Ինքն արդեն անոր ձեռքէն առել է․․․

Ինքն արդեն անոր ձեռքէն առել է․․․

Համազգային թատրոնն էլ ո՞նց է լինում։ Պարոնյանի Աբիսողոմ աղայի դրվագին նմանեցրի այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին պաշտոնից  ազատելն ու ժամեր անց նույն պաշտոնում նշանակելը։ Ի՞նչ է սա նշանակում։ Կտեղադրեմ այն հատվածը, երբ Աբիսողոմ աղան, նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը,  լրագրողներին,  խմբագիրներին հայտնում է, որ Աբազյանը ազատվել է պաշտոնից։ Կարծում եմ դա լիովին կբավարարի ձեզ՝ իմանալու,  թե ինչու՞ է Փաշինյանը ազատումը և նշանակումը այդպես թատերականացրել։ Լսենք Աբիսողոմ աղայի ու ազգային պատվավոր լրագրողի զրույցը․ 

- Շատ լավ, իմ անունս ալ գրեցե՛ք, ես ալ պատվավոր ազգային մ՚ եմ։ Մեր քաղքին մեջ արտերու, եզերու, կովերու և ագարակներու տեր եմ․․․ Ասոնք ալ գրե՛,- ըսավ այնպիսի դեմքով մը, որ կը հայտներ, թե մեծ շահ մ՚ուներ այս խոսքերուն հրատարակությանը մեջ։ 
- Հոգ մի՛ ընեք․ խղճի և արդարության պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ։ 
-Երկու երեք հատ սպասավոր ալ ունիմ․․․ անոնք ալ լրագրույդ մեկ կողմը կրնա՞ս անցունել։ 
-Ինչո՞ւ չէ։ 
-Ոսկիե ժամացույց և շղթա ալ ունիմ, բայց շոգենավուն մեջ չգողցնելու համար վրաս չառի․ անոնք ալ գրել պե՞տք է,- հարցուց Աբիսողոմ աղան, որ բոլորովին մոռցած էր սնտուկները։ 
-Ատոնք գրելու հարկ չկա։ 
-Շատ լավ, բայց մյուս ըսածներս լրագրույդ մեջ ամենեն առաջ դիր, որ կարդան։ 
-Այնպես ընելու միտք ունիմ։ 
- Խոշոր գրերով գրե՛։ 
- Հանգիստ եղեք․ ամենեն խոշոր գրերով։

Հիմա անցնենք ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին պաշտոնից ազատմանը։ Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումը պայմանավորված էր օրենքի փոփոխություններով։ Դեկտեմբերի 22-ին ԱԺ ընդունած փոփոխություններով ԱԱԾ տնօրենին և տեղակալներին նշանակելու և պաշտոնից ազատելու էր վարչապետը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին պետք է բոլորն իմանային, որ էլ ՀՀ-ում բան չմնաց՝ բոլորը ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։ Այդ պատճառով վերջինս ազատումն ու նշանակումը թատերականացնում է։ Որպեսզի այդ լուրը զանգուլակի նման խփի յուրաքանչյուր քաղաքացու ճակատին, նախ հայտարարում է, որ Աբազյանին ազատել է պաշտոնից։

Մարդիկ տարբեր մեկնաբանություններ են անում, որովհետև չգիտեին, որ  Ամանորին, երբ բոլորը խառնված էին տոնով, Ազգային ժողովը նման օրենք է ընդունել։ Եվ  ահա նոր հրաման՝ Արմեն Աբազյանը վերանշանակվում է ԱԱԾ պետ։

Եթե ազատման հրամանն առանձին չհնչեցվեր ու Աբազյանի ազատումն ու վերանշանակումը միատեղ հնչեր, մարդիկ չէին իմանա, որ Նիկոլ Փաշինյանը «Քաղքին մեջ արտերու, եզերու, կովերու և ագարակներու տեր է․․․ »։ Չէին իմանա, որ հանձինս Աբազյանի՝ «Ոսկիե ժամացույց և շղթա ալ ունի»։

Հանկարծ չմտածեք, որ նա Վահագն Խաչատուրյանինն է, ինքն արդեն անոր ձեռքէն առել է․․․