, ապա ԿԳՄՍ նախարարության համառությունն առնվազն տարօրինակ կարող է համարվել, եթե, իհարկե, ավելի խորքային պատճառներ չորոնենք այդ համառման ետնապլանում։ 

• Եթե, ամեն դեպքում, քննադատված դասագիրքը շարունակի մնալ դպրոցներում, ապա կարող ենք արձանագրել, որ իշխանությունների կողմից փորձ է արվում հայկական ինքնության «սողացող կազմաքանդում» իրականացնելու եւ նոր ինքնություն ձեւավորելու՝ օգտագործելով նաեւ պետական հանրակրթական ոլորտը։ Այստեղ արդեն անելիք ունեն ծնողները։ Եթե ծնողը չի ուզում, որ իր երեխան այդ դասագրքով սովորի, իսկ ուսուցիչները հրաժարվում են դրանով դասավանդել, ապա պարզապես պետք է ունենալ կամք՝ միավորվելու եւ հայտարարելու համահայաստանյան դասադուլ։ Խնդիրն այստեղ հայկական ինքնությանն է առնչվում, եւ չի կարող հենց այնպես ցանկացած սիրողական ձեռնարկ «սղղացվել» դպրոց՝ որպես դասագիրք։ Հետո սկսեն սխալների ուղղում անել, նամակներ գրել ուսուցիչներին, խոստանալ, որ հաջորդ տարի վրիպակներն ու թերությունները կշտկեն եւ այլն: