Այն, ինչ կարելի է Նիկոլ Փաշինյանին, կարելի է ցանկացած ՔՊ-ականի

Այն, ինչ կարելի է Նիկոլ Փաշինյանին, կարելի է ցանկացած ՔՊ-ականի

«Բռնի տիրանում են ժողովրդի քվեին, սա է ժողովրդավարությունը»,- Ալավերդու համայնքապետարանի մուտքի մոտ հավաքված լրագրողներին ասում է Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը, ում ավագանու 14 ՔՊ-ական անդամներ անվստահություն են հայտնել: «ՀՀ-ում ժողովրդավարության, ՏԻՄ մարմինների գործունեության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում»,- խորհրդարանում ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: Բայց մի՞թե տեղի ունեցողի մեջ ինչ-որ զարմանալի բան կա, ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը կարողանա բռնաբարել ժողովրդավարությունը եւ բռնի տիրանալ ժողովրդի քվեին, իսկ Ալավերդիում նույնը չկարողանա անել եւ ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին ապօրինի հռչակել Ալավերդու նոր համայնքապետ:

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի են ունեցել համայնքապետի ընտրություններ, որտեղ «Ապրելու երկիր» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագրին» հավասար ձայներ է ստացել, սակայն ՀԱԿ-ի հետ կոալիցիա կազմելով` ձեւավորել է համայնքային իշխանություն: «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ն ունեին 14 ավագանի, իսկ ՔՊ-ն` 13, հիմա ՔՊ-ին հաջողվել է խոստումներով կամ սպառնալիքներով «Ապրելու երկիր» խմբակցության ավագանիներից մեկին իրենով անել, եւ մեծամասնության տեղերը փոխվել են: Ավագանիում ձայների հարաբերակցությունը փոխվել է, բայց ընտրության արդյունքները եւ դրա արդյունքում ձեւավորված կոալիցիան չի փոխվել: Ըստ էության, երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ոստիկանության եւ ուժային այլ կառույցների աջակցությամբ, չեղարկվեցին 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ընտրության արդյունքները, եւ Փաշինյանը միանձնյա համայնքապետ նշանակեց Ղումաշյանին: Ավագանու ապօրինի նիստը Փաշինյանի որոշումը հաստատելու անհաջող փորձ էր:

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ալավերդիում, հինգուկես տարի առաջ տեղի է ունեցել Հայաստանում, երբ բռնաբարելով ժողովրդավարությունը, ժողովրդի քվեն եւ սահմանադրական կարգը, իշխանությունը բռնազավթվեց Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի կողմից: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել էր Հանրապետական կուսակցությունը, որը ՀՅԴ-ի հետ կոալիցիա էր ձեւավորել: Ամենաքիչ ձայներով խորհրդարան անցած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ընդամենը 9 մանդատ եւ ճանաչել էր ընտրության արդյունքները: Բայց մեկ տարի հետո խորհրդարանական փոքրամասնությունը կարողացավ փողոցի ճնշման կամ այլ միջոցներով ստիպել, որ ԲՀԿ, ՀՅԴ եւ անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մի մասը քվեարկի ՔՊ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, ինչը հակասահմանադրական հեղաշրջման տիպիկ օրինակ է: Եվ անիմաստ է ասել, թե այդ ապօրինի իշխանազավթումից կես տարի հետո Փաշինյանը կազմակերպեց նոր ընտրություններ եւ օրինականացրեց իր իշխանությունը, որովհետեւ որեւէ կերպ հնարավոր չէ ոչնչացնել նախկինում գործած հանցագործության հետքերը, առանց դրա համար պատասխանատվություն կրելու: 2018 թվականին տեղի ունեցածի եւ երեկ Ալավերդիում կատարվածի ֆորմալ տարբերությունն այն է, որ, այսպես կոչված, «ժողովուրդը» 2018 թվականին իշխանազավթների կողմն էր, իսկ Ալավերդու բնակիչները 2023-ին դեմ էին իշխանազավթմանը:

Բայց դա միայն արտաքին տպավորություն է, օրենքի եւ օրինականության տեսակետից այս երկու իշխանազավթումների միջեւ որեւէ սկզբունքային տարբերություն չկա, երկու դեպքում էլ ընտրությունների միջոցով ձեւավորված մեծամասնությունը ոչնչացվել է, բռնության, սպառնալիքների խոստումների ազդեցությամբ ձեւավորվել է նոր ապօրինի մեծամասնություն: 
Հայաստանում սահմանադրական կարգ գոյություն չունի, եւ այս պայմաններում խոսել ժողովրդավարության կամ օրինականության մասին, անիմաստ է: ԱՄՆ-ում եւս նախագահը չի ընտրվում ժողովրդի անմիջական քվեով` ընտրվում են ընտրիչներ, ովքեր ընտրիչների ընդհանուր ժողովում ընտրում են նախագահ: Բայց մի՞թե հնարավոր է, որ դեմոկրատների քվեով ընտրիչ դարձած որեւէ մեկն ընտրի հանրապետական նախագահ կամ հակառակը: Տեսականորեն անգամ անհնար է պատկերացնել, որ կայացած ժողովրդավարություն ունեցող որեւէ երկրի խորհրդարանում մեծամասնություն ունեցող խմբակցության անդամները մի պահ որոշեն քվեարկել այլ խմբակցության վարչապետի թեկնածուի օգտին: Եթե անգամ քվեարկեն, դա կլինի հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում: Այդ խորհրդարանը միանգամից կկորցնի իր լեգիտիմությունը եւ կլուծարվի:

Ակնհայտ է, որ նման դեմոնստրատիվ քայլերով Փաշինյանը Հայաստանում ոչնչացնում է ընտրական համակարգը, ոչնչացնում է ընտրությունների նկատմամբ հասարակության մոտ առկա վստահության վերջին փշրանքները: Նա ուզում է հասարակությանը ներշնչել այն միտքը, որ, անկախ այն հանգամանքից, թե ում են իրենք ընտրել եւ ապագայում ընտրելու, միեւնույն է` հաղթանակը եւ, հետեւաբար` իշխանությունը բաժին է հասնելու նրան, ում կորոշի ինքը: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի մասնակցել ընտրությունների, որտեղ քո ձայնը ոչինչ չի որոշում, երբ ի սկզբանե ամեն ինչ որոշված է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հիմա գնում նման քայլերի, չէ՞ որ Արկադի Թամազյանից իշխանությունը կարող էին խլել ավելի շուտ, կարող էին նրան ընդհանրապես թույլ չտալ ընտրվել համայնքապետ, օրինակ, նրան կալանավորելով, կամ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամին կարող էին մեկ տարի առաջ` 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ստիպել, որ քվեարկի ՔՊ թեկնածուի օգտին: Հնարավոր է, որ Փաշինյանն իսկապես պատրաստվում է հերթական անգամ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ճանապարհով: Նա արդեն 2 անգամ արտահերթ ընտրություններ է կազմակերպել եւ դրանց միջոցով երկարաձգել իր ապօրինի իշխանությունը: Մտածում է, որ նույնը կհաջողվի նաեւ երրորդ անգամ: Ինչպես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ էր Փաշինյանը համոզված, որ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 9-ը իր վարկանիշն այնքան ջախջախված կլինի, որ իր վերարտադրությունն էականորեն կդժվարանա, եւ քանի դեռ կա հնարավորություն, պետք է երկարաձգել պաշտոնավարման ժամկետը, այնպես էլ այժմ է համոզված, որ պետք է հասարակությանը թույլ չտալ մինչեւ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններ վերականգնվել, եւ ճիշտ կլինի արտահերթ կեղծիքով եւ բռնությամբ կոտրել առանց այն էլ ընկճված ու դեպրեսիվ հասարակությանը եւ հայտարարել սեփական իշխանությունը եւս 5 տարով երկարաձգելու մասին: Իսկ Ալավերդու դեպքերն ավելացնում են հուսահատության եւ անելանելիության մթնոլորտը:

Ավետիս Բաբաջանյան