Նիկոլի քարոզչական հնարքները

Նիկոլի քարոզչական հնարքները

Որքան էլ հայաստանյան ընդդիմությունը փորձի փակել նախկինների թեման, դա հնարավոր չէ: Նախ՝ այն պատճառով, որ դա գործող իշխանության կենսական էներգիայի աղբյուրն է: Նիկոլն էլ, բնականաբար, անընդհատ թեժ է պահելու այդ թեման՝ օգտվելով քարոզչական հնարքներից: Երկրորդ․ առաջին գործոնի առկայության պայմաններում մտածելու հետ խնդիր ունեցող շարքային քաղաքացիները նախկինների ներկայացուցիչներին, որպես ընդդիմադիրներ, անընդհատ տեսնում են հանրային հեռուստատեսությամբ: Ասվածը նշանակում է, որ նախկինների թեմայից ազատվելու միակ պայմանն այդ երկու գործոնների վերացումն է: Ինչն այսօր, դժբախտաբար, չունի կյանքի կոչվելու հնարավորություն: Ինչն էլ նշանակում է, որ գոնե հասարակության մակարդակում այդ թեման փակելու վերաբերյալ ընդդիմության առանձին ներկայացուցիչների առաջարկներն ընդամենը ցանկություն են եւ ոչ ավելի: Ինչը չեմ կարող չբարձրաձայնել, որքան էլ անձամբ նրանց նկատմամբ լինեմ դրականորեն տրամադրված:

Վերը նշված առաջին գործոնի հերթական դրսեւորումն Ազգային ժողովում ՀՀ վարչապետի աթոռին գտնվողի ելույթի՝ արդարադատությանը նվիրված հատվածն էր: Եվ նրա այն բողոքը, որ կոռուպցիայի (բնական է՝ նախկինների առումով) գործով դատավճիռներ չի տեսնում այն ժողովուրդը, որը 2018-ի հեղափոխություն է իրականացրել՝ դրանք տեսնելու «ամենամեծ ակնկալիքներով»: 44-օրյա խայտառակ պարտությունից հետո մեր երկրում անցկացված ընտրությունները՝ համապետական թե տեղական, ցույց տվեցին, որ այդ ակնկալիքները դեռեւս առկա են: Մարդիկ չեն գիտակցում, որ դատավճիռների հետ պետբյուջե լցվող միջոցները ոչ թե հասնելու են իրենց, այլ նման վճիռներ կայացնողներին եւ այդ գործերը դատարան հասցնողներին: Ինչը, ի դեպ, հպարտությամբ ընդգծել է նաեւ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը՝ խոսելով իրավապահների աշխատավարձերի կրկնակի եւ ավելի բարձրացումների մասին: Իսկ ոչ թե Արցախի կորստով, այլ ամանորյա հոգսերով մտահոգված միջին վիճակագրական հայաստանցուն հասնելու են միայն փշրանքներ:

Ասվածի համատեքստում անդրադառնամ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի առասպելի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի զավակի՝ օրերս ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Լեւոն Քոչարյանի խոսքին: 4 միլիարդ դոլարի եւ 36 միլիարդ դրամ պետությանը վերադարձնելու առումով քրեական գործի մասին խոսելով՝ վերջինս այդ թվերն օդից վերցված համարեց: Եվ չպատկերացրեց, որ ինքը հարվածել է հենց թիրախի կենտրոնին: Որովհետեւ այդ պահին մտահան էր արել ընդդիմադիր լրագրող եւ հասարակական գործիչ Փաշինյան Նիկոլի կողմից անընդհատ բարձրաձայնվող՝ «օդում պտտվող լուրերի» ֆենոմենը: Իսկ ի տարբերություն քաղաքական կյանք վերջերս մուտք գործած երիտասարդի՝ երբեմնի «դուխով» Նիկոլը հիանալի է տիրապետել գերմանական նացիզմի գաղափարախոսությունը զանգվածներին հասցնող անձի՝ դոկտոր Յոզեֆ Գեբելսի քարոզչական հնարքներից մի քանիսին: Որոնցից հատկապես այժմեական են «Քարոզչությունը պետք է ավելի շատ ազդի զգացմունքի, քան թե բանականության վրա», «Քարոզչությունը չի կարող լինել օբյեկտիվ, այն պետք է լինի սկզբունքորեն սուբյեկտիվ եւ միակողմանի» եւ «Քարոզչությունը բացարձակապես կապ չունի ճշմարտության հետ» բանաձեւումները: