Առաջընթացն ակնհայտ է, սակայն...

Առաջընթացն ակնհայտ է, սակայն...

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը հրապարակեց այն արտասովոր, ռեկորդային ձեռքբերումները, որ հայ մարզիկների մասնակցությամբ գրանցվեցին կարեւոր մրցումներում: Պարզվեց, որ այս տարի հայ մարզիկները նվաճել են 426 մեդալ` 117 ոսկե, 118 արծաթե եւ 191 բրոնզե մրցանակներ, ինչը, բնականաբար, չի կարող չուրախացնել, մանավանդ որ Երեւանն է դարձել միջազգային խոշոր մրցումների անցկացման ասպարեզ: Բայց վերոհիշյալ թվերն այսօր «թարմացման» կարիք ունեն` չէ՞ որ այս շաբաթ աներեւակայելի ցուցանիշ գրանցվեց հենց Երեւանում անցկացված ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունում: 60 երկրների մարզիկների մասնակցությամբ այդ լուրջ ստուգատեսում էլ արձանագրվեց բավականին բարձր արդյունք` Հայաստանի պատվիրակները հիանալի հանդես եկան՝ նվաճելով 10 մեդալ, ինչը պարզապես բացառիկ ցուցանիշ է: Հայ բռնցքամարտիկներից չորսը` Վաղարշակ Քեյանը (48 կգ քաշային կարգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (75 կգ), ուղղակի հրաշալի անցկացրին իրենց բոլոր մենամարտերը եւ հռչակվեցին աշխարհի չեմպիոններ: Նրանց թիմակիցներ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ) դարձան արծաթե, իսկ Տիգրան Խաչատրյանը (80+կգ)` բրոնզե մրցանակակիրներ: 

Սա, անկասկած, նույնպես փայլուն նվաճում է, ինչը չի կարող հպարտությամբ չլցնել մեր սրտերը: Դրա հետ մեկտեղ կա մի հանգամանք, որը երկար տարիներ անհանգստացնում է շատերին: Խոսքը գնդակախաղի մասին է, որը բավականին ժամանակ գտնվում է, այսպես ասած, խաղից դուրս վիճակում, եւ նման զավեշտալի տեղապտույտն այսօր էլ շարունակվում է: Ճիշտ է, մի հուսո կայծ փայլեց, երբ երեկ իմացա, որ 2027 թվականին կայանալիք բասկետբոլի աշխարհի առաջնության որակավորման նախնական փուլի ծրագրով Հայաստան-Ալբանիա մեկնարկային հանդիպում է կայանալու եկող տարվա փետրվարի 25-ին: Գուցե սա զարկ տա ե՛ւ այդ, ե՛ւ ընդհանրապես խաղաձեւերի զարգացմանը, մանավանդ որ կես դար է անցել, երբ խաղային ասպարեզում գրանցվեց եւ մեր հասարակության շրջանում աննկարագրելի ոգեւորություն ու հպարտություն առաջացրեց «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթարշավը, երբ կաշվե գնդակի մեր անզուգական վարպետները կրկնակի նվաճման հասան` դարձան ԽՍՀՄ ե՛ւ չեմպիոն, ե՛ւ գավաթակիր: Ժամանակն է, վերջապես, փոխել այս իրավիճակը, մանավանդ որ գնդակով խաղերի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրասիրությունն ամենուր ու միշտ մեծ է եղել:

Իսկ հունիսի 14-ին Գերմանիայում կմեկնարկի եւ ուղիղ մեկ ամիս կշարունակվի ֆուտբոլի Եվրոպա-24 առաջնության եզրափակիչ մրցափուլը 24 ազգային հավաքականների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ առայժմ հայտնի են 21 մրցակիցներ: Մնացած երեքը հայտնի կդառնան գալիք մարտ ամսին` երեք ընտրական խմբերում ընդգրկված չորսական թիմեր նախ կանցկացնեն կիսաեզրափակիչ հանդիպումներ, ապա բախտավոր թիմին կորոշեն հաղթողների մասնակցությամբ կայանալիք վճռական մրցամարտերը: Անցած շաբաթ օրը առաջնության կազմակերպիչ երկրում` Գերմանիայում, կայացավ ընտրական վեց խմբերը ներկայացնող թիմերի վիճակահանությունը: Կանոնադրության համաձայն, մրցումները շարունակելու իրավունք կստանան խմբերում լավագույն ցուցանիշներ գրանցած երկուական թիմեր, ինչպես նաեւ բարձր արդյունքների հասած եւ երրորդ տեղը գրաված երեք հավաքականներ:

Ահա վիճակահանությամբ որոշված խմբերը.
A. Գերմանիա, Հունգարիա, Շոտլանդիա, Շվեյցարիա
B. Իսպանիա, Ալբանիա, Խորվաթիա, Իտալիա
C. Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբիա
D. Ֆրանսիա, Ավստրիա, Նիդերլանդներ եւ Ա. խմբում եկող գարնանը կայանալիք Լեհաստան-Էստոնիա եւ Ուելս-Ֆինլանդիա լրացուցիչ մրցաշարի հաղթող
E. Բելգիա, Ռումինիա, Սլովակիա եւ Բ. խմբում անցկացվելիք Իսրայել-Իսլանդիա ու Բոսնիա եւ Հերցեգովինա-Ուկրաինա մրցաշարի հաղթող
F. Պորտուգալիա, Թուրքիա, Չեխիա, Գ. խմբում նշանակված Վրաստան-Լյուքսեմբուրգ եւ Հունաստան-Ղազախստան մրցաշարում լավագույն ճանաչվածը:

Եվրաառաջնության խաղերն անցկացվելու են Գերմանիայի 10 քաղաքներում: Հետաքրքիր տվյալներ պարգեւավճարների մասին. ՈւԵՖԱ-ն առաջնության բոլոր 24 մասնակիցներին, որպես բոնուս, վճարելու է 9,25 միլիոն եվրո: Յուրաքանչյուր հաղթանակի համար, որպես պարգեւ, թիմերը կստանան 1-ական միլիոն, ոչ-ոքիի համար` 500 հազար եվրո, 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը` 1,5-ական միլիոն, 1/4` 2,5-ական միլիոն, կիսաեզրափակիչ` 4-ական միլիոն, եզրափակիչ` 5-ական միլիոն, իսկ չեմպիոնի պարգեւավճարը կկազմի 8 միլիոն եվրո: Եվս մի խրախուսանք` եթե չեմպիոնն իր խմբում հաղթի բոլոր երեք մրցակիցներին, կստանա 28,25 միլիոն եվրո:

Միսակ Նազարյան